Տպել
29.04.2020
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
1 / 42

ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 29-ին շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը՝ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քննարկելով օրակարգային հարցերը:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի  լրամշակված նախագիծը: Նախարարը պարզաբանել է, որ հստակեցվել են  այն հոդվածները, որոնք պատգամավորների գնահատմամբ տարընթերցումների տեղիք էին տալիս:

Նշենք, որ նախագծով առաջարկվում է թույլատրել ՀՀ Կառավարությանը՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից որպես պանդեմիա ճանաչված կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի, հիվանդության հետեւանքների, այդ թվում նաեւ՝ տնտեսական չեզոքացման եւ վերացման նպատակով փոփոխություններ կատարել ընթացիկ տարվա պետական բյուջեում: Նախարարը   նշել է, որ, մասնավորապես,  պետբյուջեի «Այլ ծախսեր» հոդվածից  150 մլրդ դրամ վերաբաշխելու հնարավորություն է առաջարկվում տալ Կառավարությանը:

Ատոմ Ջանջուղազյանը պատասխանել է պատգամավորների  հարցերին, որոնց թվում նաեւ՝ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան»  խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, ով առաջարկում է  Հայաստանի յուրաքանչյուր ընտանիքի եւ թոշակառուի տալ 100 հազարական դրամ  աջակցության գումար: Նախարարը պարզաբանել է, որ եթե Կառավարությունն այդ կերպ վարվի, ապա   բացասական հետեւանքներն անհամեմատ շատ ավելի կլինեն, քան դրականը, ընդ որում ոչ միայն տնտեսական, այլ նաեւ   հոգեբանական եւ բարոյական: Ըստ նրա՝ դա կխորացնի արդարության ընկալման դեֆիցիտը, քանի որ  այդ պարագայում պետությունը ստիպված պետք է պարտք վերցնի՝ աջակցելու համար նաեւ այն  մարդկանց, որոնք դրա կարիքը չունեն: Պետք է աջակցել թիրախավորված եւ հասցեական, նշել է նախարարը:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է Արտակ Մանուկյանը:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից խոսել է  Մանե Թանդիլյանը: Նա  ներկայացրել է խմբակցության մտահոգությունները՝  նշելով, որ   նախագծի որոշ դրույթներ միտված են խորհդարանին զրկելու իր վերահսկողական լծակներից:  Ըստ նրա՝ չպետք է թույլ տալ Կառավարությանը՝ կատարելու բյուջետային տեղաբաշխումներ՝ առանց Ազգային ժողովի միջամտության:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Միքայել Մելքումյանը:  Ըստ նրա՝ նախագծում ներկայացված չեն  Կառավարության կողմից իրականացվելիք  միջոցառումների բովանդակությունն ու հաշվարկները: Այնուամենայնիվ, ասել է նա,  փաստաթղթին  խմբակցությունը  կողմ է քվեարկելու՝  ելնելով  ժողովրդի շահերից:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության դրական դիրքորոշումը ներկայացրել է Բաբկեն Թունյանը:  Նա անդրադարձել է Կառավարության ծրագրած միջոցառումներին՝  ուղղված կորոնավիրուսի հետեւանքների մեղմմանը՝ նշելով, որ 380 հազար քաղաքացիներ տարբեր չափերով  ստացել են միանվագ դրամական աջակցության գումարներ՝ չհաշված կոմունալ վարձերի աջակցությունը, 300 ընկերություններ վարկավորվել են շուրջ  21 մլրդ դրամի չափով,   5000 մարդ ստացել է գյուղատնտեսական վարկ,  12000 ընկերություն աշխատավարձի մասով սուբսիդավորվել է  եւ այլն:

Անդրադառնալով Էդմոն Մարուքյանի  առաջարկին՝ նա  գործընկերոջն  առաջարկել է խորհրդարանում հրապարակային քննարկել հարցը, որպեսզի քաղաքացիները հստակ պատկերացում կազմեն առաջարկի իրագործման հնարավորության վերաբերյալ:

Ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը: Անդրադառնալով պետական պարտքին, որն այսօր շուրջ 7,3 մլրդ դոլար է, նա հետաքրքրվել է, թե ինչ է արվում այն  մարելու, ստեղծված արտակարգ իրավիճակում  որոշ արտոնյալ պայմաններ ունենալու համար:  Ստեղծված իրավիճակի առնչությամբ նա Կառավարությանը հորդորել է իրականացնել հստակ  քաղաքականություն՝ մեղմելու համար քաղաքացիների սոցիալական ծանր վիճակը:

Եզրափակիչ ելույթում ֆինանսների նախարարն անդրադարձել է պատգամավորների դիտարկումներին, տվել հստակ պարզաբանումներ:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի ներկայացմամբ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է  «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթի վեաբերյալ գրավոր առաջարկներ են ներկայացրել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» եւ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները:

Ռաֆիկ Գրիգորյանը նշել է, որ առաջարկների մեծ մասն ընդունվել է, որի արդյունքում օրինագծերի փաթեթը փոփոխվել է: Մասնավորապես, նախնական տարբերակով սահմանված օրենքի այն դրույթը, որով անձնական ազատության իրավունքը կարող է սահմանափակվել արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համար ներգրավված մարմինների կողմից տրված գրավոր կամ բանավոր կարգադրությամբ, փոփոխվել է եւ սահմանվել, որ անձի ազատությունը կսահմանափակվի միայն գրավոր կարգադրության հիման վրա, իսկ եթե հանգամանքներից ելնելով հնարավոր չէ ապահովել տվյալ պահին գրավոր ձեւակերպումը, ապա բանավոր կարգադրությամբ՝ պայմանով, որ մեկ աշխատանքային օրվա ընթացքում կձեւակերպվի գրավոր կարգադրությունը:

Նախարարի տեղակալի խոսքով՝ չի ընդունվել օրենքի կիրառման վերահսկողությունը խորհրդարանին լիազորելու մասին առաջարկը:  Նա նշել է, որ նման վերահսկողություն ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի որոշման համաձայն արդեն իսկ իրականացնելու է նշյալ հանձնաժողովը:

Հարակից զեկույցում գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Սուրեն Գրիգորյանը: Նա տեղեկացրել է, որ օրինագծերի փաթեթն աշխատանքային կարգով քննարկվել է հանձնաժողովում:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Էդմոն Մարուքյանը: Նա նշել է, որ օրինագծերի փաթեթով Պարետին տրվելու է անսահմանափակ լիազորություն, ինչն իրենց խմբակցության համար անընդունելի է, ուստի խմբակցությունը դեմ է քվեարկելու:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Գեւորգ Պետրոսյանը: Նա անդրադարձ է կատարել նախորդ օրվա տեղի ունեցած միջադեպին:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության դրական կարծիքը ներկայացրել է Վլադիմիր Վարդանյանը:

Եզրափակիչ ելույթում ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը պատասխանել է ելույթներում հնչած հարցադրումներին:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը նշել է, որ խմբագրական բնույթի առաջարկներ են ներկայացրել խորհրդարանի «Իմ քայլը» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները. առաջարկների մեծ մասն ընդունվել է: Նախագծերի փաթեթով մասնավորապես Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին արտակարգ դրության պայմաններում իրավունք է վերապահվում գրավոր դիմումների հիման վրա աշխատանքային իրավունքների նկատմամբ իրականացնել վերահսկողություն:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Պատգամավորները քվեարկություններով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել են  «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթները: Ազգային ժողովն ընդունել է «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:


29.04.2020
Քննարկվել են կրթության ոլորտին վերաբերող մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Ապրիլի 29-ին Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ գումարվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: ՀՀ Սահմանադրության 196-րդ ու «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 43-րդ հոդվածների համաձայն` Հեռուստատեսության եւ...

29.04.2020
Քննարկվել են «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 29-ին շարունակել է նախորդ օրն ընդհատված նիստի աշխատանքը: ԱԺ պատգամավոր Արկադի Խաչատրյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մա...

29.04.2020
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
Ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Արտակ Մանուկյանի նախագահությամբ գումարել է արտահերթ նիստ՝ քննարկելու ապրիլի 28-ին գումարված արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված եւ քննարկումն ընդմիջված «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքու...

29.04.2020
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտնե...

29.04.2020
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ին հրավիրված արտահերթ նիստում, որը նախագահել է Վլադիմիր Վարդանյանը, երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել Կառավարության հեղինակած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կ...

29.04.2020
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 15:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

29.04.2020
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից: ...

29.04.2020
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
Ապրիլի 29-ին Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրա...

29.04.2020
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը` կից հղումով: ...

29.04.2020
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից։ ...

29.04.2020
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ։...

29.04.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղումով։ ...