Տպել
31.03.2020
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
1 / 40

Խորհրդարանը մարտի 31-ին շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը՝ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկելով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ հետեւել է սոցիալական ցանցերում նախագծի առնչությամբ հնչող քննադատություններին եւ պարզաբանումներ ներկայացրել: Նա հիշեցրել է, որ սահմանափակումները վերաբերում են բացառապես համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրությանը, դրանից հետո որեւէ սահմանափակում չի գործելու: Նա հստակեցրել է, որ որեւէ նոր տվյալ քաղաքացիների մասին չի հավաքվում եւ մշակվում, այլ օպերատորների մոտ առկա տվյալները համատեղվելու են մեկ միասնական բազայում` համաճարակի դեմ պայքարելու համար: Այդ տվյալները ոչնչացվելու են արտակարգ դրության ավարտից հետո, դա վերաբերելու է ոչ միայն անձնավորված, այլ նաեւ ապանձնավորված տվյալներին: Նախարարի հավաստմամբ` այս ամենը չի ենթադրում հեռախոսային խոսակցությունների բովանդակության բացահայտում, կարեւոր է զանգի կատարման եւ տեղակայման փաստը: Տվյալների մշակումը կարող է իրականացվել սահմանված նպատակին հասնելու համար անհրաժեշտ նվազագույն քանակով, այսինքն եթե անձը ռիսկի գոտում չէ, ապա մշակված տվյալների հիման վրա չի կարող վերլուծություն կատարվել, դա կհանգեցնի քրեական պատասխանատվության:

Ռուստամ Բադասյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո առաջարկների հիման վրա լրամշակվել է փաթեթը: Բացառվել է հեռախոսային խոսակցությունների ավարտի մասին տվյալներ ստանալու հնարավորությունը, հստակեցվել է առողջապահության ոլորտի պետական կառավարման համակարգի մարմիններից տվյալներ պահանջելու եւ ստանալու հնարավորությունն ու կարգը, բացառվել է ապանձնավորված տվյալները պահպանելու հնարավորությունը. բոլոր տվյալները պետք է ոչնչացված լինեն արտակարգ դրության ավարտից հետո ոչ ուշ, քան մեկ ամիս հետո: էլեկտրոնային հաղորդակցության միջոցների կիրառման հետ կապված կարգավորումներն այնպես են վերաձեւակերպվել, որ հստակ լինի դրանց կիրառման այլընտրանքային բնույթը:

Ներկայացնելով ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ պատգամավոր Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է նախաձեռնության որոշ խնդրահարույց դրույթներին եւ առաջինից երկրորդ ընթերցում իրականացված լրամշակումներին:

Նախաձեռնության հիմնավորումներին անդրադարձել են նաեւ ԱԺ պատգամավորները:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը հայտնել է Տարոն Սիմոնյանը: Առաջարկվող սահմանափակումները, ըստ նրա, մարդու իրավունքների բնագավառում շատ են եւ դրանք չեն արձանագրելու ցանկալի նպատակ: Տարոն Սիմոնյանի գնահատմամբ` համաճարակի դեմ պայքարելու առաջարկվող գործիքը եւ տեխնիկական, եւ մասնագիտական առումով տեղին չէ:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացնելով` խմբակցության քարտուղար Արման Աբովյանը կարծիք է հայտնել, որ առաջարկվող մեխանիզմը չի աշխատելու:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի գնահատմամբ` վիրուսի կանխարգելման համար անհրաժեշտ են համարժեք արագ լուծումներ, ինչին էլ միտված է Կառավարության առաջարկը: Նա ընդգծել է, որ ամենաժողովրդավար պետություններում անգամ այս օրերին մտցվում են աննախադեպ սահմանափակումներ, քանի որ մարդկանց կյանքին է վերաբերում խնդիրը: Խմբակցության ղեկավարը նշել է, որ իրենք կողմ են քվեարկելու օրենսդրական փաթեթին` հնարավորություն տալով պարետատանն իրականացնելու անհրաժեշտ գործողություններ:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արտահերթ ելույթում անդրադարձել է հնչած տեսակետներին ու մտահոգություններին: Խորհրդարանի ղեկավարը փաստել է, որ Կառավարությունն առաջարկում է կարգավորում համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության համար:

ԱԺ նախագահն անդրադարձել է նաեւ իշխանությունների հասցեին հնչող որոշ քննադատությունների, մասնավորապես մարդու իրավունքների եւ ազատությունների սահմանափակումների վերաբերյալ մեղադրանքներին: Նա հիշեցրել է, որ իրենք կյանքի մեծ մասն անցկացրել են այդ իրավունքի համար պայքարելով:

Համաձայնելով, որ այս կարգավորումը քիչ մարդկանց է վերաբերելու, քանի որ շատերը շփվելու են WhatsApp, Signal եւ այլ հավելվածներով` Արարատ Միրզոյանն այդուհանդերձ կարեւորել է այս գործիքը` ընդգծելով` դա կարող է տասնյակ, հարյուրավոր, գուցե հազարավոր մարդկանց կյանքին վերաբերել:

Ազգային ժողովի նախագահի խոսքով` Կառավարության ներկայացրած նախաձեռնությունը քննարկվել է, լրամշակվել եւ այժմ բարենպաստ ու հավասարակշռված կետի է  հասցվել:

Եզրափակիչ ելույթներում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նազելի Բաղդասարյանը եւ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադարձել են հնչած տեսակետներին ու առաջարկներին:

Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ Կառավարությունը որոշել է երկրորդ ընթերցման ընթացակարգում օրակարգից հանել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկել է ՀՀ կառավարության հեղինակած «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը տեղեկացրել է, որ առաջինից մինչեւ երկրորդ ընթերցում ներկայացված առաջարկների հիման վրա փաթեթում կատարվել են մի շարք փոփոխություններ:

Մասնավորապես «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը շարադրվել է նոր խմբագրությամբ. «Ժողովի որոշումները կարող են ընդունվել առանց օրակարգի հարցերի քննարկման եւ քվեարկության դրված հարցերի վերաբերյալ որոշումների ընդունման նպատակով ընկերության մասնակիցների համատեղ ներկա գտնվելու՝ հեռակա կարգով քվեարկության միջոցով: Հեռակա կարգով քվեարկություն կարող է անցկացվել փաստաթղթերը փոստային, հեռագրային, հեռատիպային, հեռախոսային, էլեկտրոնային կապի փոխանցվող եւ ընդունվող հաղորդագրությունների իսկությունը հավաստող ու հասցեատիրոջ կողմից դրանք ստանալու փաստի հաստատման հնարավորություն տվող միջոցներով փոխանակելու եղանակով»:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշել է, որ նախաձեռնությամբ հնարավորություն է տրվում բաժնետիրական ընկերություններին առաջիկայում գումարվելիք իրենց տարեկան ժողովներն անցկացնել հեռակա տարբերակով: Պատգամավորի տեղեկացմամբ` առաջարկվող ռեժիմը գործելու է մինչեւ 2020թվականի նոյեմբերի 1-ը: Պատգամավորը կոչ է արել կողմ քվեարկել նախաձեռնությանը:

Այնուհետեւ տեղի են ունեցել երկրորդ ընթերցմամբ քննարկված հարցերի քվեարկություններ:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Քվեարկության արդյունքում չի ընդունվել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները  չեն մասնակցել քվեարկությանը:

Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:


31.03.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է արտահերթ նիստ
Մարտի 31-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Էլեկտրոնային հաղոր...

31.03.2020
ԱԺ պետական-իրավական hարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ պետական-իրավական hարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 21:10-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ: ...

31.03.2020
Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել
ՀՀ Ազգային ժողովը ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ 2020 թվականի մարտի 31-ին` ժամը 17:00-ին, գումարել  է Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Խորհրդարանի ընդունած որոշմա...

31.03.2020
Տեղի կունենա ԱԺ մշտական հանձնաժողովի նիստ
Մարտի 31-ին` ժամը 21:10-ին, 314 դահլիճում կկայանա ԱԺ պետական-իրավական hարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Օրակարգը՝ այստեղ: ...

31.03.2020
Կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ ԱԺ նախագահի որոշմամբ՝ մարտի 31-ին՝ ժամը 17:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգը՝ կից: ...

31.03.2020
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 13:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը` այստեղ: ...

31.03.2020
Խորհրդարանական ճեպազրույցների ուղիղ հեռարձակում
Խորհրդարանական ճեպազրույցների ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

31.03.2020
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 09:30-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը` այստեղ: ...