Տպել
12.03.2020
Աշխատանքային քննարկում «Դասագրքերի եւ տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի» ներկայացուցիչների հետ
1 / 10

Մարտի 12-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում «Դասագրքերի եւ տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի» ներկայացուցիչների հետ: Մասնակցել են հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, հանձնաժողովի անդամ Աննա Կոստանյանը, կրթության ոլորտի պատասխանատուներ, հայաստանյան տարբեր դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ:

Լիլիթ Ստեփանյանը ներկայացրել է աշխատանքային քննարկման անհրաժեշտությունը՝ նշելով, որ դեռեւս 2018թ-ին ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան որոշմամբ սահմանվել էին աշակերտների պայուսակների տարողության թույլատրելի կիլոգրամներն ըստ տարիքի՝ հաշվի առնելով ծանրությունից եւ անհարմարավետությունից առաջացող մի շարք առողջական հետեւանքները:

Հարցի վերաբերյալ «Դասագրքերի եւ տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը» հայաստանյան մի շարք մարզերում կատարել է մշտադիտարկումներ. ծնողների գնահատմամբ՝ պայուսակի մինիմում քաշը կազմում է 6 կգ, որի գերակշիռ մասը դասագրքերն են: Այն հարցին, թե ինչպիսի պայուսակներ են նախընտրում գնել, ծնողները հիմնականում պատասխանել են՝ հարմարավետ, որակյալ: Հարցվածների քիչ մասն է միայն պատասխանել՝ օրթոպեդիկ:

Հիմնադրամի տնօրեն Գոռ Գասպարյանի խոսքով՝ դասագրքերը 2 մասի բաժանելու վերաբերյալ կարծիքները պարզելու եւ դրա արդյունավետությունը գնահատելու նպատակով Երեւան քաղաքի, Լոռու եւ Սյունիքի մարզերի 5-12-րդ դասարանների աշակերտների ծնողների շրջանում եւս անցկացվել է սոցոլոգիական հարցում: Արդյունքում հարցվածների 51 տոկոսը պատրաստ է եղել պայուսակի ծավալը նվազեցնելու նպատակով 2 մասից բաժանված գրքերի համար վճարել:

Քննարկման մասնակիցները ներկայացրել են առաջարկներ, մասնավորապես գրքերն աշակերտներին 2 օրինակից տրամադրելու վերաբերյալ՝ մեկ օրինակը դպրոցում թողնելու նպատակով: Առաջարկ է հնչել նաեւ դասագրքերի բովանդակությունը թեթեւացնելու վերաբերյալ:

Պատգամավորները հույս են հայտնել, որ բարձրացված հարցերը կստանան լուծումներ: