Տպել
09.07.2020
ՀՀ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
1 / 28

Հուլիսի 9-ին խորհրդարանը շարունակել է ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ նախորդ օրը գումարված արտահերթ նստաշրջանի աշխատանքը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով: Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը համառոտ ներկայացնելով նախագիծը` տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծի վերաբերյալ առարկություններ եւ առաջարկություններ չեն ներկայացվել:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ նախագիծը մանրամասն քննարկվել է հանձնաժողովի նիստում: Նա նշել է, որ փաթեթն ամբողջովին պատրաստ է կիրարկման:

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցումով խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը: Ըստ հիմնական զեկուցողի` նախագծերի փաթեթը քննարկվել է հանձնաժողովում եւ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն ներկայացվել:

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի եւ Աննա Կարապետյանի հեղինակած «Դատախազության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական եւ հարակից զեկուցողներ Վլադիմիր Վարդանյանի ու Արուսյակ Ջուլհակյանի տեղեկացմամբ` օրինագիծը քննարկվել է հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն. նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն ներկայացվել:

Հարակից զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նշել է, որ նախագծով սահմանվում է լրացուցիչ հնարավորություն` արտահերթ կարգով մրցույթ անցկացնելու եւ դատախազության հաստիքները համալրելու նպատակով: Նա եւս կոչ է արել կողմ քվեարկել:

Խորհրդարանը երկրորդ ընթերցումով քննարկել է նաեւ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը: Նշվել է, որ փոփոխություններ չեն կատարվել:

Ազգային ժողովը քվեարկություններով ընդունել է երկրորդ ընթերցումով քննարկված օրենքների նախագծերն ու օրենսդրական փաթեթները:

Սպառելով արտահերթ նստաշրջանի օրակարգը` Ազգային ժողովն ավարտել է աշխատանքը: