Տպել
08.07.2020
Գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան
1 / 24

ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ հուլիսի 8-ին գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Խորհրդարանն ընդունել է օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին ԱԺ որոշման նախագիծը, ըստ որի օրակարգի մի շարք հարցերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ դրանք ընդունելուց հետո` 24 ժամվա ընթացքում:

Ազգային ժողովը քննարկել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Այդ պաշտոնում ՀՀ կառավարությունն առաջադրել է Կարեն Սեդրակյանի թեկնածությունը:

Թեկնածուն ներկայացրել է հանձնաժողովի մեկ տարվա գործունեության հակիրճ հաշվետվությունը: Նա խոսել է նաեւ ՏՄՊՊՀ հետագա գործունեության մասին, անդրադարձել այն բարելավելու իր պատկերացումներին:

Պատգամավորների հնչեցրած հարցերը վերաբերել են մասնավորապես դիմակի գնի բարձրացմանը, հեղուկ գազի գնի տատանմանը: Թեկնածուն տեղեկացրել է, որ նշյալ հարցերի վերաբերյալ հանձնաժողովն ուսումնասիրություններ է կատարում, որի ավարտից հետո կներկայացնի պարզաբանումներ:

ՀՀ ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանն իր ելույթում առաջարկել է հասարակությանը հասանելի եղանակով պարբերաբար ներկայացնել ՏՄՊՊՀ-ի գործունեության վերաբերյալ հաշվետվություն: Ըստ նրա՝ դա կնպաստի թափանցիկության ապահովմանն ու վստահության բարձրացմանը: Պատգամավորը հանձնաժողովին նաեւ առաջարկել է մշտադիտարկումներ կատարել տարբեր ապրանքատեսակների գնաճի վերաբերյալ, գտնել պատճառներն ու առաջարկել լուծումներ:

ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի ընտրությունը կանցկացվի հուլիսի 8-ին՝ ժամը 12:10-ից մինչեւ 13:10-ը:

Հաջորդիվ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը տեղեկացրել է, որ նախագծերի փաթեթով կարգավորվում են մինչեւ իրավունքի գրավադրումը ընդերքօգագործողները լիազոր մարմնից թույլատվություն ստանալու, ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման կամ կասեցման լիազոր մարմնի որոշման բողոքարկման դեպքում ընդերքօգտագործման իրավունքի հետագա կիրարկման, երկրաբանական ուսումնասիրության ծրագրերին եւ օգտակար հանածոների արդյունահանման նախագծերին ներկայացվող նվազագույն պահանջների սահմանման, մեկ ընդհանուր նախագծի հիման վրա իրավունքի տրամադրման ժամկետների, դիմումի ներկայացման պահից 5 եւ ավելի տարի առաջ հաստատված պաշարներով հանքավայրերի տրամադրման, սնանկ ճանաչված ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման, իրավաբանական անձի լուծարման դեպքում շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին կատարվող վճարումների վճարման հարցերը:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության տեսակետը ներկայացրել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Անդրադառնալով նախագծերի փաթեթի կարեւորությանը՝ բանախոսը նշել է, որ դրանով փորձ է արվում արդիականացնել հանքաշահագործման բնագավառում եղած մեխանիզմները: Նրա խոսքով՝ նախագիծը նպատակ է հետապնդում նաեւ արդիականացնել այն չափորոշիչները, որոնք թույլ կտան հետագայում ունենալ այնպիսի տնտեսություն, որտեղ հավասարակշռված եղանակով կպաշտպանվեն բնակչության այս կամ այն հատվածի շահերը:

Եզրափակիչ ելույթում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը պատասխանել է պատգամավորների հարցադրումներին, տվել պարզաբանումներ:

Կառավարության հեղինակած «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը խորհրդարանականների քննարկմանն է ներկայացրել Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը:

Քաղաքաշինական, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գործունեությանը վերաբերող թվով 14 օրենքներում առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների նպատակն է ամրագրել տեսչական մարմինների բնականոն գործունեության համար անհրաժեշտ եւ բավարար նախադրյալներ:

Ըստ հիմնական զեկուցողի՝ առկա են անհամապատասխանություններ ոլորտում վերահսկողությունը սահմանող օրենքներում կապված քաղաքականություն իրականացնող մարմինների եւ վերահսկողություն իրականացնող մարմնի լիազորությունների սահմանազատման հետ:

Առաջարկվող փոփոխություններով կստեղծվեն իրավական հիմքեր նաեւ հողի բերրի շերտի վաճառքի համար:

Պատգամավորների հարցերը վերաբերել են տեսչական մարմինների ոլորտային գործունեությանը:

Այնուհետեւ խորհրդարանը քննարկել է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանի ներկայացմամբ՝ նպատակը ժամանակավոր անաշխատունակության, մայրության, մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստներին առնչվող հարակից օրենսդրության մեջ կատարված փոփոխություններից բխող նոր կարգավորումներ սահմանելն է:

Չաշխատող անձի մայրության նպաստին եւ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքին անդրադառնալու անհրաժեշտություն է առաջացել նաեւ միկրոձեռնարկատիրության համակարգի ներդրմամբ:

Հաշվի առնելով միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված եւ այլ գործատուների վարձու աշխատողների եկամտային հարկի հաշվարկման տարբերությունը՝ առաջարկվել է ժամանակավոր անաշխատունակության նպաստը եւ մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս վարձու աշխատողի՝ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար, որպես տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտ, ընդունել ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը:

Հիմնական զեկուցողին ուղղված հարցերը վերաբերել են սոցիալական քաղաքականության բարեփոխումներին, ընտանեկան նպաստի նշանակման հիմքերին, ստվերային գործունեության բացառմանը:

ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի ընտրության արդյունքները: Քվեարկությանը մասնակցել է 86 պատգամավոր: Կողմ 80 եւ 6 դեմ ձայների հարաբերակցությամբ՝ Կարեն Սեդրակյանն ընտրվել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնում:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի եւ Աննա Կարապետյանի հեղինակած «Դատախազության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանականների քննարկմանն է ներկայացրել հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանը:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի համաձայն` բաց մրցույթն անցկացնում է դատախազության որակավորման հանձնաժողովը տարին մեկ անգամ` որպես կանոն, յուրաքանչյուր տարվա հունվար ամսին: Նման կարգավորման պայմաններում տարվա ընթացքում հնարավոր է անցկացնել միայն մեկ բաց մրցույթ, մինչդեռ, ըստ բանախոսի, որոշ դեպքերում դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով օբյեկտիվորեն անհրաժեշտություն է առաջանում անցկացնել արտահերթ մրցույթ: Առաջարկվող կարգավորմամբ՝ հնարավորություն կստեղծվի տվյալ տարվա ընթացքում անհրաժեշտության դեպքում անցկացնել նաեւ արտահերթ բաց մրցույթ:

Հարակից զեկուցող արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նշել է, որ Կառավարությունը միանշանակ կողմ է նախագծին:

Խորհրդարանը քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Արթուր Դավթյանի, Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի հեղինակած «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ հիմնական զեկուցող Արթուր Դավթյանի՝ նախագծով առաջարկվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում կատարել այնպիսի լրացումներ, որոնք հնարավոր կդարձնեն վարչական գործով պետական տուրքերի առցանց վճարումն իրականացնել պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով, ինչը ՀՀ կառավարության կողմից հաստատված դատաիրավական բարեփոխումների ռազմավարությանը եւս համահունչ է:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ նախագիծը քննարկվել է հանձնաժողովում, ստացել դրական եզրակացություն: Նա կոչ է արել կողմ քվեարկել:

ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ հիմնական զեկուցողի՝ օրենքի 67-րդ հոդվածի լրացման դեպքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքի անդամները կարող են ուսանել ՀՀ պետական հավատարմագրված ուսումնական հաստատություններում` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:

Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը կարեւորել է նախագծի ընդունումն ու կոչ է արել կողմ քվեարկել:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նիկոլայ Բաղդասարյանի, Նարեկ Զեյնալյանի հեղինակած «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը նշել է, որ ավտոմոբիլային ճանապարհների խաչմերուկներում կամ դրանց շատ մոտ գտնվող դեղատների «կանաչ խաչ» գովազդային լուսատախտակը եւ «դեղատուն» վերտառությամբ գովազդային վահանակը, վարորդների կողմից նույնացվելով տրանսպորտային երթեւեկությունը կարգավորող լուսացույցների կանաչ լույսի հետ, երթեւեկության ընթացքում շփոթություն են առաջացնում, եւ հաճախ դառնում վթարային իրավիճակի պատճառ:

Առաջարկվում է սահմանել վարչական պատասխանատվություն դեղատնային գործունեություն իրականացնելու համար լիցենզիա ստացած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման ընթացքում լիցենզավորման պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելու համար: Իրավաբանական անձի կողմից վերոնշյալ իրավախախտումը թույլ տալու համար նախատեսվում է նախազգուշացում, իսկ նախազգուշացումը ստանալու պահից երեսուն օրվա ընթացքում այն չվերացնելու դեպքում, վերջինս կենթարկվի պատասխանատվության` տույժի տեսքով, իսկ կրկին չվերացնելու դեպքում Տեսչությունը կդիմի համապատասխան լիցենզավորման մարմնին` լիցենզիայի կասեցման հարցը քննարկելու համար:

Նախաձեռնությամբ լիցենզավորման պահանջների վերահսկողությունը տրվում է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արտաշես Պետրոսյանը: Նա կոչ է արել կողմ քվեարկել նախաձեռնությանը:

Հարակից զեկույցում ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը նշել է, որ հեղինակների կողմից ընդունվել են Կառավարության ներկայացրած առաջարկները:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նիկոլայ Բաղդասարյանի, Նարեկ Զեյնալյանի եւ Կորյուն Մկրտչյանի հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Ըստ հիմնական զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանի` նախաձեռնության նպատակն է օրենսդրորեն սահմանել տրանսպորտային միջոցների վաճառքի համար նախատեսվող վայրերն ու դրանց ներկայացվող պահանջները: Առաջարկվում է հաստատել համայնքի սեփականություն հանդիսացող այն վայրերը, որտեղ կկազմակերպվի տրանսպորտային միջոցի վաճառքը, ինչպես նաեւ կսահմանվի այդ վայրի վճարի չափը:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Վահե Ղալումյանը: Նրա խոսքով՝ նախաձեռնությունն առաջինից երկրորդ ընթերցում կլրամշակվի:

Հարակից զեկույցում Կառավարության դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Նա բարձրաձայնել է նախաձեռնության վերաբերյալ գործադիրի դիտարկումները, որոնք հեղինակների կողմից հաշվի կառնվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Վարազդատ Կարապետյանի հեղինակած «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Այնուհետեւ պատգամավորները քվեարկությամբ ընդունել են քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ նախաձեռնողի ներկայացուցչի առաջարկով մի շարք օրենքների նախագծերի քննարկումը դուրս է եկել արտահերթ նստաշրջանի օրակարգից:

Խորհրդարանը կշարունակի արտահերթ նստաշրջանի աշխատանքը հուլիսի 9-ին՝ ժամը 11:00-ին:


08.07.2020
Հայկ Կոնջորյանը մասնակցել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի առցանց նիստին
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը մասնակցել է վեհաժողովի մշտական հանձնաժողովի առցանց նիստին: Հայկական պատվիրակության ղեկավարն անդրադարձել է ադրբեջանական ռազմատենչ հռետորաբանությանը, որը խաթարում է Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորումը: Մանրամասները` տեսանյու...

08.07.2020
Առաջարկվում է սահմանել տրանսպորտային միջոցների վաճառքի իրականացման վայրերին ներկայացվող պահանջներ
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ հուլիսի 8-ին գումարել է արտահերթ նիստ: Առաջին ընթերցմամբ քննարկվել է  ՀՀ ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նիկոլայ Բաղդասարյանի, Նարեկ ...

08.07.2020
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ հուլիսի 8-ին գումարել է արտահերթ նիստ: Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրե...

08.07.2020
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 8-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Վարազդատ Կարապետյանի հեղինակած «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրե...

08.07.2020
ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստում
Հուլիսի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Խորհուրդը որոշել է համաձայնություն տալ հուլիսի 8-ին` ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած ժամկետում եւ օրակարգով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն: Խորհրդի որոշմամբ փոփոխություններ են կա...

08.07.2020
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ էր գումարել
Հուլիսի 8-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նշել է, որ կարգավ...

08.07.2020
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը` այստեղ: ...

08.07.2020
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը` կից: ...

08.07.2020
Հուլիսի 8-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2020 թվականի հուլիսի 8-ի ԱԺԽՈ-048-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածներով` Հ...

08.07.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ...

08.07.2020
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ:...

08.07.2020
Տեղի կունենան ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների արտահերթ նիստեր
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով` 09.07.2020 ժամը 10:30 314 սենյակ, Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով` 09.07.2020 ժամը 10:00 414 սենյակ, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով` 09.07.2020 ժամը 10:00 414 սենյակ, ...