Տպել
07.05.2020
Խորհրդարանը շարունակել է ՀՀ կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքին եւ արդյունքներին վերաբերող զեկույցի քննարկումը
1 / 7

ՀՀ Ազգային ժողովը մայիսի 7-ին շարունակել է «ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ ՀՀ կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկումը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են աղբի վերամշակման ծրագրերին,  ճանապարհաշինությանը,  համայնքների խոշորացման արդյունավետությանն ու  նպատակահարմարությանը, Մեծամորի ատոմակայանի վերազինմանը եւ այլն:

Հարակից ելույթ է ունեցել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:  Նա ներայացրել  է կատարված բազմաբնույթ աշխատանքները, անդրադարձել  կոռուպցիայի դեմ  պայքարի ծրագրային ռազմավարությանը՝ նշելով, որ 2019 թվականին ձեւավորվել են հակակոռուպցիոն մարմիններ, որոնց թվում է նաեւ  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման եւ հակակոռուպցիոն կրթական ծրագրերի իրականացման հարցերով իրավասու ինքնավար մարմին:

Կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետությունը գնահատվել է ինչպես Հայաստանի հանրության, այնպես էլ միջազգային կառույցների կողմից. մասնավորապես «Transparency International»-ի «Կոռուպցիայի ընկալման համաթիվ 2019» զեկույցում Հայաստանն իր դիրքերը նախորդ տարվա համեմատ բարելավել է միանգամից 28 հորիզոնականով, ընդ որում, կոռուպցիայի ընկալման համաթվի միավորը մեկ տարվա ընթացքում բարձրացել է 7-ով: Խորհրդարանն ընդունել է հակակոռուպցիոն մի շարք օրենքներ,  որոնց թվում  է նաեւ «Ապօրինի գույքի բռնագանձնման մասին»  ՀՀ օրենքը: Նախարարն անդրադարձել է նաեւ նախարարության բացթողումներին եւ նշել, որ դատական ոլորտի բարեփոխումների դանդաղ ընթացքը պայմանավորված է տարիների ընթացքում կուտակված խնդիրներով:

Նախարարը պատասխանել է պատգամավորներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հարակից ելույթում նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է  5.8%-ով: 2020 թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից բարձրացվել եւ սահմանվել է 68 հազար դրամ: 2019 թվականի հունվարի 1-ից բարձրացվել է շուրջ 64 հազար նպաստառուի նպաստների եւ 3 հազարից ավելի զինվորական կենսաթոշակառուի կենսաթոշակների չափը՝ սահմանելով 25,500 դրամ: 2020 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների չափը բարձրացվել է միջինը 10%-ով:

Քաղաքացիներին պետական աջակցությունից ունեցած երկարատեւ կախվածությունից աստիճանաբար ձերբազատելու եւ արժանապատիվ ու սեփական վաստակ ունենալու հնարավորություն ընձեռելու նպատակով Կառավարությունը ներդրել է բազմաթիվ ծրագրեր եւ իրականացրել օրենսդրական կարգավորումներ, մասնավորապես՝ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 1000 ընտանիք կստանա աջակցություն անասնապահությամբ զբաղվելու համար:

Կառավարությունը ներդրել է ծնելիության խրախուսման, երիտասարդ եւ երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր: Մասնավորապես՝ վեց անգամ կբարձրանա առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից դառնալով 300 հազար դրամ, իսկ երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կլինի 300 հազար դրամ նախկին 150 հազարի փոխարեն: 2020 թվականի հուլիսի 1-ից մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը 18 հազար դրամի փոխարեն սահմանվել է 26,500 դրամ:

Մեկնարկել է մանկատան շուրջ 300 շրջանավարտների համար բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացը, որի նպատակով Կառավարության որոշմամբ հատկացվել է 1.9 մլրդ դրամ: 55 շահառուների համար արդեն կայացվել են վկայագրերի տրամադրման որոշումներ: Բացի այդ, ծրագրի շահառուներն առաջնահերթության կարգով ընդգրկվել են նաեւ զբաղվածության պետական ծրագրերում: Այսպիսով, Կառավարությունը կատարում է մանկատան սաների առջեւ 2003 թվականից չկատարված պետական պարտավորությունը:

Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Հարակից զեկույցով ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը: Նա համեմատականներ է անցկացրել 2017 եւ 2019թթ. տնտեսական աճի ցուցանիշների միջեւ, անդրադարձել աշխարհում արձանագրված ցուցանիշներին: Արտակ Մանուկյանի խոսքով՝ 2017թ-ի համեմատ՝ ՀՆԱ-ի ցուցանիշն աճել է 4 տոկոսով, բարձրացել է զբաղվածության մակարդակը եւ նվազել աղքատության ցուցանիշը: «Մենք ժառանգել ենք մի տնտեսություն, որն ուներ գծած ճանապարհ: Կառավարությանը 2019թ-ին հաջողվել է դուրս գալ այդ գծերից եւ ապահովել որակական փոփոխություններ»,-նշել է պատգամավորը:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անունից ելույթ է ունեցել Վլադիմիր Վարդանյանը: Անդրադառնալով հաշվելու ժամանակահատվածում Կառավարության իրականացրած քայլերին՝ նա մասնավորապես նշել է, որ ձեւավորվել են Կոռուպցիայի կանխարգելման, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովները, որոնց ձեւավորման գործընթացները եղել են այնքան թափանցիկ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ է ընտրվել ընդդիմադիր ուժի առաջադրած թեկնածուն: Վլադիմիր Վարդանյանը կարեւորել է նաեւ դատաիրավական բարեփոխումները, ընդգծել, որ ժողովրդավարական զարգացումների առումով Հայաստանը կա եւ կմնա ամենաժողովրդավարը տարածաշրջանում:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում մի շարք ոլորտներում գրանցված հաջողությունները, անդրադարձել տնտեսական աճի բարձր ցուցանիշին, ներմուծման եւ արտահանման ծավալներին: Պատգամավորը խոսել է նաեւ բացթողումների մասին՝ մասնավորապես առանձնացնելով բարեփոխումների իրականացման  դանդաղ տեմպը: Ըստ Բաբկեն Թունյանի՝ եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներմուծումը թույլ կտար ավելի արագ եւ հասցեական իրականացնել հակաճգնաժամային միջոցառումները:

Պատգամավորն անդրադարձել է նաեւ աղքատության հաղթահարման եւ գործազրկության նվազման ուղղությամբ իրականացվող քայլերին:

Փաստաթղթի վերաբերյալ ելույթ են ունեցել երկու տասնյակից ավելի պատգամավորներ: Նրանք ընդգծել  են անցած տարվա ընթացքում ձեռք բերված հաջողությունները, բարձր գնահատել հաշվետու ժամանակահատվածում գրանցված տնտեսական աճը: Միեւնույն ժամանակ անդրադարձ է եղել նաեւ բացթողումներին:

Խոսվել է Տեխնոլոգիական համալսարանի հիմնման, արտահանմանը միտված տնտեսություն ունենալու կարեւորության մասին: Խորհրդարանականները բարձրաձայնել են մի շարք ոլորտներում արձանագրված ձեռքբերումները:

Անդրադարձ է կատարվել նաեւ համավարակի պայմաններում Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, Կառավարության կողմից ձեռնարկվող քայլերին:

Հարցի քննակումը կշարունակվի մայիսի 8-ի ԱԺ նիստում:


07.05.2020
Կանցկացվի առցանց քննարկում
Ազգային ժողովի (Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի) նախաձեռնությամբ եւ Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) աջակցությամբ մայիսի 15-ին` ժամը 11:00-14:00-ը, տեղի է ունենալու առցանց քննարկում` «Մասնակցային ժողովրդավարության թվային գործիքները» թեմայով: Բանախոսների թվում են պետական ...

07.05.2020
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը Մեծ հաղթանակի 75-ամյակին նվիրված տեսակոնֆերանսին
«Հարգելի գործընկերներ, ընկերներ, Այս տարի մայիսի 9-ին մենք նշում ենք Մեծ հաղթանակի 75-ամյակը, որը մաս է մեր ժողովուրդների պատմական տարեգրության: Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը կարեւորագույն իրադարձություն էին ամբողջ աշխարհի համար: Երկ...