Տպել
01.06.2020
Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 12

ՀՀ Ազգային ժողովը հունիսի 1-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը, որն սկսվել էր նախորդ շաբաթ` մայիսի 26-ին:

Տեղի ունեցած քվեարկությունների արդյունքում խորհրդարանն ընդունել է նախորդ նիստերում քննարկված նախագծերը, բացառությամբ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթի, որն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն տեղափոխվել է առաջարկությունների ներկայացման փուլ` լրամշակման:

Խորհրդարանի որոշմամբ «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի կունենա հատուկ ընթացակարգով` առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում: Պատճառը, ըստ գլխադասային հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի, հարցի հրատապությունն է: Նշենք, որ փաթեթն այսօր առավոտյան ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Նախորդ շաբաթ առաջին ընթերցմամբ քննարկված «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած օրենսդրական փաթեթի քվեարկությանը ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել` այն համարելով խնդրահարույց եւ հակասահմանադրական: Նշենք նաեւ, որ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն էլ դեմ է քվեարկել փաթեթին: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պարզաբանել է, որ վերոնշյալ օրենսդրական փաթեթի ընդունումը պայմանավորված է Covid -19 համավարակի տարածմամբ եւ հանրության առողջության պահպանմամբ: Ըստ նրա, համավարակով պայմանավորված, այսօր անհրաժեշտություն է առաջացել չեղարկել ապրիլի 5-ին հայտարարված սահմանադրական փոփոխություններ նախատեսող հանրաքվեի անցկացումը: Փաթեթը քվեարկության արդյունքում ընդունվել է:

Խորհրդարանի որոշմամբ, այս փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը նույնպես տեղի կունենա հատուկ ընթացակարգով` քսանչորս ժամվա ընթացքում:

Խորհրդարանն այնուհետեւ շարունակել է առաջին ընթերցմամբ քննարկել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որի հեղինակներն են պատգամավորներ Արթուր Դալլաքյանը, Արտյոմ Ծառուկյանը եւ Արթուր Գրիգորյանը:

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասում «եւ ավտոբուսները» բառերն առաջարկվում է փոխարինել «ինչպես նաեւ միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնող 6-ից ավելի նստատեղ ունեցող ավտոտրանսպորտային միջոցները» բառերով, իսկ «տախոգրաֆով» բառից առաջ լրացնել «թվային» բառը: Առաջարկով 6-ից ավելի նստատեղ ունեցող ավտոտրանսպորտային միջոցներով միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնելիս փոխադրողը պարտավոր է իրականացնել ուղեւորների` դժբախտ պատահարներից ապահովագրություն: Տախոգրաֆը սարք է, որը տրանսպորտային միջոցի վերաբերյալ բազմաթիվ տեղեկություններ է պարունակում, եւ անվտանգության ապահովման տեսանյունից կարեւոր գործիք է: Նախաձեռնության վերաբերյալ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

ՀՀ կառավարության դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը: Նա խորհրդարանին առաջարկել է ձեռնպահ մնալ կողմ քվեարկելուց, քանի որ օրենսդրական փաթեթը խնդրահարույց է եւ լրամշակման կարիք ունի:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դրական դիրքորոշումը ներկայացրել է Արթուր Գրիգորյանը: Ըստ նրա` փաթեթի նպատակն ուղեւորների անվտանգության ապահովումն ու նրանց ապահովագրության փոխհատուցումն է երկրի սահմաններից դուրս, ինչպես նաեւ վարորդների աշխատաժամանակի կարգավորումն է ու նորմավորումը:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության դիրքորոշումը ներկայացրել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` նշելով, որ խմբակցությունն առաջին ընթերցմամբ քվեարկությանը կողմ է քվեարկելու, քանի որ հիմք է ընդունում մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Խմբակցության ղեկավարն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության, մասնավորապես նախագահ Իլհամ Ալիեւի կողմից օրերս արված ռազմատենչ հայտարարությանը, որին այսօր հետեւել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի սպառնալից հայտարարությունը, որում վերջինս խոստովանել է, որ 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած քառօրյա պատերազմը սանձազերծել է Ադրբեջանը:

Լիլիթ Մակունցն այս առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ. «Ցանկանում եմ ընդգծել, որ ինչպես 90-ականներին, 2016 թվականին, այնպես էլ ցանկացած այլ պահի, Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պատասխանը լինելու է ավելի քան համարժեք եւ ուժգին: Մենք մեր ապրելու իրավունքի պաշտպանության առաջ չենք ընկրկելու` անկախ կուսակցական պատկանելությունից եւ քաղաքական հայացքների տարբերություններից: Այդուհանդերձ, մեր կարեւոր խնդիրն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այս հայտարարությունների վրա, քանի որ Ադրբեջանը շարունակաբար խախտում է Մինսկի խմբի ձեւաչափով ընդունված` երեք կարեւոր սկզբունքներից մեկը, այն է` ուժի, եւ ուժի սպառնալիքի բացառման սկզբունքը: Իմ համոզմամբ, միջազգային հանրությունը, առավել եւս այն միջազգային կառույցները, որոնք պատասխանատու են աշխարհում խաղաղության պահպանման համար, այս օրերին Covid-19-ի համավարակի հետ կապված հանդես են եկել լրացուցիչ հայտարարություններով, չպետք է անտարբեր լինեն նման հայտարարությունների հանդեպ, որովհետեւ անտարբերությունը, որը կարող է ազատ արձակել Ալիեւի ձեռքերը եւ հանգեցնել նոր էսկալացիայի տարածաշրջանում, կրկնում եմ, ուժգին պատասխան արձագանք է ստանալու եւ աղետալի հետեւանքներ է ունենալու հենց Ադրբեջանի համար»:

Եզրափակիչ ելույթներում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Ծովինար Վարդանյանն ու Արթուր Դալաքյանն անդրադարձել են բարձրացված հարցադրումներին` տվել պարզաբանումներ:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ դատախազության 2019 թվականի գործունեության մասին» հաղորդումը:

Արթուր Դավթյանի տեղեկացմամբ` 2019թ. ընթացքում Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 26.850 դեպք, որը նախորդ տարվա համեմատությամբ ավելին է 2172-ով կամ 8.8%-ով: Ոչ մեծ ծանրության հանցագործությունները 2019թ. աճել են 521-ով կամ 3.7%-ով, միջին ծանրությանը` 739-ով 11.0%-ով, ծանր հանցագործությունները` 852-ով կամ 23.4%-ով, իսկ առանձնապես ծանր հանցագործության դեպքերն աճել են 60-ով կամ 26.8%-ով:

Գլխավոր դատախազի խոսքով` հանցագործության դեպքերի աճը կարելի է պայմանավորել նաեւ այն հանգամանքով, որ բարելավվել են քրեական հետապնդման մարմինների` հանցագործությունների բացահայտման, հայտնաբերման գործառույթների իրականացման մասնագիտական, տեխնիկական հնարավորությունները, կատարելագործվել են պրոֆիլակտիկ միջոցները եւ, ամենակարեւորը, հատկապես լատենտային հանցագործությունների դեպքում զգալիորեն աճել է քաղաքացիների նախաձեռնողականությունը, իրավապահ մարմինների հետ համագործակցության մակարդակը:

Հիմնական զեկուցողը նշել է, որ 2019թ. ընթացքում ավարտված քրեական գործերի 57.8%-ը քննվել է մինչեւ 2 ամիս, 17.4%-ը` մինչեւ 4 ամիս, 9.8%-ը` մինչեւ 6 ամիս, 11.5%-ը` մինչեւ 1 տարի, 3.5%-ը` 1 տարուց ավելի ժամկետներում: 2019թ. ընթացքում քննված քրեական գործերի 12.1% -ի նախաքննությունը տեւել է 6 ամսից ավելի: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ քրեական գործերի նախաքննության ժամկետների ձգձգումները հիմնականում պայմանավորված են օբյեկտիվ պատճառներով, մասնավորապես քննիչների գերծանրաբեռնվածությամբ: Այդուհանդերձ, 6 ամսից ավելի տեւող քրեական գործերով իրականացվող քննության ընթացքի նկատմամբ դատախազական հսկողության վիճակը բարելավվելու, անձանց` ողջամիտ ժամկետում իրենց գործի քննության իրավունքը ապահովելու, քրեական գործերով իրականացվող քննության լրիվությունը, բազմակողմանիությունը եւ օբյեկտիվությունն երաշխավորելու նկատառումներից ելնելով ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկել 6 ամսից ավել քննվող քրեական գործերը, պարզել նախաքննության ժամկետների ձգձգման պատճառները, քրեական գործերի ընթացքը լուծելու նպատակով տալ հանձնարարություններ կատարման հստակ ժամկետներով:

Հիմնական զեկուցող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պատասխանել է պատգամավորների երեք տասնյակից ավելի հարցերին:

Հաղորդման վերաբերյալ ելույթ են ունեցել պատգամավորները:

Նրանք շնորհակալություն են հայտնել Արթուր Դավթյանին` համապարփակ հաղորդում կազմելու եւ ներկայացնելու համար: Նշվել է, որ նախորդ տարվա ընթացքում իրականացված օրենսդրական փոփոխությունները նպաստել են նախաքննական մարմինների ծանրաբեռնվածության թեթեւացմանը, ավելի դյուրին մոդելների ներդրմանը, որոնք թույլ կտան դատախազության աշխատանքը դարձնել առավել ադյունավետ եւ թափանցիկ: Միեւնույն ժամանակ մատնանշվել են իրավական այնպիսի բացեր, որոնք խանգարում են դատախազությանն ավելի արդյունավետ գործելու համար:

Կարեւոր ձեռքբերում է համարվել ՀՀ դատախազության նկատմամբ հանրության վստահության բարձրացումը, ինչի վառ ապացույցն է` հեղափոխությունից հետո կառույց դիմող քաղաքացիների թվի ավելացումը: Խորհրդարանականները խոսել են դատախազությունը մասնագիտական բարձր հատկանիշներ ունեցող նոր կադրերով համալրելու եւ համակարգում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության մասին: Բարձրաձայնվել է հանրության շրջանում առկա դժգոհությունը` նախկինում իրականացված զանգվածային թալանի վերադարձի առնչությամբ: Պատգամավորները կարեւորել են նաեւ հանրային հնչեղություն ունեցող քրեական գործերի ամբողջական բացահայտումը եւ այդ ուղղությամբ դատախազության աշխատանքը:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ է ունեցել պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը: Նրա գնահատմամբ` դատախազության եւ դատախազների նկատմամբ հանրության ընկալումը պետք է փոխվի: Տարիներ շարունակ համակարգի նկատմամբ ձեւավորվել է անարդարության զգացում, ինչն իր բացասական հետեւանքն է ունեցել մի շարք ոլորտների վրա: Արդարության վերականգնման ճանապարհին Հովհաննես Հովհաննիսյանը կարեւորել է դատախազության առանցքային դերը: Նա արժեւորել է նախկին գործերի արդարացի եւ ամբողջական բացահայտումը:

Եզրափակիչ ելույթում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել կառուցողական եւ մտահոգ առաջարկների համար, անդրադարձել բարձրացված խնդիրներին:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել են Կառավարության հեղինակած «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերը:

Խորհրդարանը հերթական նիստերի աշխատանքը կշարունակի հունիսի 2-ին` ժամը 10:00-ին:


30.04.2024
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են Եվրոպական հանձնաժողովի հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի հետ
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Արմեն Գեւորգյանը եւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն ապրիլի 30-ին հանդիպել են Եվրոպական հանձնաժողովի հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի գլխավորած պա...

30.04.2024
Աշխատում ենք խաղաղության ճանապարհով ընթանալ՝ կայուն եւ երկարատեւ խաղաղություն ունենալու համար. Վլադիմիր Վարդանյան
ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ապրիլի 30-ին հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ զինված ուժերի ու Եվրոպական հարցերի հանձնաժողովների անդամ Ռոնան Լը Գլյոյին...

30.04.2024
44-օրյա պատերազմից հետո Հայաստանը վերցրել է ուղեգիծ, որը միտված է տարածաշրջանում խաղաղության հասնելուն. Անդրանիկ Քոչարյան
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ապրիլի 30-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ զինված ուժերի հանձնաժողովի, ինչպես նաեւ Եվրոպական հարցերի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոյին: Հանդիպմանը մաս...

30.04.2024
Խորհրդարանին է ներկայացվել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2023 թ. գործունեության մասին տարեկան հաղորդումը
Հանձնաժողովի վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները նախորդ տարի գործել են ազատ՝ առանց իշխանությունների միջամտության. նշել է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ ԱԺ ապրիլի 30-ի հերթական նիստում ներկայացնելով Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղո...

30.04.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 30-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակությանը՝ Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Հայաստան-ԵՄ հարաբերությ...

30.04.2024
Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում
Մաքսային ձեւակերպումների գործընթացի պարզեցմանն ու միատեսակ վարչարարության իրականացմանն են ուղղված «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները, որոնք ԱԺ քննարկմանն է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: Զեկուցողը նշել է, որ փոփո...

30.04.2024
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Խորհրդարանն ապրիլի 30-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «Առեւտրի եւ ծառայությունների մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է Երեւանում գործող շրջիկ առեւտրին վերաբերող իրավակարգավորումները կիրառ...

30.04.2024
Փոխադրամիջոցների գույքահարկ վճարողների համար կապահովվեն ավելի հարմար, իրատեսական եւ առավել արդար պայմաններ
Գործող կարգավորումներով ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարներն իրենց պետական գրանցման վայրի համայնքի բյուջե են վճարում մինչեւ հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ: Դրանից հետո նոր միայն թույլատրվում է անցնել տեխզննման գործընթացը: Ժամանակին այս երկու գործառույթները միացրել...

30.04.2024
Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում խաղային ոլորտը կարգավորող օրենսդրությունում
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքներում: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը նշել է, որ գործող օրենսդրությամբ լիցենզավորումների նկատմամբ հսկողություն իրականացնում է լիազոր ...

30.04.2024
Առաջարկվում է Հարկային օրենսգրքում սահմանել QR կոդի հասկացությունը
Նախագծի ընդունմամբ հնարավորություն կնախատեսվի կանոնակարգել հարկային մարմնի տեղեկատվական բազայից կամ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջից արտատպված կամ ներբեռնված փաստաթղթի՝ հարկային մարմնի կողմից վավերացված լինելու հավաստման հետ ...

30.04.2024
Բյուջետային ծրագրերի գնահատումը կիրականացվի Կառավարության անունից լիազորված մարմնի կողմից
Օրենքի նախագծով ՀՀ կառավարությանը վերապահվում է բյուջետային ծրագրերի գնահատման լիազորություններ, բյուջետային ծրագրերի գնահատում: ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը: Ը...

30.04.2024
Քննարկվել է պարտապանի եւ պարտատիրոջ հարաբերություններում հավասարակշռություն առաջարկող նախաձեռնությունը
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում Կառավարության առաջարկած փոփոխությունները եւ լրացումները պայմանավորված են կատարողական վարույթի շրջանակում ֆիզիկական անձ պարտապանների աշխատավարձի եւ այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ դրույթները հստակեցնելու, պարտապան ֆիզիկական...

30.04.2024
Լիազորող նորմի սահմանմամբ հնարավորություն կընձեռվի մատուցել պետական ծառայություններ համայնքներում
Դեռեւս 2016 թվականին հայտարարել ենք որպես քաղաքականություն, որ պետական որոշակի գործառույթներ կարող են մատուցվել ոչ միայն լիազոր մարմինների համապատասխան թվային հարթակների միջոցով, այլ կարելի է եւ պետք է օգտագործել թվային ավելի լայն հնարավորություններ, ինչը ծառայություններն ավելի հասանելի ու մատչելի կ...

30.04.2024
ԱԺ-ն սկսել է հերթական նիստերի աշխատանքը. «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը չընդգրկվեց նստաշրջանի օրակարգում
Ազգային ժողովն ապրիլի 30-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկելու համար պատգամավորները քննարկել են ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման վ...