Տպել
26.05.2020
Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստերի աշխատանքը
1 / 17

ՀՀ Ազգային ժողովը մայիսի 26-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը:

Խորհրդարանը ձեւավորել է ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերը: Պատգամավորների որոշմամբ նստաշրջանի օրակարգում չեն ընդգրկվել այն օրինագծերը, որոնք գլխադասային հանձնաժողովներում ստացել էին բացասական եզրակացություն: ԱԺ որոշմամբ` հերթական նիստերի օրակարգում ընդգրկված մի շարք օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի դրանք առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության եւ ԱԺ երեք խմբակցությունների պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Վահե Ղալումյանի, Սերգեյ Բագրատյանի, Վահագն Հովակիմյանի, Համազասպ Դանիելյանի, Գեւորգ Գորգիսյանի կողմից համատեղ հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են սահմանադրական փոփոխություններով, որոնք ուժի մեջ են մտել 2018 թվականին: Նախագծերով առաջարկվում է փոփոխություններ կատարել Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգում, եւ այն համապատասխանեցնելով խորհրդարանական մոդելին` ունենալ համայնքի ավագանու իրական լիազորություններն ընդգծող եւ դրանց իրականացումն ապահովող իրավական նորմեր: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ մինչեւ 4000 ընտրող ունեցող համայնքներում կանցկացվեն ՏԻՄ-ի մեծամասնական կարգով ընտրություններ, ինչպես գործող ընտրակարգն է, իսկ 4000 եւ ավելի ընտրող ունեցող բազմաբնակավայր համայնքներում կանցկացվեն ՏԻՄ-ի համամասնական ընտրություններ:

Համայնքի ղեկավարի հերթական ընտրությունների քվեարկության օրը պետք է լինի ԿԸՀ-ի կողմից սահմանված օրերից լիազորությունների ժամկետի լրանալու օրվան առավել մոտ օրը:

Փոփոխություններ են նախատեսվում համայնքների ավագանիների անդամների թվաքանակի, ընտրական գրավի չափի, ինչպես նաեւ նախընտրական հիմնադրամների ձեւավորման վերաբերյալ կարգավորումներում: Փոփոխություններ են նախատեսվում նաեւ շեմերում: Այսպես` առաջարկվում է մանդատների բաշխմանը մասնակցելու համար կուսակցությունների համար անցողիկ շեմը սահմանել 4 տոկոս` գործող 6-ի փոխարեն, իսկ կուսակցությունների դաշինքի համար` 6 տոկոս` գործող 8-ի փոխարեն, եւ եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի առնվազն 4 (6) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 3-ից պակաս կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները (եթե ընտրությանը մասնակցել է 3 կուսակցություն (կուսակցությունների դաշինք) եւ այլն:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը հարակից զեկույցում ընդգծել է, որ ներկայացված է ոլորտում առանցքային բարեփոխումներից մեկը, ամիսներ շարունակ այս մոդելը քննարկվել է շահագրգիռ տարբեր կողմերի հետ:

«Համայնքներում ընտրությունը պետք է դարձնենք քաղաքական, որ մարդիկ կարողանան քաղաքական պատասխանատվություն կրեն, եւ մենք անձնական պատասխանատվությունից գանք քաղաքական պատասխանատվության դաշտ»,-ընդգծել է հանձնաժողովի նախագահը:

Իրենց ելույթներում եւ հարցադրումներում պատգամավորները խոսել են համամասնական ընտրական համակարգին անցնելու, նախագծով առաջարկվող դրական լուծումների մասին, ընդգծել կուսակցական համակարգի աշխուժացմանը նպաստող դրույթները, բոնուսային համակարգի վերացման կարեւորությունը: Նրանք արժեւորել են նախագծի փոխհամաձայնեցված տարբերակի ներկայացումը, նշել, որ այս նախաձեռնությամբ մեծանում է քաղաքական ուժերի պատասխանատվությունը: Ընդգծվել է, որ կոլեկտիվ կառավարումն առավել արդյունավետ մեթոդ է, քան համայնքում մեկ անձի կառավարումը եւ նախաձեռնության ընդունումը կբերի կառավարման որակի էական բարելավման, ՏԻՄ մակարդակում կմեծանա կանանց ներգրավվածությունը:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը բարձրաձայնել է Անի Սամսոնյանը: Նա նշել է, որ քաղհասարակության ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել, որ նախագիծը կարող է տանել համայնքների կուսակցականացման եւ խնդիրներ կարող է առաջացնել այն մարդկանց համար, որոնք կամավոր ներգրավված են ՏԻՄ համակարգի աշխատանքներում: Այս համատեքստում նա պարզաբանումներ է ներկայացրել: Անի Սամսոնյանի գնահատմամբ` ընտրական համակարգը փոփոխելով` բարձրացվում է նաեւ քաղաքական պատասխանատվության մակարդակը: Խմբակցության ներկայացուցիչը խոսել է համայնքներում համամասնական ընտրակարգի կիրառման օրինակների մասին:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ է ունեցել Համազասպ Դանիելյանը: Նա ընդգծել է, որ օրենսդրական փոփոխությունների նպատակը ոչ թե կուսակցական համակարգի կայացումն է, այլեւ հենց տեղական ինքնակառավարման համակարգին հնարավորություն տալը` վերացնելու անհամապատասխանությունները: Ըստ պատգամավորի` փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի տեղական ինքնակառավարման մակարդակում ունենալ շատ ավելի ներկայացուցչական, ներառական ու բաց ինստիտուտներ:

Եզրափակիչ ելույթում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել կառուցողական քննարկման համար եւ նշել, որ առաջինից երկրորդ ընթերցում կընդունվեն այն առաջարկները, որոնք էականորեն կբարելավեն նախագիծը: Նախարարը կարեւորել է նախաձեռնության ընդունումը` հորդորելով պատգամավորներին կողմ քվեարկել:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի` առաջարկվում է պարզեցված ընթացակարգով փոփոխելու սպանդանոցի համար նախատեսված հողամասի նպատակային նշանակությունը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հուլիսի 1-ից ՀՀ-ում անցում է կատարվելու ամբողջական սպանդանոցային մորթի: Նախարարի խոսքով` մեկ այլ առաջարկով էլ կապահովվի աճուրդով վաճառքի մեկնարկային գնի ստորին շեմի բարձրացում, որի արդյունքում կավելանան համայնքի սեփական եկամուտները: Նաեւ կապահովվի բաց դասական եղանակով աճուրդ կազմակերպելու եւ անցկացնելու հնարավորությունը, աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց կտրվի հստակ նախավճարը վճարելու հնարավորություն:

Գլխադասային` ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Սերգեյ Մովսիսյանը:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել է Կառավարության հեղինակած «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի ներկայացմամբ քննարկվել են «Ղրղզստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում եւ Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության եւ Ղրղզստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2015 թվականի մայիսի 8-ին միանալու հետ կապված Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը վավերացնելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրինագծերը:

Գլխադասային` ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը երկու օրինագծերին էլ տվել է դրական եզրակացություն:

ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ հիմնական զեկուցողի` փաթեթի ընդունումը բխում է այս տարվա ապրիլի 23-ին Կառավարության կողմից հաստատված ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարությունից, որը կարճաժամկետ հեռանկարում նախատեսում է Պարեկային ծառայության ստեղծումը: Փոխնախարարի խոսքով` Պարեկային ծառայությունն իր էությամբ էականորեն տարբերվելու եւ փոխարինելու է այժմ գործող ոստիկանության երկու արտաքին ծառայություններին` Պարեկապահակետային ծառայությանը եւ Ճանապարհային ոստիկանությանը: Փաթեթով սահմանվում են Պարեկային ծառայության ստեղծման իրավական հիմքերը, ծառայողների պաշտոնները, նրանց ներկայացվող պահանջները, ծառայության համալրման համար անցկացվող մրցույթը, ինչպես նաեւ ոստիկանության ուսումնական հաստատությունում նրանց կրթությանը վերաբերող դրույթները:

Խորհրդարանը հարցի վերաբերյալ քննարկումը կշարունակի մայիսի 27-ի ԱԺ նիստում:

Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն` ՀՀ ԱԺ պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:


26.05.2020
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր պաշտոնակցին Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ: Կողմերը նաեւ տեղեկություններ են փոխանակել երկու երկրներում համավարակ...

26.05.2020
ԱԺ մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկ
ԱԺ մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը՝ կից։ ...