Տպել
12.06.2020
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են «ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները
1 / 8

Հունիսի 12-ին ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի ու ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Նարեկ Զեյնալյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ քննարկվել է «ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը վերաբերել է առողջապահության եւ սոցիալական ոլորտներում նախատեսված ծրագրերի իրականացմանն ու դրանց ֆինանսավորմանը:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է ֆինանսական հատկացումներին, իսկ ոլորտների պատասխանատուներն առավելապես խոսել են ոլորտային ծրագրերից, դրանց արդյունավետության ավելացմանն ուղղված միջոցառումներից, որոշ դեպքերում անհրաժեշտ համարել օրենսդրական բարեփոխումների իրականացումը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել ոլորտային հատկացումները: 2019 թ-ին իրականացվել է պետական բյուջեի 16 ծրագիր` 121 միջոցառում, որոնց ընդհանուր առմամբ տրամադրվել է շուրջ 454 մլրդ դրամ` ապահովելով տարեկան ծրագրի 97.5%-ը:

Հաշվետու ժամանակահատվածում անապահով սոցիալական խմբերին աջակցության ծախսերը կազմել են 32.2 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրված ցուցանիշի 93.9% ը:

Հաշվետու տարում ծրագրված շուրջ 93733 ընտանիքի փոխարեն նպաստ է ստացել 93397 ընտանիք:

18 տարեկանից բարձր տարիքի անձանց խնամքի ծառայությունների ծրագրի շրջանակներում 2019 թվականին ՀՀ պետական բյուջեից տրամադրվել է 2.5 մլրդ դրամ` կազմելով նախատեսված ցուցանիշի 95.8%-ը: Բնակչության շուրջօրյա խնամքի սոցիալական պաշտպանության հաստատություններում խնամվող տարեցների եւ հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց փաստացի թիվը կազմել է 1168` նախատեսված 1210-ի դիմաց:

Ժողովրդագրական վիճակի բարելավման ծրագրի շրջանակներում օգտագործվել է նախատեսված միջոցների 98.6%-ը` շուրջ 14.5 մլրդ դրամ: 2019 թվականին նորածինների թիվը կազմել է 35448:

2019 թվականին մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների գծով ծախսերը կազմել են 2.7 մլրդ դրամ կամ նախատեսվածի 99%-ը: Միջոցառման շրջանակներում փաստացի երեխայի խնամքի նպաստ է ստացել ամսական միջին հաշվով 12629 երեխա` նախատեսված 12754-ի դիմաց:

Անաշխատունակության դեպքում սոցիալական աջակցության ծրագրի ծախսերը կազմել են 12.3 մլրդ դրամ կամ նախատեսված միջոցների 96.3%-ը: Մայրության նպաստ ստացող չաշխատող անձանց թիվը 2019 թ-ին նախատեսված 27426-ի դիմաց կազմել է 23621:

Ժամանակավոր անաշխատունակության դեպքում նպաստի գծով ծախսերը կազմել են 2.8 մլրդ դրամ` ապահովելով 99.2% կատարողական: Ժամանակավոր անաշխատունակության թերթիկների տպագրության համար նախատեսված միջոցներն օգտագործվել են 75%-ով, որոնք կազմել են 981.1 հազար դրամ:

Զբաղվածության ծրագրի միջոցառումներին տրամադրվել է 1.7 մլրդ դրամ` կազմելով ծրագրված ցուցանիշի 85%-ը: Ծրագրի շրջանակներում իրականացվել են 17 միջոցառումներ:

Բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում պետական բյուջեից օգտագործվել է ավելի քան 3.8 մլրդ դրամ` ապահովելով 90.5% կատարողական:

Բնակարանային ապահովման եւ պայմանների բարելավման նպատակով աջակցություն ստացող շահառուների թիվը կազմել է 24` նախատեսված 62-ի փոխարեն:

Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման նպատակով տրամադրվել է 1.8 մլրդ դրամ` ապահովելով 98.5% կատարողական:

Միջոցներն ուղղվել են 315 բնակարանի ձեռքբերմանը (նախատեսված 319-ի դիմաց), որից 22-ը` Արագածոտնի մարզում, 191-ը` Լոռու մարզում, 102-ը` Շիրակի մարզում:

ՀՀ մանկատան շրջանավարտներին բնակարանի ապահովման ծախսերը կազմել են 1.9 մլրդ դրամ` ապահովելով 100% կատարողական: Միջոցառման շրջանակներում 2019 թվականին բնակարանով ապահովվել է 86 շահառու` նախատեսված 301-ի փոխարեն:

Սոցիալական պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում եւ մոնիթորինգ ծրագրի միջոցառումներին պետական բյուջեից տրամադրվել է 5.6 մլրդ դրամ` ապահովելով 90.7% կատարողական:

Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակներում հաշվետու տարում օգտագործվել է հատկացված միջոցների 90.8%-ը`1.1 մլրդ դրամ:

ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման նպատակով 2019 թվականին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին տրամադրվել է ավելի քան 8 մլրդ դրամ` ապահովելով 100% կատարողական:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է իր ղեկավարած գերատեսչության 2019թ-ի բյուջեի կատարողականը: Նախարարության պատասխանատվությամբ 2019 թվականի ընթացքում կատարվել են 12 ծրագրեր, որոնց ուղղվել է շուրջ 97.6 մլրդ դրամ` ապահովելով ծրագրված ցուցանիշի 95.7%-ը:

Շեղումը հիմնականում պայմանավորված է առողջապահության համակարգի արդիականացման եւ արդյունավետության բարձրացման ու ոլորտում պետական քաղաքականության մշակման ծրագրերի կատարողականով:

4.3 մլրդ դրամ տրամադրվել է Հանրային առողջության պահպանման ծրագրին` կազմելով նախատեսվածի 95%-ը: Շեղումը հիմնականում պայմանավորված է «Իմունականխարգելման ազգային ծրագիր» միջոցառման կատարողականով:

Ավելի քան 1.8 մլրդ դրամ է օգտագործվել բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման եւ հանրային առողջապահության ծառայությունների ձեռքբերման նպատակով` ապահովելով ծրագրի 100% կատարողական: Հակահամաճարակային միջոցառումների իրականացման նպատակով կատարվել են 452666 հետազոտություններ` կանխատեսված 542000-ի դիմաց:

Առողջապահության համակարգի արդիականացման եւ արդյունավետության բարձրացման ծրագրի ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են շուրջ 2 մլրդ դրամ կամ նախատեսվածի 55.5%-ը:

Առողջության առաջնային պահպանման ծրագրի շրջանակներում պետական բյուջեից օգտագործվել է շուրջ 25.6 մլրդ դրամ` կազմելով ծրագրված ցուցանիշի 99.2%-ը: Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայությունների գծով ծախսերը կազմել են 24.9 մլրդ դրամ կամ նախատեսվածի 99.2%-ը:

Ավելի քան 2.6 մլրդ դրամ է օգտագործվել առողջապահության ոլորտում պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման եւ մոնիտորինգի նպատակով` կազմելով ծրագրի 67.7%-ը:

Դեղապահովման ծրագրի շրջանակներում օգտագործվել է շուրջ 2.6 մլրդ դրամ, որը կազմել է ծրագրով նախատեսված ցուցանիշի 96.3%-ը: Նշված գումարից ավելի քան 2.5 մլրդ դրամը տրամադրվել է ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին եւ հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց դեղորայքի տրամադրմանը, որը կազմել է ծրագրված ցուցանիշի 96.2%-ը: Անվճար եւ արտոնյալ պայմաններով դեղ ստացող հիվանդների թիվը նախատեսված 175000-ի փոխարեն կազմել է 234747:

«Մոր եւ մանկան առողջության պահպանման ծրագրի» շրջանակներում օգտագործվել է շուրջ 17.5 մլրդ դրամ` ապահովելով 98.4% կատարողական:

Ավելի քան 6.9 մլրդ դրամ է տրամադրվել մանկաբարձական բժշկական օգնության ծառայությունների ձեռքբերմանը` ապահովելով 98.4% կատարողական: Ծառայությունների միջին գնի նվազման շնորհիվ պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում 2019 թվականին ծառայություններից օգտվելու դեպքերի թիվը կազմել է 51811` բյուջեով կանխատեսված 49685-ի դիմաց:

Երեխաներին բժշկական օգնության ծառայությունների ձեռքբերմանն ուղղվել է ավելի քան 9.7 մլրդ դրամ կամ նախատեսվածի 99.3%-ը: Ծրագրի շրջանակներում առաջին կիսամյակում մինչեւ 7 տարեկան, իսկ երրորդ եռամսյակից` մինչեւ 18 տարեկան երեխաներին տրամադրվել է հիվանդանոցային բուժօգնություն` անկախ երեխայի հիվանդության ախտորոշումից եւ սոցիալական կարգավիճակից: Ծրագրի շրջանակներում բուժօգնություն է ստացել 89078 հիվանդ` բյուջեով կանխատեսված 74575-ի դիմաց:

Շտապ բժշկական օգնության ծրագրի շրջանակներում օգտագործվել է 4 մլրդ դրամ` ապահովելով 98.9% կատարողական: Ավելի քան 3.9 մլրդ դրամ է տրամադրվել շտապ բժշկական օգնության ծառայություններին` կազմելով ծրագրային ցուցանիշի 98.9%-ը: Շեղումը պայմանավորված է ցածր արժեքով կանչերի մեծ թվով: Ոչ վարակիչ հիվանդությունների բժշկական օգնության ապահովման ծրագրի շրջանակներում օգտագործվել է 12.5 մլրդ դրամ` կազմելով նախատեսվածի 98.4%-ը: Ծրագրի շրջանակներում անհետաձգելի բուժօգնություն է ստացել 25326 հիվանդ` բյուջեով կանխատեսված 23740-ի դիմաց:

Հեմոդիալիզի եւ պերիտոնիալ դիալիզի անցկացման ծառայությունների ծախսերը 2019 թվականին կազմել են ավելի քան 2.5 մլրդ դրամ` ապահովելով ծրագրի 99.6% կատարողական: Հատկացված միջոցներով պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում իրականացվել է 140680 հազար սեանս` նախատեսված 146709 հազար սեանսի դիմաց:

Ուռուցքաբանական եւ արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայությունների ծախսերը կատարվել են 99%-ով` կազմելով ավելի քան 2.9 մլրդ դրամ: 2019 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում բյուջեով կանխատեսված 17901 հիվանդի դիմաց բուժօգնություն է ստացել 17969 հազար հիվանդ:

Սոցիալապես անապահով եւ առանձին խմբերի անձանց բժշկական օգնության ծրագրի շրջանակներում հաշվետու տարվա ընթացքում օգտագործվել է շուրջ 22.8 մլրդ դրամ` ապահովելով ծրագրված ցուցանիշի 98.4%-ը:

Ավելի քան 15.2 մլրդ դրամ է տրամադրվել սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկվածներին տրամադրվող բժշկական օգնության ծառայությունների ֆինանսավորմանը` ապահովելով 99.1% կատարողական: Ծրագրի շրջանակներում բուժօգնություն է ստացել 189620 հիվանդ` բյուջեով կանխատեսված 158251-ի դիմաց:

Զինծառայողների, ինչպես նաեւ փրկարար ծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների համար բժշկական օգնության ծառայությունների ծախսերը կազմել են ավելի քան 3.2 մլրդ դրամ` ապահովելով ծրագրի 93.5% կատարողական: Միջոցառման շրջանակներում բուժօգնություն է մատուցվել 37264 հիվանդի` բյուջեով կանխատեսված 32065-ի դիմաց:

Պետական հիմնարկների եւ կազմակերպությունների աշխատողների բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների ծախսերը կազմել են 3.8 մլրդ դրամ` 100%-ով ապահովելով ծրագրի կատարումը: Միջոցառման շրջանակներում ապահովագրական ընկերությունների կողմից հատուցվել է 28116 դեպք` կանխատեսված 25214-ի դիմաց: Միաժամանակ իրականացվել են սոցիալական փաթեթի 80459 շահառուների կանխարգելիչ քննություններ` կանխատեսված 100000-ի դիմաց:

Պատգամավորների հարցերն ուղղված բանախոսներին առնչվել են ոլորտներում եւ գերատեսչություններում իրականացված ծրագրերի ֆինանսավորմանը, որոշ ծրագրերի թերկատարմանը, առկա խնդիրների լուծման ուղիների նպատակահարմարությանը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...