National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.6.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
30.06.2020
Խորհրդարանն արտահերթ նստաշրջան է գումարել
1 / 31

ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 30-ին գումարվել է  ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան`  նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Նստաշրջանի աշխատանքներին չեն մասնակցել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան»  ընդդիմադիր խմբակցությունները:

Ազգային ժողովի որոշմամբ օրակարգային  «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կանցկացվի այն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում:

Օրենսդրական փաթեթը հեղինակել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սուրեն Գրիգորյանը եւ Վահագն Հովակիմյանը: Նախագծերով ակնկալվում է սահմանել եւ հստակեցնել 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխությունների օրենսդրական հիմքերը եւ կատարված փոփոխություններին համահունչ` ապահովել Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով նախատեսված` Սահմանադրական դատարանի ձեւավորման գործընթացի ավարտը:

Զեկուցող Սուրեն Գրիգորյանի տեղեկացմամբ` մասնավորապես առաջարկվում է փոփոխել ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրող մարմինների կողմից կատարվող առաջադրումների հերթականությունը: Ըստ այդմ` առաջինը թեկնածուի առաջադրում կատարելու է Կառավարությունը, երկրորդը` Հանրապետության նախագահը, իսկ երրորդ առաջադրումն անելու է Դատավորների ընդհանուր ժողովը: ՍԴ  դատավորների երեք  թափուր տեղերի համար առաջադրումները կատարվելու են միաժամանակ` համապատասխանաբար Կառավարության, Հանրապետության նախագահի եւ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից` 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելուց, այն է` հունիսի 26-ից հետո` երկամսյա ժամկետում: Նախատեսվում է, որ Սահմանադրության փոփոխությունների ուժով առաջացած` Սահմանադրական դատարանի նախագահի թափուր պաշտոնում ընտրությունը պետք է կատարվի Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերը համալրելուց հետո` տասնօրյա ժամկետում:

Մեկ այլ փոփոխությամբ,  Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերը համալրելու համար առաջադրումների ընթացակարգը հստակեցնելու նպատակով սահմանվել է, որ այն մարմինը, ում առաջադրմամբ արդեն իսկ պաշտոնավարում են համապատասխան թվով դատավորներ (ըստ Սահմանադրության` յուրաքանչյուր մարմնին համապատասխանում է երեք դատավոր), ապա այդ մարմինը չի առաջադրում թեկնածու, ինչը նաեւ բխում է Սահմանադրությամբ առաջադրումների հաջորդականությունը սահմանելու տրամաբանությունից:

Փոփոխություններ  են կատարվում նաեւ  լիազորությունների ժամկետը ավարտված եւ պաշտոնավարումը դադարած ՍԴ դատավորների`  կենսաթոշակի անցնելուն վերաբերող հոդվածում: Հստակեցվում է 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխությունների արդյունքում պաշտոնավարումը չդադարած ՍԴ մյուս դատավորների` պաշտոնավարումը շարունակելու օրենսդրական հիմքը:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է Կառավարության դրական կարծիքը` նշելով, որ կարվեն խմբագրական եւ այլ բնույթի որոշ առաջարկներ:

Օրենսդրական փաթեթն ընդունվել է 80 կողմ, 1 դեմ ձայներով:

Հաջորդիվ քննարկվել է օրակարգի վերջին` «ՀՀ Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը, որի հեղինակներն են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ: Նախագծին կողմ են քվեարկել 81 պատգամավորներ: Դեմ եւ ձեռնպահ քվեարկողներ չեն եղել:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ գրավոր առաջարկների եւ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո օրենսդրական նախաձեռնությունն Ազգային ժողովը քննարկել է երկրորդ ընթերցման ընթացակարգով:

Հիմնական զեկույցում փաթեթի համահեղինակ Սուրեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ գլխադասային` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկելիս ինքը ներկայացրել է երկու առաջարկ, որոնք ընդունվել են: Պատգամավորն առաջարկում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծի 4-րդ հոդվածի 5.1 կետից հանել երկրորդ նախադասությունը, այն է` «Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարողն այս մասին կազմում է արձանագրություն»: Հաջորդ փոփոխությամբ էլ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի առաջին հոդվածում առկա «պարբերությունները» բառը  փոխարինվում է «ենթակետերը» բառով: Ըստ պատգամավորի` փաթեթում այլ փոփոխություններ չեն կատարվել:

Գլխադասային` ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը: Նա կոչ է արել կողմ քվեարկել նախաձեռնությանը:

Հարակից զեկույցում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում կատարվել է խմբագրական բնույթի փոփոխություն: Նա հիշեցրել է, որ նախագծերի կարգավորման առարկայի հիմնական նպատակը Սահմանադրական դատարանի այն դատավորների կենսաթոշակի իրավունքի ապահովումն է, որոնց լիազորությունները դադարել են Սահմանադրության փոփոխությունների արդյունքում: Նախարարի խոսքով` քանի որ Սահմանդրության փոփոխություններից հետո հնարավոր չէր միաժամանակ փոփոխել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը, ուստի  օրենքի որոշ կարգավորումներ համապատասխանեցվել են Սահմանադրությանը. մասնավորապես խոսքը վերաբերում է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի անցումային դրույթներին:

Քվեարկության արդյունքում նախագծերի փաթեթն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:

Սպառելով օրակարգը` խորհրդարանն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:


30.06.2020
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
Հունիսի 30-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սուրեն Գրիգորյանի եւ Վահագն Հովակիմյանի հեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական...

30.06.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը` կից հղմամբ: ...

30.06.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի
Հունիսի 30-ին` ժամը 14:40-ին, արտահերթ նիստ կգումարի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը: ...

30.06.2020
ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
Հունիսի 30-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:ԱԺ խորհուրդը որոշել է համաձայնություն տալ հունիսի 30-ին՝ ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն:...

30.06.2020
Հունիսի 30-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2020 թվականի հունիսի 30-ի ԱԺԽՈ-046-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am