Տպել
08.06.2020
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 11

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ հունիսի 8-ին գումարել է իր հերթական նիստը:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն են տվել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Շաքե Իսայանի հեղինակած «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծին: Հիմնական զեկուցող եւ համահեղինակ Նաիրա Զոհրաբյանի խոսքով` առաջինից երկրորդ ընթերցում նախագծում կատարվել է մեկ տեխնիկական փոփոխություն, որը ներկայացրել է Կառավարությունը:

Հիշեցնենք, որ նախաձեռնության ընդունմամբ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամները եւս հնարավորություն կունենան օգտվելու հանրային պաշտպանի ինստիտուտի անվճար ծառայությունից:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանի ներկայացմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին» հարցը:

Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ արձանագրությունն ընդունվել է 2008թ. դեկտեմբերի 10-ին, մեր երկիրն այն ստորագրել է 2009թ. սեպտեմբերի 29-ին: 2019թ. նոյեմբերի վերջի դրությամբ փաստաթուղթը ստորագրել է 45 պետություն, վավերացրել 24-ը:

Վավերացնելով արձանագրությունը` Հայաստանը կստանձնի պարտավորություն ընդունել իր իրավազորության ներքո գտնվող անհատներից կոմունիկացիաներ, հաղորդումներ` այս դաշնագրով նրանց իրավունքների խախտումների վերաբերյալ:

Փաստաթուղթը մանրամասնորեն կարգավորում է դաշնագրի շրջանակում ստացված հաղորդումների քննության ընթացքը, բարեկամական կարգավորման հնարավորությունները եւ այլն:

Փոխնախարարի խոսքով` արձանագրության վավարեցմամբ ավելի կամրապնդվի Հայաստանի եւ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի ու ՄԱԿ Մարդու իրավունքների պայմանագրային մարմինների, մասնավորապես տնտեսական, սոցիալական, մշակութային իրավունքների հարցով ՄԱԿ-ի կոմիտեի միջեւ փոխգործակցությունը` էլ ավելի բարձրացնելով մարդու իրավունքների ոլորտում ՀՀ միջազգային հեղինակությունը: