Տպել
09.04.2020
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 9

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 9-ին Արման Եղոյանի նախագահությամբ գումարել է իր հերթական նիստը:

Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ երեկ Հայաստանում Եվրամիության ներկայացուցչությունը հայտարարություն է արել, ըստ որի` կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման կարճաժամկետ եւ անհետաձգելի միջոցառումների համար ԵՄ-ն մեր երկրին կտրամադրի մոտ 92 մլն եվրո գումար, որն ուղղվելու է բժշկական սարքավորումների ձեռքբերմանը, բուժաշխատողների վերապատրաստմանը, փոքր եւ միջին ձեռնարկությունների աջակցմանը, համավարակի հետեւանքով խոցելի խմբերին պատճառված վնասների վերացմանը եւ նրանց սոցիալական աջակցության տրամադրմանը:

Պատգամավորները քննարկել են «ՀՀ Կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած` ՀՀ Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը: Հարցը քննարկվել է հանձնաժողովի գործունեությանն առնչվող ոլորտների մասով:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը խոսել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի մասին, անդրադարձել Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվելիք աջակցությանը: Փոխնախարարի խոսքով` կառույցի կողմից 80 մլն եվրո անմիջական աջակցություն կտրամադրվի Արեւելյան գործընկերության մեջ ընդգրկված 6 երկրներին, այդ թվում` Հայաստանին` անմիջական կարիքների արձագանքման համար: 883 մլն եվրո էլ կբաշխվի Արեւելյան գործընկերության երկրների մեջ` մեղմելու համաճարակի ճգնաժամով պայմանավորված սոցիալ-տնտեսական վնասները: Ըստ Վարոս Սիմոնյանի` մարտի 25-ին մեկնարկել է 3 մլն եվրո ընդհանուր բյուջեով դրամաշնորհների հայտամրցույթ` աջակցելու հայաստանյան քաղհասարակության կազմակերպություններին: 13 մլն եվրո աջակցության նոր ծրագիր էլ կիրականացվի` նպատակաուղղված ՀՀ-ում փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանը եւ գործարար համայնքին աջակցելուն:

Փոխնախարարը պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին, որոնք վերաբերել են Եվրամիության կողմից իրականացվող ծրագրերին, Ռեքս համակարգի միջոցով ԵՄ երկրներ արտահանման առանձնահատկություններին, ծավալներին եւ այլն:

Հանձնաժողովը զեկույցն ընդունել է ի գիտություն: