ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հուլիսի 6-ին հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանի եւ փոխդեսպանի պաշտոնակատար Սթիվ Դոդզի հետ:
Զրուցակիցները խոսել են նախորդ շաբաթ Միացյալ Թագավորության խորհրդարանում ՄԹ-Հայաստան խորհրդարանական խմբի ձեւավորման վերաբերյալ: Խմբի ղեկավար է ընտրվել Պահպանողական կուսակցության պատգամավոր Թիմ Լոթընը: Բարոնուհի Քերոլայն Քոքսը (Լորդերի պալատ) ընդգրկվել է խմբում որպես համանախագահ, պատգամավորներ Էնդրյու Ռոզինդելը, Ջեյմս Գրեյը, Մարկ Փրիթչարդը, Ֆերյալ Քլարկը` որպես փոխնախագահներ եւ Ջեյմս Մյուրեյը` որպես պատասխանատու լիազոր: Միացյալ Թագավորության Հայ դատի հանձնախմբի ղեկավար Անեթ Մոսկոֆյանը նշանակվել է խմբի քարտուղար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում երկու բարեկամական խմբերի միջեւ կազմակերպել առցանց հանդիպում:
Կողմերը մտքեր են փոխանակել Միացյալ Թագավորության աջակցությամբ Ազգային ժողովում իրականացվող բարեփոխումների շուրջ` մասնավորապես կարեւորելով փորձագիտական հարթակների ստեղծումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ մեր երկրում բարեփոխումներին առնչվող հարցեր: