National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.5.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
27.05.2020
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 16

ՀՀ Ազգային ժողովը մայիսի 27-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները շարունակել են առաջին ընթերցմամբ քննարկել Կառավարության հեղինակած «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը շարունակել է պատասխանել պատգամավորների հարցերին: Փոխնախարարը հայտնել է, որ առաջին փուլում Պարեկային ծառայությունը ներդրվելու է Երեւանում, գործընթացն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել 2022 թվականի առաջին եռամսյակում:

Հարց է հնչել ոլորտում հնարավոր կրճատումների վերաբերյալ: Քրիստիննե Գրիգորյանը պարզաբանել է, որ այն ոստիկաններին, որոնք չեն ներգրավվի Պարեկային ծառայությունում, նախատեսվում է առաջարկել այլ աշխատանքներ: Պարեկային ծառայությունում հաստիքներն զբաղեցվելու են մրցութային կարգով:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը փաթեթին դրական եզրակացություն է տվել: Մտքերի փոխանակության ընթացքում ելույթ ունեցողները դրական են գնահատել նախատեսվող բարեփոխումները, ինչպես նաեւ գործադիր իշխանությանը հորդորել դիտարկել ոլորտում աշխատավարձերի բարձրացման հնարավորությունը:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության դրական դիրքորոշումը փաթեթի, ինչպես նաեւ ոստիկանության համակարգում իրականացվելիք բարեփոխումների վերաբերյալ բարձրաձայնել է Մխիթար Հայրապետյանը: Ըստ նրա` բարեփոխման նպատակը հստակ է` ունենալ առավել պաշտպանված ոստիկան եւ առավել պաշտպանված քաղաքացի:

Առաջին ընթերցմամբ խորհրդարանը քննարկել է պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որի նպատակն օրենսդրական բացերի վերացումն է: Նշվել է, որ «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքը չի կարգավորում նշանակված, բայց ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն ռազմական կամ արտակարգ դրության վերացումից հետո անցկացնելու ընթացակարգը, ուստի սահմանվում է, որ եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է հանրաքվեն նշանակվելուց հետո, ապա մինչեւ ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելն սկսված հարցը հանրաքվեի դնելու հետ կապված բոլոր գործողություններն ու ժամկետները կասեցվում են օրենքի ուժով եւ 12 ժամվա ընթացքում ԿԸՀ-ը հանդես է գալիս հանրաքվեն կասեցնելու մասին հայտարարությամբ: Խնդրի կարգավորման նպատակով առաջարկվում է կատարել նաեւ այլ փոփոխություններ:

Առաջարկվում է 12-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ: Սահմանվում է, որ ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, եւ ոչ ուշ, քան 65 օր հետո: Հանրապետության նախագահը ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո` եռօրյա ժամկետում նշանակում է կասեցված հանրաքվեի գործընթացը մեկնարկելու օրը եւ քվեարկության օրը, որը պետք է լինի կիրակի: Սահմանվում են նաեւ կասեցված հանրաքվեն վերսկսելու կարգավորումները:

Սահմանվում է, որ ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի կասեցված գործընթացը վերսկսվում է սույն օրենքով սահմանված կարգով:

Գլխադասային` ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանը: Նա հորդորել է կողմ քվեարկել նախաձեռնությանը:

Հարակից զեկույցում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանն էլ անդրադարձել է Կառավարության առաջարկներին, որոնք ընդունվել են:

Նախաձեռնության վերաբերյալ ելույթ են ունեցել պատգամավորները: Նրանք խոսել են օրենքներում իրականացվող կարգավորումների կարեւորության մասին: Ընդդիմադիր որոշ պատգամավորներ ժամանակավրեպ են համարել առաջարկվող փոփոխությունները:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Նաիրա Զոհրաբյանը: Ըստ նրա` փոփոխություններ իրականացնելու իշխանության նպատակը` հանրաքվեից խուսափելն է: Պատգամավորի խոսքով` խմբակցությունը կարեւոր է համարում համավարակի պայմաններում երկրի առջեւ ծառացած սոցիալական բազմաթիվ խնդիրների լուծումը եւ ոչ թե սահմանադրական դատարանի հարցը: Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ ԲՀԿ-ն մշտապես կողմ է եղել հարցը հանրաքվեի միջոցով լուծելուն, իսկ նախկինում կողմ չքվեարկելու պատճառը, ըստ պատգամավորի, նախագծում առկա իրավական բազմաթիվ թերություններ են եղել:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության տեսակետը ներկայացրել է Ռուբեն Ռուբինյանը: Ըստ նրա` քանի որ նախաձեռնությունը վերաբերում է ընդհանրապես բոլոր հանրաքվեներին, ուստի այն նաեւ վերաբերում է ապրիլի 5-ին նախատեսված եւ հետագայում հետաձգված հանրաքվեին: Պատգամավորի խոսքով` խմբակցությունն ի սկզբանե ասել է, որ հանրաքվեն լավագույն տարբերակն է խնդիրը լուծելու եւ հետագայում կորոնավիրուսի ճգնաժամի պատճառով ակնհայտ է դարձել, որ քանի դեռ համաճարակը հաղթահարված չէ, հանրաքվե չի լինելու: Սակայն, ըստ Ռուբեն Ռուբինյանի, խմբակցությունն ուզում է խնդիրը լուծել եւ դրա համար գտնում է այլ ուղի:

Եզրափակիչ ելույթով հանդես է եկել հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը: Ըստ նրա` «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող նախագծի եզրափակիչ դրույթում ամրագրված է, որ առաջարկվող կարգավորումները տարածվում են նաեւ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի գործընթացի վրա:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել է Կառավարության հեղինակած «Կերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը եւ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Առաջին ընթերցմամբ ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը քննարկման է ներկայացրել «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ դրան կից օրենսդրական փաթեթը: Նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է բարելավել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների իրացումը, տարբեր գործիքների միջոցով սահմանել մեխանիզմներ` դրանց պաշտպանության համար, ապահովել դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման, հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունների պաշտպանության հետ կապված եւ հոգեկան առողջության ոլորտում առաջացող այլ հարաբերությունների համալիր կարգավորումը:

Ներկայացնելով ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը` Լուսինե Բադալյանը հարակից զեկույցում նշել է, որ փաթեթը հանգամանալի քննարկվել է տարբեր շահագրգիռ ուժերի հետ, նախարարությունն ընդունել է գրեթե բոլոր առաջարկները:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են Կառավարության ներկայացրած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», պատգամավոր Բաբկեն Թունյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Կառավարության ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրան կից մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը եւս քննարկվել է երկրորդ ընթերցման ընթացակարգով: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը հիշեցրել է, որ նախագիծը վերաբերում է կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակի ներդրմանը: Նշվել է, որ գործադիրը ներկայացրել էր անկանխիկ համակարգի ներդրման ժամանակացույց, ըստ որի նախատեսվում էր գործընթացն սկսել 2020թ. հուլիսի 1-ից եւ աստիճանաբար համակարգում ընդգրկել քաղաքային, ապա գյուղական բնակավայրերը` կախված բնակչության քանակից: Քննարկումների արդյունքում համակարգի մեկնարկի ամսաթիվը որոշվել էր տեղաշարժել երկու ամսով` սահմանելով 2020 թ. սեպտեմբերի մեկը, ինչն էլ ԱԺ գլխադասային հանձնաժողովի հավանությանն էր արժանացել: Սակայն հետագա քննարկումների արդյունքում որոշվել է ոչ թե միայն գործընթացի մեկնարկը հետաձգել երկու ամսով, այլ ողջ գործընթացը` 6 ամսով: Նախարարի տեղակալն առաջարկել է պատգամավորներին նախագծին դեմ քվեարկել. ««ԱԺ կանոնակարգ» օրենքի 83-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե նախագիծը չի ընդունվում, ապա քվեարկությունից անմիջապես հետո հիմնական զեկուցողը կարող է առաջարկել Ազգային ժողովի որոշմամբ նախագծի քննարկումը վերադարձնել Կանոնակարգի 81-րդ հոդվածով նախատեսված` գրավոր առաջարկների ներկայացման փուլ:

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Արթուր Դալլաքյանի, Արտյոմ Ծառուկյանի եւ Արթուր Գրիգորյանի հեղինակած օրենսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցմամբ: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասում «եւ ավտոբուսները» բառերն առաջարկվում է փոխարինել «ինչպես նաեւ միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնող 6-ից ավելի նստատեղ ունեցող ավտոտրանսպորտային միջոցները» բառերով, իսկ «տախոգրաֆով» բառից առաջ լրացնել «թվային» բառը: Առաջարկով 6-ից ավելի նստատեղ ունեցող ավտոտրանսպորտային միջոցներով միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնելիս փոխադրողը պարտավոր է իրականացնել ուղեւորների դժբախտ պատահարներից ապահովագրություն: Արթուր Դալլաքյանը նշել է, որ տախոգրաֆը սարք է, որը տրանսպորտային միջոցի վերաբերյալ բազմաթիվ տեղեկություններ է պարունակում: Տախոգրաֆի կիրառումը, ըստ նրա, անվտանգության ապահովման հարցում լուրջ առաջընթաց է:

Խորհրդարանը հարցի քննարկումը կշարունակի հունիսի 1-ի նիստում:

Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն` կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am