Տպել
20.03.2020
Քննարկվել են օրենսդրության կատարելագործմանն ուղղված հարցեր
1 / 7

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 20-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ հրավիրած հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենքներում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:

«ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Արթուր Դավթյանի եւ Աննա Կարապետյանի հեղինակած օրենքի նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ: Օրենսդրությամբ դատավոր դառնալու համար անհրաժեշտ է իրավագիտության բակալավրի ու մագիստրոսի որակավորման աստիճան: Հեղինակների առաջարկով՝ եթե թեկնածուն չունի մագիստրոսի որակավորում, ապա պետք է ունենա բակալավրի որակավորում եւ 15 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

Կառավարությունը հեղինակներին առաջարկում է վերոնշյալ խնդրին անդրադառնալ Դատական օրենսգրքի՝ գործադրի ներկայացրած փոփոխությունների շրջանակում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանի համար անընդունելի է մագիստրոսի որակավորում չպահանջելը, քանի որ կրթությունն ու աշխատանքային փորձառությունը տարբեր չափանիշներ են ենթադրում:

Պատգամավորներն իրենց ելույթներում խոսել են կրթության ոլորտի խնդիրների, մագիստրոսական որակավորման անհրաժեշտության մասին:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն առաջարկել է 15 տարվա աշխատանքային ստաժը դարձնել 10-ը տարի, ինչն էլ քվեարկությամբ ընդունվել է:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Առաջին ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի տեղեկացմամբ՝ նախագծով մասնավորապես առաջարկվում է խափանման բոլոր միջոցները դիտել որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոցներ: Բացի այդ, առաջարկվում է գրավը կիրառել ոչ միայն որպես կալանավորման այլընտրանքային, այլ նաեւ` որպես ինքնուրույն խափանման միջոց` կալանավորումից անկախ:

Կառավարության հեղինակած «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ:

Արդարադատության նախարարի խոսքով՝ օրենսդրական փաթեթն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ենթարկվել է փոփոխությունների:

Մի շարք օրենքների նախագծերի քննարկումները հանձնաժողովը հետաձգել է մինչեւ երկու ամիս ժամկետով:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն աշխատանքը կշարունակի մարտի 23-ին` ժամը 10:00-ին: