National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.6.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
03.06.2020
Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 26

ՀՀ Ազգային ժողովը հունիսի 3-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը` քվեարկություններով ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը:

Օրենսդիրները շարունակել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի  քննարկումը: Եզրափակիչ ելույթում հիմնական եւ հարակից զեկուցողներն անդրադարձել են պատգամավորների դիրքորոշումներին` ընդգծելով օրինագծի ընդունման անհրաժեշտությունը: Նշենք, որ նախագծի  նպատակը  երաշխավորության համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխումն է:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած  «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Պատգամավորի տեղեկացմամբ` առաջարկվում է փոփոխել  Ազգային ժողովի կողմից նշանակվող կամ ընտրվող պաշտոններում նշանակելու կարգավորումները եւ վերացնել «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում առկա տեխնիկական  թերությունը, որը թույլ չի տալիս խորհրդարանին որոշ ժամանակաշրջանում համալրելու առաջացած թափուր  պաշտոնները: Փոփոխության ընդունման արդյունքում Ազգային ժողովի կողմից ընտրվող կամ նշանակվող պաշտոնները  կհամալրվեն   նաեւ  ԱԺ արտահերթ նիստում կամ նստաշրջանում: Նշվել է, որ գործող կարգավորումը թույլ է տալիս պաշտոնների համալրումն իրականացնել միայն հերթական նիստերի ընթացքում:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Աննա Կարապետյանը,  Կառավարության դրական դիրքորոշումը` ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը:

Հաջորդիվ առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Արտակ Մանուկյանի, Համազասպ Դանիելյանի, Սերգեյ Բագրատյանի, Վլադիմիր Վարդանյանի եւ Արթուր Դավթյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ  փաթեթը  միտված է ավելացնելու մշտական հանձնաժողովների հաշվետվողականությունը, հստակեցնելու  խորհրդարանական վերահսկողության գործիքակազմը եւ  բարձրացնելու հանձնաժողովի կողմից կայացվող որոշումների դերն  ու  արդյունավետությունը:

Փոփոխությունների ընդունման արդյունքում նախատեսվում է, որ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները յուրաքանչյուր հերթական նստաշրջանի վերջին հերթական նիստի օրակարգային հարցերը սպառվելուց հետո ամփոփ հաշվետվություն են ներկայացնելու Ազգային ժողովին եւ հանրությանը:
 
Այս եւ այլ փոփոխություններից բացի, հեղինակներն առաջարկում են խորհրդարանի մշտական հանձնաժողովների եւ խմբակցությունների աշխատակազմերը համալրել խորհրդականի հաստիքով, որը փորձագետի պաշտոնից տարբերվելու է իր հայեցողական բնույթով եւ առավելապես ուղղված է լինելու քաղաքական որոշումների կայացման արդյունավետության  բարձրացմանը: Առաջարկվում է խորհրդականի աշխատավարձը սահմանել վեց գործակցով:

Պատգամավորների հարցերը վերաբերել են ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատանքներն առավել թափանցիկ դարձնելուն ուղղված քայլերին, մշտական հանձնաժողովների հաշվետվություններին, խորհրդարանական դիվանագիտությանը:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը նշել է, որ նախագիծը հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն եւ կոչ է արել կողմ քվեարկել:

Հարակից զեկուցող արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշել է, որ ընդունելի է նախագծով առաջարկվող` հանձնաժողովների կողմից ամփոփ հաշվետվության ներկայացումը. ուսումնասիրվել է նաեւ միջազգային փորձը:

Վահե Դանիելյանը մտահոգիչ է համարել հատկապես հանձնաժողովի աշխատանքների քվորումի պահանջի փոփոխությունը, ինչը կարող է քաղաքական բոյկոտի գործիք հանդիսանալ եւ արհեստականորեն խոչընդոտել հանձնաժողովների աշխատանքը:

Անդրադառնալով հանձնաժողովի նախագահի խորհրդականի եւ խմբակցության խորհրդականի հաստիքների ստեղծման առաջարկին` Վահե Դանիելյանը նշել է, որ հաստիքների ստեղծումը  լրացուցիչ հիմնավորման կարիք ունի: Ըստ բանախոսի` երբ Կառավարությունը հաստատել է իր ծրագիրը, եւ որը հավանության է արժանացել նաեւ խորհրդարանի կողմից, արձանագրվել է, որ պետական կառավարման համակարգն ուռճացված է: Նրա խոսքով` հաստիքների ստեղծման առաջարկը խնդրահարույց է` հաշվի առնելով նաեւ համավարակի պայմաններում պետական բյուջեի միջոցների հնարավոր մուտքերի նվազումը,  ինչպես նաեւ ծախսերի առաջնահերթությունների փոփոխությունը:

Վահե Դանիելյանը խնդրահարույց է համարել նաեւ առաջարկվող հաստիքների համար 6 գործակցի սահմանումը` նշելով, որ պետական վարձատրության համակարգը խարսխված է այն սկզբունքների վրա, որ գործակիցները պետք է համապատասխանեն հստակ գործառույթների:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հարցի առնչությամբ ընդգծել է, որ գործադիրի գործընկերները եւ գերատեսչությունների ղեկավարները որպես կանոն ձեռնպահ են մնում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի այն փոփոխությունների վերաբերյալ ընդգծված դիրքորոշումներ արտահայտելուց, որոնք վերաբերում են Ազգային ժողովի ներքին աշխատանքների կազակերպման գործընթացին: ԱԺ նախագահի կարծիքով` պետական կառավարման համակարգի վերաբերյալ ուռճացվածության դատողությունների, բյուջեի, ստեղծված այլ հանգամանքների մանրազնին վերլուծությունը կարելի է սկսել եւ սկսել այլ գերատեսչություններից:

Ելույթներում պատգամավորները կարեւորել են հաշվետվողականության ինստիտուտի ընկալման եւ դրա շրջանակների ընդարձակման հրատապությունը, հանձնաժողովների ինտեգրված աշխատանքը, խորհրդարանի դերի բարձրացմանն ուղղված քայլերը, լսումների ինստիտուտի զարգացումը` ընդգծելով, որ կողմ են խորհրդարանական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված նախաձեռնություններին:

Անդրադարձ է կատարվել նաեւ քվորումի մեծացման պայմաններում բոյկոտի հնարավորությանը, առաջինից երկրորդ ընթերցում բոլոր պատգամավորներին` առաջարկություններ ներկայացնելու հնարավորության ընձեռնմանը վերաբերող կարծիքներին:

Մխիթար Հարապետյանը ելույթում եւս մեկ անգամ հաստատել է, որ Ազգային ժողովը խորհրդարանական կառավարման երկրում հավելյալ արհեստավարժ ռեսուրսի ներգրավման անհրաժեշտություն ունի:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշել է, որ կողմ են օրենքի ընդունմանը:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը լինելու է դինամիկ զարգացող փաստաթուղթ եւ յուրաքանչյուր գումարման ընթացքում փորձելու են մշակել, զարգացնել եւ ներառել այնպիսի դրույթներ, որոնք կնպաստեն աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Նա կոչ է արել կողմ քվեարկել նախագծին:

Եզրափակիչ ելույթում արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշել է, որ իրենց դիտարկումները վերահսկողական գործիքների ստեղծման վեաբերյալ միտված են միայն ավելի լավը դարձնելուն:

Մխիթար Հայրապետյանը եզրափակիչ ելույթում նշել է, որ ներկայացված նախագծի շուրջ ծավալված քննարկումը բավականին կառուցողական եւ բովանդակային էր, նույնիսկ եթե որոշ հարցադրումների մասով կային անհամաձայնություններ: Շնորհակալություն հայտնելով գործընկերներին` նա պատրաստակամություն է հայտնել քննարկել ներկայացված առաջարկներն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Այնուհետեւ խորհրդարանը քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հեղինակած «Փաստաբանության մասինե օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվող փոփոխություններն ու լրացումները պայմանավորված են փաստաբանների իրավունքների պաշտպանության եւ ՀՀ փաստաբանների պալատի  գործունեության արդյունավետությունը խթանող նոր կառուցակարգերի ներդրման անհրաժեշտությամբ` հաշվի առնելով նաեւ արդի տեխնոլոգիական զարգացումները: Նախատեսվում է Փաստաբանների պալատի խորհրդի նիստերն առցանց անցկացնելու հնարավորություն, որը թույլ կտա առանց համատեղ հավաքի, իրականացնել իրենց գործառույթները` կապի ժամանակակից միջոցներով եւ  իրենց իրավասության ներքո գտնվող օրակարգային հարցերով կայացնելով որոշումներ: Իրավատեխնիկական լուծումը թույլ կտա ապահովել խորհրդի գործունեության անընդհատությունը եւ նվազեցնել քվորումի բացակայության հետեւանքով պալատի խորհրդի նիստերի հետաձգման դեպքերը:

Նախագծով նախատեսվել են նաեւ նշված կառուցակարգերի արդյունավետ իրացմանն ուղղված օժանդակ իրավակարգավորումներ:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ նախագիծը հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն եւ կոչ է արել կողմ քվեարկել:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանը հայտարարել է, որ մինչեւ հանձնաժողովի նիստը կարծիք է հայտնել առ այն, որ կարգապահական վարույթների մասով գուցե նախագծում որոշակի շտկումներ կատարելու անհրաժեշտություն կա: Պատգամավորն ընդգծել է, որ առաջինից երկրորդ ընթերցում համապատասխան փոփոխություններ կկատարվեն եւ միգուցե նախագիծը կսահմանափակվի միայն հեռահար նիստեր եւ հարցման միջոցով նիստեր անցկացնելու հնարավորության ամրագրմամբ: Վլադիմիր Վարդանյանը կոչ է արել կողմ քվեարկել:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Առաջարկվում է ծննդի պետական գրանցման ակտում եւ ծննդյան վկայականում, ի թիվս այլ տվյալների` երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը եւ այլն, ծնողների փոխադարձ համաձայնությամբ նշվի նաեւ հանրային ծառայությունների համարանիշը:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը բարձրաձայնել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Ըստ պատգամավորի` նախաձեռնությունը միտված է վարչարարության նվազեցմանը:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են Կառավարության հեղինակած «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Ըստ հիմնական զեկուցող ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գոռ Մելիքյանի` «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքով ՀՀ պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերական կոմիտեն եւ դրանով պայմանավորված ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող գործառույթները փոխանցվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը, ինչի պատճառով անհրաժեշտություն է առաջացել վերոնշյալ օրենքներում կատարել համապատասխան փոփոխություններ:

Նախաձեռնությամբ նախատեսվում է հստակ տարանջատել եւ սահմանել ռազմարդյունաբերության ոլորտի պետական լիազոր մարմնի եւ ռազմարդյունաբերության ոլորտի պետական այլ մարմինների լիրազորությունները: Նաեւ պետական լիազոր մարմնին իրավասություն է վերապահվում արտադրատեսակների համար փորձարկումներն անցկացնել ՀՀ պաշտպանության նախարարության զորավարժարաններում:

Նախագծերում կատարվել են նաեւ մի շարք խմբագրական եւ տեխնիկական փոփոխություններ:

Գլխադասային` ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, ըստ Տիգրան Կարապետյանի, փաթեթին տվել է դրական եզրակացություն: Պատգամավորը հորդորել է կողմ քվեարկել նախաձեռնությանը:

Կառավարության հեղինակած «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը նույնպես քննարկվել է առաջին ընթերցմամբ: Հիմնական զեկուցող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի խոսքով` նախաձեռնությամբ սահմանվում է, որ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության պայմանագրի ծամկետի ավարտից հետո օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունը շարունակող զինծառայողների համար գործելու է համապատասխան չափերով գույքահարկի արտոնության իրավունքը: Նախագծով սահմանվում են նաեւ այդ իրավունքի դադարման դեպքերը: Փոխնախարարի տեղակացմամբ` առաջարկվող փոփոխությունների արդյունքում արտոնությունից օգտվող զինծառայողները շարունակելու են օգտվել այդ արտոնությունից:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արեն Մկրտչյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը քննարկման է ներկայացրել «Քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց բաղադրիչների, հրազենի, դրա հիմնական մասերի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի եւ պայթուցիկ սարքերի փոխանցման կարգի մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Արձանագրությունը ստորագրվել է Ադրբեջանի (վերապահումով), Հայաստանի (վերապահումով), Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի կողմից:

Արձանագրության նպատակն է խորացնել համագործակցությունը թմրանյութերի եւ զենքի անօրինական շրջանառության հետ կապված հանցագործությունների բացահայտման եւ քննության գործում, ինչպես նաեւ սահմանել քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրանյութերի եւ զենքի փոխանցման կարգ: Արձանագրության շրջանակում կողմերը համագործակցում են իրեղեն ապացույցների փոխանցման հարցերում, որն իրականացվում է կողմերի իրավասու մարմինների հարցումների հիման վրա: Կողմերի իրավասու մարմիններն ուղարկում, ստանում են հարցումներ, կազմակերպում են դրանց օպերատիվ եւ պատշաճ կատարումը: Իրավասու մարմինների ցանկում փոփոխությունների մասին յուրաքանչյուր կողմ 30 օրվա ընթացքում գրավոր ծանուցում է ավանդապահին:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է առաջին ընթերցման ընթացակարգով:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալի Իրինա Ղափլանյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությամբ կկատարելագործվի բնապահպանական կրթության եւ դաստիարակության համակարգի օրենսդրական դաշտը: Գործող օրենքով սահմանված չեն էկոլոգիական կրթության եւ դաստիարակության բնագավառում համայնքների լիազորություններն ու պարտականությունները, ուստի անհրաժեշտություն է առաջացել սահմանել այն իրավական ակտով: Առաջարկվող լրացումը, այն է` «ներառյալ համայնքում էկոլոգիական կրթության եւ դաստիարակության խթանումը» պահանջի կիրառումը, կնպաստի համայնքներում էկոլոգիական կրթության եւ դաստիարակության դերի բարձրացմանը, հայրենի բնության նկատմամբ պատասխանատու եւ հոգատար վերաբերմունքի ձեւավորմանը, հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

Առաջարկվում է որպես համայնքի պարտադիր խնդիր` ամրագրել համայնքում շրջակա միջավայրի պահպանությունը, ներառյալ էկոլոգիական կրթության եւ դաստիարակության խթանումը, ինչպես նաեւ համայնքի ղեկավարին տրվում է լիազորություն համայնքում իրականացվող էկոլոգիական ոչ ֆորմալ կրթության եւ դաստիարակության ծրագրերի իրականացման աջակցության հարցերում:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մերի Գալստյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, կարծիք է հայտնել, որ ոչ ֆորմալ կրթական հարթակները եւ ծրագրերն ընդհանուր էկոլոգիական կրթության զարգացման համատեքստում կարող են լինել արդյունավետ հավելյալ գործիքներ:

Պատգամավորներն իրենց հարցադրումներում եւ ելույթներում կարեւորել են իրականացվող բարեփոխումը, խոսել էկոլոգիական ռազմավարության իրականացման հարցում եղած խնդիրների, համայնքներում ծրագրի իրականացման խոչընդոտների մասին:

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը: Համաձայնագրի կնքման հիմնական նպատակը ԵԱՏՄ մի անդամ պետության տարածքից մեկ այլ անդամ պետության տարածք տեղափոխվող ապրանքների շրջանառության օրինականության ապահովումն է ապրանքների հետագծելիության մեխանիզմի կիրառման միջոցով, ինչպես նաեւ մաքսային եւ հարկային վճարների վճարումից խուսափելու տարբեր սխեմաների օգտագործումը բացառող պայմանների ստեղծումը` միաժամանակ ապահովելով ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների նկատմամբ հսկողություն: Սահմանվում է Եվրասիական տնտեսական միությունում հետագծելիության մեխանիզմի ստեղծման եւ գործունեության կարգը: Համաձայնագրի գործողությունը տարածվում է «բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգին համապատասխան բացթողումից հետո Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծված ապրանքների շրջանառության հետ կապված իրավահարաբերությունների վրա:

ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնել է հանձնաժողովի անդամ Նարեկ Մկրտչյանը:

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է հերթական նիստերի օրակարգում ընդգրկված եւ քննարկված օրինագծերն ու օրենսդրական փաթեթները:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը քննարկման է ներկայացրել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը: Նա մասնավորապես անդրադարձել է հեռարձակվող լրատվամիջոցների ազատության վիճակին, հանձնաժողովի անկախության երաշխիքներին, լիցենզավորման գործընթացին եւ ոլորտի խնդիրներին ու դրանց հաղթահարման ուղիներին, եթերի բովանդակությանը: Բանախոսը նշել է, որ միջազգային կառույցների, Հայաստանի մեդիաոլորտի փորձագետների գնահատականները, հանձնաժողովի ուսումնասիրությունները, ամենօրյա շփումը հեռարձակող կազմակերպությունների ղեկավար անձանց հետ, հեռարձակող կազմակերպություններին ուղղված գրավոր հարցադրումների պատասխանները վկայում են, որ իշխանությունները հիմնականում հավատարիմ են իրենց հռչակած սկզբունքներին եւ ստանձնած պարտավորություններին:

Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ` այն, որ նախորդ տարվա ընթացքում 5 լրատվամիջոց հանձնաժողովի դեմ հայցով դիմել է դատարան, ազատության եւ ժողովրդավարության կարեւոր ցուցիչ է. 2001 թվականից սկսած որեւէ գործող լրատվամիջոց նման հայցով դատարան չի դիմել:

Զեկուցողը ոլորտում տիրող իրավիճակը բավարար չի գնահատել` որպես պատճառ մատնանշելով անկատար եւ թերի օրենսդրությունը, վերջին տարիներին գովազդային դաշտի կտրուկ անկումը, լիցենզավորված հեռուստառադիոընկերությունների գործունեության ոչ հավասար պայմանները եւ այլն:
 
Տիգրան Հակոբյանը հույս է հայտնել, որ այս տարի ոլորտի օրենսդրությունը կբարեփոխվի եւ կընդունվի արդի պահանջներին համապատասխանող օրենք: Նա խոսել է հեռարձակողների իրական հիմնադիրների բացահայտման մեխանիզմներից` նշելով, որ այս ոլորտն այլեւս մենաշնորհված չէ:

Բանախոսն արձանագրել է, որ հաշվետու տարում իշխանության որեւէ ներկայացուցիչ չի միջամտել հանձնաժողովի գործունեությանը, հանձնաժողովը բոլոր որոշումներն ընդունել է ազատ, անկախ ու առանց ճնշումների` կրելով պատասխանատվություն այդ որոշումների համար: Գործարկվել է ժամանակակից կայք, ֆեյսբուքյան էջ, առաջին անգամ ուսումնասիրվել է պետական լեզվի օգտագործման վիճակը բնագավառում:

Հանձնաժողովի նախագահի համոզմամբ` հանձնաժողովը, սակայն, չունի այն ֆինանսական անկախությունը, որի նորմերն ընդունված են քաղաքակիրթ աշխարհում:

Հարցի քննարկումը խորհրդարանը կշարունակի հաջորդ հերթական նիստում:

Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը: Օրակարգում ընդգրկված մյուս հարցերը կքննարկվեն հաջորդ հերթական նիստերի ընթացքում:
 
 


03.06.2020
Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել
Հունիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովը հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո, պատգամավորների նախաձեռնությամբ, հրավիրել է արտահերթ նիստ՝ օրակարգով ունենալով երկու օրենսդրական նախաձեռնություն, որոնք կքննարկվեն հատուկ ընթացակարգով, այսինքն, նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը խորհրդարանի որոշմամբ կիրական...

03.06.2020
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ հունիսի 3-ին կայացած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ ԱԺ պատգամավորներ  Աննա Կարապետյանի եւ Վլադիմիր Վարդանյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրակա...

03.06.2020
Արարատ Միրզոյանը ցավակցել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ
Ցավով տեղեկացա ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանի կյանքից հեռանալու լուրի մասին: Ազգային ժողովի պատգամավորների, աշխատակազմի եւ անձամբ իմ անունից ցավակցում եմ Խաչատրյանների ընտանիքին, հարազատներին եւ ընկերներին: ...

03.06.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 16:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am