Տպել
20.03.2020
Հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ
1 / 8

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ,  Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովը մարտի 20-ին գումարել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` օրակարգում ունենալով «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է «2020 թվականի մարտի 20-ին գումարված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» ԱԺ որոշման նախագիծը, որով հարցի երկրորդ ընթերցումը կկազմակերպվի երկուշաբթի օրը` ժամը 11:00-ին:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանն օրենսդրական փաթեթը ներկայացրել է առաջին ընթերցման ընթացակարգով: Նա փաթեթի մշակման եւ ընդունման անհրաժեշտությունը պայմանավորել է երկրում հայտարարված արտակարգ դրությամբ: Նախագծերով առաջարկվում է արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում սահմանել վարչական պատասխանատվություն` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով: Մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով մինչ 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով:

Նախատեսված լրացմամբ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելը կառաջացնի տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Էդմոն Մարուքյանը: Ըստ խմբակցության ղեկավարի՝ անհրաժեշտ է պարզաբանել, թե կոնկրետ ինչն է խուճապ առաջացնում: Նա ներկայացրել է այն երկրների ցանկը, որտեղ արտակարգ դրության ժամանակ գրաքննություն չկա: Էդմոն Մարուքյանը բարձրացրել է վարկառուների հարցը, ովքեր հայտնվել են անհաղթահարելի իրավիճակում: Նա նշել է, որ օրինագիծն իրավական կարգավորումների կարիք ունի, ուստի խմբակցությունը կներկայացնի գրավոր առաջարկներ:

Եզրափակիչ ելույթում Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանն անդրադարձել է պատգամավորների հնչեցրած հարցադրումներին եւ շեշտել, որ րոպե առ րոպե իրավիճակից ելնելով պահանջները փոխվում են:

Օրենքի նախագծին կողմ է քվեարկել 102 պատգամավոր: Խորհրդարանն արտահերթ նիստի աշխատանքը կշարունակի մարտի 23-ին՝ ժամը 11:00-ին:
 


20.03.2020
Կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Մարտի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը որոշում է ստորագրել.Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության Կառավարության նախաձեռնությամբ 2020 թվականի մարտի 20-ին` ժամը...

20.03.2020
Քննարկվել են օրենսդրության կատարելագործմանն ուղղված հարցեր
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 20-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ հրավիրած հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենքներում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օր...

20.03.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...