Տպել
08.07.2020
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
1 / 5

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 8-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Վարազդատ Կարապետյանի հեղինակած «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագծին, որով առաջարկվում է թույլատրել ՀՀ տարածքում ռեզիդենտների միջեւ բոլոր ածանցյալ ֆինանսական գործիքների գծով վճարումների (փոխանցումների) կատարումն արտարժույթով:

Առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն ներկայացվել: Ըստ ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի` Կառավարությունը կողմ է, որպեսզի օրենսդրական նախաձեռնությունն ընդունվի ամբողջությամբ: Պատգամավորները կողմ են արտահայտվել:

Հանձնաժողովականները քննարկել են ՀՀ ԿԲ խորհրդի անդամի թափուր տեղի համար «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված Հովհաննես Խաչատրյանի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանը, ներկայացնելով թեկնածուի կենսագրական տվյալները, ընդգծել է նրա մասնագիտական հմտություններն ու աշխատանքային բազմափորձությունը: «Թեկնածուն ունի բավարար տեսական գիտելիքներ»,- ասել է նա եւ կարեւորել դրանց կիրառումը համակարգի խնդիրների լուծման գործում:

Հովհաննես Խաչատրյանն անդրադարձել է Կենտրոնական դրամատան գործառույթներին, կարեւորել դրանց շարունակական զարգացումը: Ըստ նրա` ՀՀ ԿԲ-ն լավագույններից մեկն է զարգացող երկրների բանկերի շարքում: Թեկնածուի հավաստմամբ` միջազգային չափանիշներին համապատասխան` կարգավորված է մեր երկրի ֆինանսական համակարգը: Անդրադառնալով կանխիկ շրջանառության հարցին` նա կարեւոր է համարել ապականխիկացումը, որը բարձր տոկոս է կազմում զարգացած երկրներում: Շեշտադրվել է համակարգի տեխնոլոգիական վերազինման անընդհատությունը, ներդրումների խթանումը:

Պատգամավորների հարցերն ուղղված բանախոսին առնչվել են արժեթղթերի եւ ապահովագրական շուկաներին, գնաճին, հեռահար ծառայությունների մատուցմանը, համավարակի հետեւանքով բանկային համակարգի եւ այլ խնդիրներին:

Եզրափակիչ խոսքում մշտական հանձնաժողովի փոխնախագահը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել: Հարցը միաձայն ստացել է դրական եզրակացություն: