Տպել
24.03.2020
ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 31

ՀՀ Ազգային ժողովը մարտի 24-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը՝ հաստատելով նստաշրջանի եւ մարտի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը:

Մինչ օրենսդրական աշխատանքներն սկսելը՝ պատգամավորները քննարկել են հայտարարված արտակարգ դրության պայմաններում ՀՀ ԱԺ նիստ անցկացնելու նպատակահարմարությունը:

Նիստի աշխատանքը դադարեցնելու առաջարկով հանդես է եկել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Քննարկման արդյունքում խորհրդարանը նպատակահարմար է համարել շարունակել հերթական նիստերի աշխատանքը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության hեղինակած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Ըստ փոխնախարարի՝ նախաձեռնությունը պայմանավորված է հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքի՝ ցեմենտի, ներքին արտադրությունը խթանելու եւ ներմուծվող ու տեղում արտադրվող ցեմենտի համար հավասար մրցակցային դաշտի շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ:

Կառավարությունն օրենսդրին առաջարկում է մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգել Իրանից Հայաստան ներմուծվող ցեմենտի համար սահմանված պետական տուրքի վճարման ժամկետը, որն այժմ սահմանված է մինչեւ ապրիլի 1-ը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը փաթեթի վերաբերյալ դրական էր, այն ներկայացրել է Հայկ Սարգսյանը:

Հաջորդիվ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասինե օրենքի նախագիծը:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծում փոփոխություններ չեն կատարվել: Նախագծով առաջարկվում է այդ մարմնին վերապահել բնագավառի գործունեությունը կարգավորող քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական հաստատման լիազորություն:

Հարցի վերաբերյալ ՀՀ ԱԺ տնտեսական հացերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որի ընդունումից հետո հիմնադրամները հնարավորություն կունենան իրենց հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնել Պետական եկամուտների կոմիտեի կայքէջի համապատասխան հարթակում եւ կվերանա Azdarar.am-ում դրանք հրապարակելու անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Դավիթ Անանյանի ներկայացմամբ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը լրամշակվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանի եւ Կառավարության առաջարկների հիման վրա: Նախագծի նպատակը հասարակական կազմակերպությունների հաշվետվությունների հրապարակմանն է վերաբերում նաեւ այն դեպքում, երբ նրանք ֆինանսական միջոցներ են ստանում նաեւ մասնավոր հատվածից: Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի խուսափել օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած տարընթերցումներից, ինչպես նաեւ հանրությանը հասանելի կդարձվեն հասարակական կազմակերպությունների հաշվետվությունները:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արթուր Հովհաննիսյանը՝ նշելով, որ նախագիծը քննարկվել է նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Մանե Թանդիլյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ապահովագրական հատուցումները» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ եթե ֆիզիկական անձը հանդիսանում է ապահովադիր եւ հատուցման գումարն ստանում է ապահովագրության շահառու հանդիսացող բանկի կամ վարկային կազմակերպության կողմից» բառերով: Հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված են եկամտային հարկի գծով նվազեցվող եկամուտները, որոնց մասով եկամտային հարկ չի գանձվում: Դրանց թվում են ապահովագրական հատուցումները:

Իրավակիրառ պրակտիկայում առկա է հետեւյալ խնդիրը՝ բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի գրավ հանդիսացող անշարժ եւ շարժական գույքի գրավի ապահովագրության ժամանակ շահառու է հանդիսանում բանկը կամ վարկային կազմակերպությունը, իսկ ֆիզիկական անձ վարկառուն` ապահովադիր:

Ապահովագրական դեպք տեղի ունենալուց հաճախ բանկերը եւ վարկային կազմակերպությունները որոշում են հատուցման գումարը տրամադրել վարկառուին եւ ոչ թե ուղղել վարկի մարմանը՝ հաշվի առնելով վնասի փոքր ազդեցությունը գրավի վրա եւ հաճախորդի կողմից վարկային պարտավորությունների պատճաշ կատարումը:

Այս դեպքում, սակայն, հատուցումն ստանում է բանկը, ու գումարը փոխանցվում է վարկառուին եւ, հետեւաբար, ստացված գումարը չի հանդիսանում ապահովագրական հատուցում ֆիզիկական անձի համար, այն ենթակա է լինում հարկման եկամտային հարկով:

Հեղինակը նպատակահարմար է համարում նվազեցվող եկամուտ համարել նաեւ այն դեպքերը, երբ ֆիզիկական անձը հանդիսանում է ապահովադիր եւ հատուցման գումարն ստանում է ապահովագրության շահառու հանդիսացող բանկի կամ վարկային կազմակերպության կողմից:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի բացասական եզրակացության մասին հայտնել է Բաբկեն Թունյանը: Նա պարզաբանել է, որ բացասական եզրակացության պատճառը ընդունվելու դեպքում օրենքին հետադարձ ուժ տալուն է վերաբերում, ինչը տարբեր պատճառներով աննպատակահարմար են համարում թե՛ հանձնաժողովը, թե՛ Կառավարությունը:

Խորհրդարանը երկրորդ ընթերցումով քննարկել է ՀՀ կառավարության հեղինակած «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հեղինակած «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը եւ Կառավարության հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:

Կառավարության հեղինակած «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Ըստ բանախոսի՝ 2016 թվականի փետրվարի 14-ից իրականացվել է համայնքների միավորման 52 ծրագիր, ինչի արդյունքում 465 համայնքների միավորումից ձեւավորվել է 52 համայնք: Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման 2 ծրագիր ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո եւ Տավուշի մարզի Իջեւան համայնքային փնջերում: 21 համայնքների միավորման արդյունքում ձեւավորվելու է երկու համայնք: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխություններով վերոնշյալ համայնքներում 2020 թվականի հունիսի 14-ին կանցկացվեն համայնքների ղեկավարների եւ ավագանու անդամների ընտրություններ:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահե Ղալումյանը տեղեկացրել է, որ 2020 թվականի մարտի 12-ին տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ, որին մասնակցել են համայնքների, հասարակական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի պատասխանատուներ: Ներկայացնելով մանրամասներ խորհրդարանական լսումներում ծավալված քննարկումներից՝ Վահե Ղալումյանը նշել է, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել վարչատարածքային բաժանմանը վերաբերող կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նա առաջարկել է կողմ քվեարկել քննարկված նախագծերի փաթեթին:

Պատգամավորները մտքեր են փոխանակել խոշորացված համայնքների փորձին, ակնկալվող արդյունքներին, գյուղական համայնքների համերաշխությանը վերաբերող հարցերի շուրջ:

Եզրափակիչ ելույթում Վաչե Տերտերյանը, խոսելով արդյունավետ վարչատարածքային բարեփոխումների օրինակների մասին, ընդգծել է, որ մինչ այժմ տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում ունենք առավել արդյունավետ կառավարման համակարգ, էապես փոխված բյուջետային կարգապահություն եւ ֆինանսական հոսքերի կառավարման որակական տեղաշարժ:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Հարություն Բաբայանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ Կառավարության ներկայացրած «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթները:

«Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի հեղինակած օրենքի նախագիծը քննարկվել է առաջին ընթերցման ընթացակարգով: Նախագծով կընձեռնվի իրավական հնարավորություն սպորտի բնագավառում կնքելու աշխատանքային պայմանագիր արտասահմանից ժամանած օտարերկրյա պրոֆեսիոնալ կարգավիճակ ունեցող մարզիկների հետ, որից հետո նրանք կազատվեն աշխատանքի թույլտվություն ստանալու պարտադիր պահանջից:

Հարակից զեկույցում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արսեն Ջուլֆալակյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Պատգամավորը կարեւորել է նախագծի դրույթների տարածումը բոլոր մարզաձեւերի վրա:

Գործադիրի դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը: Կառավարության առաջարկներն ընդունվել են հեղինակի կողմից: Գործադիրը մասնավորապես առաջարկել էր աշխատանքի թույլտվության պահանջից ազատել ոչ միայն ֆուտբոլ մարզաձեւի մարզիկներին, այլ նաեւ պրոֆեսիոնալ բոլոր մարզիկներին:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցումով: Հիմնական զեկույցում ԱԺ պատգամավոր Արկադի Խաչատրյանը նշել է, որ փաթեթը մշակվել է դեռեւս 4 տարի առաջ, սերտ համագործակցություն է եղել ԿԲ-ի, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի եւ Արդարադատության նախարարության հետ: Նախագծի նպատակը հաճախորդների շրջանակի ընդլայնումն է. փաստաթղթով ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ ֆինանսական կազմակերպությունների դեմ բողոք կարող են ներկայացնել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող անհատ ձեռնարկատերերը եւ իրավաբանական անձինք, նաեւ այն ֆիզիկական անձինք, ովքեր երաշխավորություն են տրամադրել ֆինանսական կազմակերպություններին: Այդ կարգավորումը, ըստ պատգամավորի, առանձնակի կարեւոր նշանակություն ունի ՓՄՁ-ներին աջակցելու եւ դատական համակարգը բեռնաթափելու համար: Արկադի Խաչատրյանի խոսքով՝ կարեւոր քայլերից մեկը համակարգի կառավարման համապատասխանությունն է կորպորատիվ կառավարման միջազգային լավագույն սկզբունքներին: Նախաձեռնությունը նպատակ ունի լուծելու նաեւ ներկայացվող փաստաթղթերի ցանկին, վեճերի եւ բողոքների քննման ժամկետներին, գրասենյակի եւ հաճախորդների միջեւ հաղորդակցման ձեւերին վերաբերող հարցերը:

Հարակից զեկույցում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Եղիշե Սողոմոնյանը նշել է, որ նախաձեռնությունը համալիր փոփոխություններ է առաջարկում: Հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը նշել է, որ նախաձեռնությունը երկարատեւ քննարկումների փուլ է անցել՝ անհրաժեշտ համարելով դրա ընդունումը եւ առաջարկել խորհրդարանականներին կողմ քվեարկել:

Հարցի քննարկումը կշարունակվի խորհրդարանի մարտի 25-ի նիստում:

Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն` ՀՀ ԱԺ պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով: