Տպել
18.06.2020
ՀՀ օրհներգի հնչյունների ներքո ավարտվել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանը
1 / 40

ՀՀ Ազգային ժողովը հունիսի 18-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները շարունակել են քննարկել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջադրել է Կամո Սարգսյանի թեկնածությունը:

Պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձել են տարբեր ոլորտներում առկա մի շարք խնդիրների` թեկնածուին առաջարկելով հանձնաժողովում դիտարկել բարձրացված խնդիրների լուծման տարբերակներ` առաջնորդվելով հանրության շահերի պաշտպանությամբ:

Կայացած գաղտնի քվեարկության արդյունքներով` կողմ 86, դեմ 8 ձայների հարաբերակցությամբ Կամո Սարգսյանն ընտրվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ:

Առաջին ընթերցմամբ  քննարկվել է «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ  «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը հայտնել է, որ  առաջարկվում է վճռաբեկության կարգով գործերի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգի հիման վրա: Նախագծին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

Հաջորդիվ առաջին ընթերցմամբ  քննարկվել է  ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահագն Թեւոսյանի, Մխիթար Հայրապետյանի եւ Արման Բաբաջանյանի հեղինակած «Տեսալսողական մեդիայի մասին» եւ  «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Հիմնական զեկուցող Վահագն Թեւոսյանը հայտնել է, որ  ընդունվելու պարագայում փաթեթը փոխարինելու է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» գործող օրենքին, որը,   ըստ հեղինակի, արդեն ժամանակավրեպ է:

Օրենսդրական փաթեթի նպատակն է ապահովել յուրաքանչյուրի իրավունքը` ստանալու հավաստի տեղեկատվություն, երաշխավորել խմբագրական անկախության եւ կարծիքի արտահայտման ազատության իրավունքը, ապահովել տեսալսողական մեդիայի ոլորտը կարգավորող մարմնի անկախությունը, հանրային տեսալսողական մեդիածառայությունների գործունեության նկատմամբ կառավարումն ապահովող եւ հսկողություն իրականացնող մարմնի անկախությունը, տեսալսողական տեղեկատվության տարածքի պաշտպանությունն ու զարգացումը, ապահովել, օժանդակել եւ զարգացնել տեսալսողական հաղորդումների բազմազանությունը:

Նախագիծը սահմանում է տեսալսողական մեդիածառայությունների, տեսալսողական տեղեկատվություն տարածողների կարգավիճակը, կանոնակարգում է լիցենզավորման, թույլտվության տրամադրման, ծանուցումների ստացման կարգը, իրավունքների եւ պարտականությունների առաջացման հիմքերն ու գործունեության ընթացքում ծագող հարաբերությունները: Այն չի տարածվում համացանցի վրա` բացառությամբ ցանցային օպերատորների գործունեության:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հանրային հեռարձակողների տեսալսողական արտադրանքի որակի բարձրացում, իրավական բարենպաստ եւ հեռանկարանային դաշտի ստեղծում, ոլորտում հավասար մրցակցային միջավայրի ստեղծում, բարձրորակ լրագրության ստեղծում, մեդիա գրագիտության բարձրացում, ատելության խոսքի նվազում, մեդիայի արդյունավետ կառավարում, մեդիա ոլորտում սեփականության իրավունքների թափանցիկություն, հավաստի եւ բովանդակալից մեդիա արտադրանքի ապահովում եւ պատասխանատվության անհատականացման ապահովում:

Օրինագծում ներկայացված են պահանջներ, որոնց առկայության դեպքում միայն որեւէ սուբյեկտ կկարողանա համարվել Հայաստանի Հանրապետությունում գործող տեսալսողական մեդիածառայություն: Նշվել է, որ   նախագծի  կարեւորագույն նպատակներից մեկը տեսալսողական հաղորդումներում հավաստի տեղեկատվության ապահովումն է: Նախագծով կարգավորվում է նաեւ մայրենի լեզվի անվտանգությունը. առաջարկվում է անցում կատարել հայերեն լեզվով հաղորդումների` անկախ տեսակներից: Նախատեսվում է պահանջ, համաձայն որի, այլ լեզուներով տեսալսողական հաղորդումները պետք է կրկնօրինակել, հնչյունավորել կամ դրանք մատուցել բնօրինակով եւ ենթագրերով:

Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել սպառիչ պատասխաններ:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի  հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը` չափազանց կարեւորելով փաթեթի ընդունումն ու գործընկերներին հորդորելով կողմ քվեարկել:

ՀՀ Կառավարության կարծիքը եւս փաթեթի վերաբերյալ դրական էր, այն ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը հայտնել է Անի Սամսոնյանը: Պատգամավորը ողջունել է կատարված մեծ աշխատանքը` նշելով, սակայն, որ այն չի կարելի համարել ամբողջական, քանի որ օրինագծից բացակայում են էլեկտրոնային լրատվամիջոցներին վերաբերող դրույթները:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Խոսելով քաղաքական գործչի խոսքի կշռի, քաղաքական թիմի ստանձնած պարտավորությունների եւ տված խոստումների մասին` բանախոսն ընդգծել է, որ ներկայացված օրենսդրական փաթեթի մշակումն ու իրագործումն իրենց նախընտրական ծրագրի կետերից մեկն է եղել: Այս համատեքստում Մխիթար Հայրապետյանը, անդրադառնալով նախորդ տարվա իր տված խոստումներին, տեղեկացրել է, որ շրջանառության մեջ է դրվել «Կինոյի մասին» օրենքի նախագիծը եւ հույս հայտնել, որ ավելի ուշ` նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Հայրենադարձության մասին» օրինագիծը կդրվի շրջանառության մեջ: Անդրադառնալով հնչեցված այն քննադատությանը, որ փաթեթով չեն լուծվում էլեկտրոնային լրատվամիջոցների խնդիրները` հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ այն նախատեսված է հեռուստատեսության եւ ռադիոյի համար: Պատգամավորը նշել է, որ նախագծով խրախուսվում է լավ արտադրանքը, որակյալ բովանդակությունը:

Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ այս ընթացքում լրատվամիջոցներից մեկում օրենքի նախագծի մասին գրվել է` «Ազգային ժողովում քննարկվում է ռուսական հեռուստաալիքների դեմ օրենքի նախագիծը» վերնագրով նյութ:

«Կես ժամ եմ տալիս այդ լրատվամիջոցի շեֆերին: Կամ վերնագիրը փոխում եք կամ նյութը հեռացնում, որովհետեւ մեր ռուս գործընկերների հետ, նաեւ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը փաստեց, փայլուն երկխոսել ենք: Ես էլ անձամբ ՌԴ դեսպանի հետ եմ խոսել: Վե՛րջ տվեք նման գործելաոճին: Մենք պարզապես խոսում ենք մի օրինագծի մասին, որը միտված է մեր լեզվական անվտանգության բարձրացմանը»,- ասել է նա:

Եզրափակիչ ելույթներում հիմնական զեկուցող Վահագն Թեւոսյանն ու հարակից զեկուցողներ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը եւս կոչ են արել լրատվամիջոցներին դադարեցնել նմանատիպ նյութերի տարածումը, ազգային անվտագության մարմիններին առաջարկել հետեւել եւ միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ:

Օրենսդրական փաթեթի համահեղինակ Վահագն Թեւոսյանը նաեւ անդրադարձել է հնչեցված հարցադրումներին, տվել պարզաբանումներ:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկել է ՀՀ կառավաության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը նշել է, որ օրենսդրական փաթեթի վերաբերյալ ստացվել են հիմնականում տեխնիկական բնույթի բանավոր առաջարկներ, որոնք մեծամասամբ ընդունվել են:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել են նաեւ Կառավարության հեղինակած «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ դրանց կից ներկայացված օրինագծերի փաթեթները,  «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանի ներկայացմամբ պատգամավորները քննարկել են «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը:

Ըստ հիմնական զեկուցողի` համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի դեկտեմբերի 20-ին, Սանկտ Պետերբուրգում:

Փոխնախարարը նշել է, որ ներկայում ԱՊՀ անդամ մի շարք պետությունների միջեւ գործում է «Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» 1992 թվականի մարտի 13-ին ստորագրված համաձայնագիրը, ըստ որի` մասնակից պետությունների տարածքներում ձեռք բերված աշխատանքային ստաժի համար կենսաթոշակը նշանակում եւ վճարում է քաղաքացու բնակության վայրի պետությունը: Հաշվի առնելով այդ համաձայնագրի իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրները եւ այն հանգամանքը, որ ԵՏՄ անդամ պետությունների միջեւ նախատեսվում է աշխատուժի ազատ տեղաշարժ` անհրաժեշտություն է առաջացել ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիների կենսաթոշակային ապահովության հետ կապված հարաբերությունները կանոնակարգել նոր սկզբունքների ներքո:

Փաստաթղթով աշխատողի կենսաթոշակային իրավունքները ձեւավորվում եւ իրականացվում են այն պայմաններով եւ կարգով, որով ձեւավորվում եւ իրականացվում են աշխատանքի տեղավորման պետության այլ քաղաքացիների կենսաթոշակային իրավունքները: Կենսաթոշակն արտահանվելու է, եւ յուրաքանչյուր պետություն հաշվարկելու եւ վճարելու է իր տարածքում ձեռք բերած աշխատանքային ստաժի համար` իր օրենսդրությամբ սահմանված կարգով` անկախ այն հանգամանքից, թե համաձայնագրի անդամ որ պետությունում է բնակվում անձը: Կենսաթոշակի չափը չի կարող նվազել, վճարումը չի կարող դադարեցվել համաձայնագրի այլ անդամ պետությունում բնակվելու հիմքով:

Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո ձեռք բերված աշխատանքային ստաժի համար կենսաթոշակը կնշանակի եւ կվճարի այն անդամ պետությունը, որի տարածքում ձեռք է բերվել ստաժը, իսկ մինչեւ փաստաթղթի ուժի մեջ մտնելը ձեռք բերված աշխատանքային ստաժի համար շարունակվելու է կիրառվել 1992 թվականի մարտի 13-ի համաձայնագիրը:

Գլխադասային` ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արամ Խաչատրյանը:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել է ՀՀ կառավարության եւ ԱԺ պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Վահե Ղալումյանի, Սերգեյ Բագրատյանի, Վահագն Հովակիմյանի, Համազասպ Դանիելյանի, Գեւորգ Գորգիսյանի հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի ներկայացմամբ` խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած  «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ հիմնական զեկուցողի` օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվում է օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտե: ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվում են այդ մարմնի կանոնադրությունը եւ օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագիրը:

Նախաձեռնությամբ օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագրի հաստատման իրավասությունը վերապահվում է քաղաքացիական ավիացիայի ոլորտի քաղաքականություն մշակող լիազորված մարմնին: Փոխնախարարի խոսքով` հաճախ առաջանում են այնպիսի խնդիրներ, որոնց լուծում պետք է տրվի շատ սեղմ ժամանկահատվածում եւ դա ապահովելու համար առավել նպատակահարմար է, որպեսզի վերոհիշյալ ծրագրի հաստատումը վերապահվի քաղաքականություն մշակող լիազորված մարմնին: Վերջինիս նման լիազորություն վերապահելով առավել հեշտացվում է ծրագրում փոփոխություններ կատարելու ընթացակարգը, որը, ըստ զեկուցողի, շատ կարեւոր նախադրյալ է օդային փոխադրումների  բնականոն գործունեության ապահովման համար:

Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Կարեն Համբարձումյանը:

Առաջին ընթերցմամբ խորհրդարանը քննարկել է «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որի հեղինակներ են ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Սոնա Ղազարյանը եւ Սիփան Փաշինյանը: Սիսակ Գաբրիելյանի համոզմամբ` առաջարկվում են արմատական փոփոխություններ: Նախաձեռնությամբ կարմիր գծերը կգործեն միայն  Կենտրոն վարչական շրջանում եւ Արաբկիր վարչական շրջանի որոշ հատվածներում: Վարորդները համապատասխան գումարը չվճարելու դեպքում կտուգանվեն բացառապես տեսանյութի առկայության դեպքում: Բոլոր այն վայրերում, որտեղ կարմիր գծեր կլինեն, կտեղադրվեն տեսախցիկներ, եւ վարորդը տուգանվելու դեպքում կստանա ավտոկայանատեղիում  տրանսպորտային միջոցի կայանումն ամրագրած տեսանյութ: Պատգամավորը տեղեկացրել է, որ մինչ նոր տրանսպորտային համակարգի ներդրումը սակագնային փոփոխություններ չեն լինի, միայն տարեկան բաժանորդագրության գումարի չափն է բարձրացել: Առաջարկվել է սակագինը սահմանել ոչ միայն ըստ վարչական շրջանների, այլ նաեւ` ըստ գոտիների. այս դեպքում ավագանին կորոշի, թե որեւէ տնտեսվարողի վճարովի ավտոկայանատեղի տրամադրելիս ինչպիսի սակագին սահմանի:

Հարակից զեկույցում ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ Երեւանում երթեւեկության կազմակերպումն աստիճանաբար պետք է բարելավվի եւ այս հարցում կարեւորել համակարգային լուծումները: Նշելով, որ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն` Վարազդատ Կարապետյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում կլինեն առաջարկներ, որոնց հիման վրա օրենսդրական փաթեթը կբարեփոխվի:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ Կառավարությունը կողմ է առաջարկվող կարգավորումներին` նշելով, որ առկա իրավական հարցերի ուղղությամբ առաջինից երկրորդ ընթերցում աշխատանք կտարվի:

Պատգամավորներն իրենց ելույթներում ու հարցադրումներում անդրադարձել են քաղաքի բեռնաթափմանը, խոսել նախագծի ռիսկային դրույթների, 10 վարչական շրջանից կարմիր գծերը հանելու նպատակահարմարության, տուգանվելիս վարորդի ծանուցման եղանակի եւ այլ խնդիրների մասին:

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2016 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը: Համաձայնագիրը ստորագրվել է 2019թ. հոկտեմբերի 24-ին: Համաձայնագրով ամրագրված է հիմնական համագործակցության շրջանակը. ԳԴՀ կառավարությունը հնարավորություն է տալիս ՀՀ կառավարությանը Վերականգնման վարկերի բանկից («KfW» բանկ) ներգրավելու վարկային միջոցներ եւ  ֆինանսական օժանդակություն: Այսպիսով` «Գերմանահայկական հիմնադրամ, վերաֆինասավորման գիծ I» ծրագրի իրականացմանն ու աջակցմանն ուղղված անհրաժեշտ հարակից միջոցառումների համար նախատեսվում է մինչեւ 750,000 եվրո, «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում» 1-ին ծրագրի իրականացմանն ու աջակցմանն ուղղված անհրաժեշտ հարակից միջոցառումների համար` մինչեւ 2,700,000 եվրո, «Համայնքային ենթակառուցվածքներ II, 3-րդ փուլ» ծրագրի շրջանակում` հավելյալ մինչեւ 2,000,000 եվրո, Հայաստանում գյուղատնտեսական ապահովագրման ներդրման ծրագրի շրջանակում` ընդհանուրը 5,339,139.38 եվրոյի չափով ֆինանսական օժանդակություն: «Գերմանահայկական հիմնադրամ, վերաֆինասավորման գիծ I» ծրագրի համար նախատեսվում է արտոնյալ պայմաններով տրամադրվող մինչեւ 20,000,000 մլն եվրո գումարի չափով վարկ:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանի հեղինակած «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ: Ներկայացնելով հայեցակարգային դրույթները` հեղինակը նշել է, որ ոլորտն ուսումնասիրելիս եկել են այն եզրահանգման, որ ներկա օրենսդրությունը ներդրողների համար սահմանափակումներ է մտցնում: Առաջարկվող կարգավորմամբ բանկի խորհրդի անդամը կարող է միաժամանակ լինել այլ բանկի խորհրդի անդամ: Արտակ Մանուկյանի խոսքով` փորձ է արվում պաշտպանել նաեւ փոքր բաժնետերերի շահերը:

Կարեւորելով առաջարկվող կարգավորումները` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Եղիշե Սողոմոնյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նրա խոսքով` նախագծով բարենպաստ միջավայր կստեղծվի բանկերի ու վարկային կազմակերպությունների գործունեության համար:

ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը կարեւորել է նախաձեռնությունը կորպորոտիվ կառավարման եւ բանկային համակարգում անկախ տնօրենների ինստիտուտի ներդրման համատեքստում:

Կառավարության հեղինակած «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը եւս քննարկվել է առաջին ընթերցման ընթացակարգով:  ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի տեղեկացմամբ` փաթեթի ընդունումը պայմանավորված է կոնյակի սպիրտի արտադրության, ինչպես նաեւ մեղրից թորված 40 տոկոս եւ ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեություն սկսող տնտեսվարողների համար նպաստավոր պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ: Նախագծով ծանուցման ենթակա գործունեության տեսակները լրացվում է «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրություն` առանց իրացման իրավունքի» գործունեության տեսակով, որի իրավունքի ձեռք բերման համար սահմանվում է 50 հազար դրամ տարեկան պետական տուրք: Մեղրից թորված 40 տոկոս եւ ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար սահմանվում է 50, իսկ մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների համար 25 հազար դրամ տարեկան պետական տուրք: Մեղրից թորված 40 տոկոս եւ ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության իրավունք ձեռք բերելու համար սահմանված տարեկան տուրքի դրույքաչափը կկազմի 15 մլն դրամ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ Աղազարյանը բարձրաձայնել է հանձնաժողովի դրական եզրակացության մասին:

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ` առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը  ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

Համաձայնագրի նպատակն է փոխադարձության հիման վրա ստեղծել արագ եւ արդյունավետ ընթացակարգեր այն անձանց հայտնաբերման եւ անվտանգ ու կանոնակարգված վերադարձի համար, որոնք չեն բավարարում կամ այլեւս չեն բավարարում Հայաստանի կամ Եվրոպական միության անդամ պետություններից մեկի տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու կամ բնակվելու համար պահանջներին եւ դյուրացնելու այդպիսի անձանց տարանցումը: Համաձայնագրով սահմանված են հետընդունման մասով Հայաստանի եւ Եվրոպական միության պարտավորությունները, հետընդունման ընթացակարգը, տարանցման գործողությունները, ծախսերը, տվյալների  պաշտպանությունը եւ մի շարք այլ հարցեր: Համաձայնագրի 20-րդ հոդվածը սահմանում է, որ Կողմերը կարող են կազմել կիրարկող արձանագրություն, որում ի թիվս մի շարք հարցերի կորոշակիացվի նաեւ իրավասու մարմինների նշանակումը, սահմանային անցակետերին եւ կոնտակտային անձանց վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը, ուղեկցությամբ վերադարձի պայմանները` ներառյալ երրորդ երկրի քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց ուղեկցությամբ տարանցումը, միջոցները եւ փաստաթղթերը` ի հավելումն  համաձայնագրի 1-4-րդ հավելվածներում թվարկվածների, հետընդունման ձեւերը` արագացված ընթացակարգերի ներքո, հարցազրույցների ընթացակարգը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը:

Պատգամավորները քննարկել են «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հիմնարար հետազոտությունների ոլորտում միջպետական հարաբերությունների համակարգման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Համաձայնագրի նպատակն է համակարգել ԱՊՀ մասնակից պետությունների գործունեությունը, ձեւավորել հիմնարար հետազոտությունների, համատեղ նախագծերի եւ ծրագրերի փորձաքննության միասնական (համաձայնեցված) համակարգ, ինչպես նաեւ ներդաշնակեցնել հիմնարար գիտությունների ոլորտում համագործակցության իրավական դաշտը: Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում են մասնակից պետություններում հետազոտողների գիտական այցերի եւ վերապատրաստումների կազմակերպում, հատկապես կարեւորվում է հիմնարար հետազոտություններ իրականացնելու նպատակով երիտասարդ գիտնականների ներգրավումը:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ ԿԳՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը բարձրաձայնել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Ծովինար Վարդանյանի, Սոնա Ղազարյանի, Լուսինե Բադալյանի, Արմեն Փամբուխչյանի, Նարեկ Զեյնալյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ հիմնական զեկուցող Ծովինար Վարդանյանի` առաջարկվող կարգավորումներով ակնկալվում է ապահովել աշխատողների, մասնավորապես` կանանց իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաեւ խրախուսել նրանց տնտեսական գործունեությամբ զբաղվելը` բարձրացնելով պաշտպանվածության մակարդակը աշխատանքային միջավայրում:

Առաջարկվում է օրենսգրքի 105-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով. «Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում երեխային փաստացի խնամող` արձակուրդում չգտնվող անձի` մինչեւ մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում աշխատանքի էական պայմանները չեն կարող փոփոխվել նվազ բարենպաստ` բացառությամբ պաշտոնի անվանման եւ (կամ) տարակարգերի»:

Առաջարկվող հաջորդ լրացումը վերաբերում է երեխայի ծնվելուց հետո նորածնի հորը տրամադրվելիք վճարովի արձակուրդին: Այն հնարավորություն կտա նորածնի հորը` երեխայի ծնվելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում, իր իսկ ցանկությամբ ստանալ գործատուի հաշվին վճարովի արձակուրդ մինչեւ 5 աշխատանքային օր տեւողությամբ:

Հարակից զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը նշել է, որ նախագծի վերաբերյալ բազմաթիվ քննակումներ են կազմակերպվել, Կառավարությունը ներկայացրել է որոշ խմբագրական փոփոխություններ, որոնք ընդունվել են:

Գլխադասային` ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը նշել է, որ օրենսգրքի համաձայն` պետության սեփականություն հանդիսացող հողամասերը կառավարության որոշմամբ, իսկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը` կառավարության համաձայնությամբ, նվիրաբերության պայմանագրով անհատույց սեփականության իրավունքով կարող են տրամադրվել սոցիալական, բարեգործական կամ Կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով:

Կառավարության համապատասխան որոշման մեջ եւ նվիրաբերության պայմանագրում պետք է սահմանվեն հողամասի օգտագործման նպատակներն ու պայմանները: Նախագծի ընդունման նպատակը ծրագրերը որպես սոցիալական որակելու չափանիշների սահմանումն է, ինչի համար դրանք սահմանելու լիազորությունը վերապահվում է Կառավարությանը:

Գլխադասային` ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Գասպարյանը:

ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի ներկայացմամբ պատգամավորները քննարկել են «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2019 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» հարցը: Զեկուցողի տեղեկացմամբ` հաշվետու ժամանակաշրջանում աճուրդով մասնավորեցվել են մեկ ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը: Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 56 մլն 887 հազար դրամ, որից` ընկերությունների մասնավորեցումից ստացված միջոցները` 29 մլն 720 հազար դրամ, նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները` 27 մլն 166 հազար դրամ:

Գլխադասային` ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արգիշտի Մեխակյանը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Սերգեյ Ատոմյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասի» օրինագիծը, որով առաջարկվում է էլեկտրոնային հաղորդակցության ցանցի միջոցով ծանուցման եղանակի ներմուծում, որը կնպաստի քննչական գործողությունների կամ դատական նիստերի մասին դատավարության մասնակիցների տեղեկատվական ապահովմանը: Նախաձեռնությունը նաեւ կանոնակարգում է թղթային տարբերակով ծանուցման բովանդակությունը:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ կոչ արել կողմ քվեարկել նախաձեռնությանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի, պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը նույնպես քննարկվել է առաջին ընթերցմամբ:

Հիմնական զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանը նշել է, որ նախագծով փաստաբանի կամ նոտարի գործունեության իրականացմանը խոչընդոտելը ցանկացած սուբյեկտի կողմից կհարմարվի քրեորեն պատժելի արարք:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նշել է, որ Կառավարությունը ներկայացրել է իր նկատառումները, որոնք հաշվի կառնվեն հեղինակների կողմից առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Մխիթար Հայրապետյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Սարգիս Խանդանյանի, Արսեն Ջուլֆալակյանի, Թագուհի Ղազարյանի, խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը:

Հեղինակներն առաջարկում են քրեականացնել ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրահրումը եւ օրենսգիրքը լրացնել նոր 393.1-ին հոդվածով` «Ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրահրում» վերտառությամբ: Նախագծով ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրահրումը կպատժվի ազատազրկմամբ` ութից տասը տարի ժամկետով: Նույն արարքը, որը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ համակարգչային համակարգի միջոցով կամ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կպատժվի ազատազրկմամբ` տասից տասնչորս տարի ժամկետով: Վերոնշյալ հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից կամ պաշտոնեական դիրքն օգտագործելով` կպատժվի ազատազրկմամբ տասնչորսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

Նախաձեռնությունը չի վերաբերում ՀՀ տարածքում կատարված ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրարհրման դեպքերին: ՀՀ տարածքում պատժի ենթակա կլինի այն անձը, ով ցանկացած այլ երկրում կատարել է համանման հանցագործություն:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նազելի Բաղդասարյանը բարձրաձայնել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Կառավարության դիրքորոշումը ներկայացնող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը ողջունել է նախաձեռնությունը` կոչ անելով կողմ  քվեարկել:

Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են քննարկված նախաձեռնությունները:

ՀՀ օրհներգի հնչյունների ներքո ազդարարվել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի ավարտը: