National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
14.07.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
14.07.2020
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 8

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ հուլիսի 14-ին գումարել է արտահերթ նիստ՝ օրակարգում ունենալով հինգ օրենսդրական նախաձեռնություն: Բոլոր նախագծերը քննարկվել եւ ստացել են հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը վերաբերում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի կազմավորման կարգին: Հեղինակը նշել է, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի կիրարկման արդյունքում պարզվել է, որ եթե այլ մարմինների պարագայում սահմանված ժամկետում թեկնածու առաջադրելը որեւէ խնդիր չի ստեղծում, ապա Ազգային ժողովի կողմից Խորհրդի անդամի նշանակումը խմբակցությունների համախոհությամբ նախատեսելը չի ապահովում օրենքի դրույթների գործնական կիրառելիությունը, եւ թեկնածուի առաջադրման գործընթացում առաջացնում է խնդիրներ:

Խնդրի կարգավորման նպատակով  առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի առաջադրման իրավունքով օժտել ոչ թե  Ազգային ժողովի խմբակցություններին, այլ Ազգային ժողովի նախագահին:

Հեղինակի դիտարկմամբ՝ առաջարկի ընդունման պարագայում կապահովվի նշված գործընթացում թեկնածուի անխոչընդոտ առաջադրումը եւ մրցութային խորհրդի բնականոն գործունեությունը: Պատգամավորի առաջարկն անընդունելի է համարել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը՝ նշելով, որ այն ուղիղ ճանապարհ է դեպի իշխանության գերկենտրոնացում եւ խորհրդարանական կառավարման մշակույթի ապազարգացում:

ՀՀ Կառավարության դրական կարծիքը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը: Նա հրատապ է համարել փաթեթի ընդունումը:  Մտքերի փոխանակության ընթացքում հնչել են առաջարկներ: Սուրեն Գրիգորյանը պատրաստակամություն է հայտնել քննարկել դրանք եւ լրամշակել փաթեթը:

Հաջորդիվ քննարկվել են երկրորդ ընթեցմամբ ներկայացված նախագծերը:

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթի վերաբերյալ  նշվել է, որ  դրանով  առաջարկվում է ՀՀ քաղաքացու, ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացու,  ՀՀ-ում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձի, փախստականի երեխայի, եթե ծնունդը գրանցվել է Հայաստանի Հանրապետությունում, ծննդյան վկայականում եւ ծննդի պետական գրանցման մասին տեղեկանքում նույնպես ամրագրել երեխայի հանրային ծառայությունների համարանիշը:

Հաջորդիվ քննարկվել է  «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախատեսվող իրավակարգավորումների արդյունքում հնարավոր կլինի արտադատական կարգով լուծել շարժական գույքերի ապամոնտաժման հարցը, որը հնարավորություն կտա անշարժ գույքի սեփականատերերին առանց ժամանակի մեծ կորստի եւ ծախսերի ազատել իրենց սեփականության իրավունքով պատկանող տարածքը ոչ հիմնական շինություններից:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»,  «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ  «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը հայտնել է, որ փոփոխությունների նպատակը ՍԴ որոշման կատարման ապահովումն է:  Նախատեսվում է  կարգավորել այն խնդիրը, երբ անշարժ գույք ձեռք բերած քաղաքացին բաց է թողել 30-օրյա ժամկետում պետական գրանցում կատարելու պահանջը:  Ըստ առաջարկվող փոփոխությունների՝  2019 թվականի հունիսի 1-ից հետո կնքված եւ նոտարական վավերացում ստացած, ինչպես նաեւ 2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ իրավունքները պետական գրանցման ներկայացնելու համար «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված երեսնօրյա ժամկետը չլրացած անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ միակողմ գործարքների) ծագող իրավունքները պետք է պետական գրանցման ներկայացվեն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեսնօրյա ժամկետում:

Սահմանվում է, որ  օրենքն ուժի մեջ մտնելուց հետո պետական գրանցման ներկայացնելու համար  սահմանված երեսնօրյա ժամկետը բաց թողնելը կարող է հարգելի համարվել սույն օրենքով սահմանված կարգով:

Հանձնաժողովի հավանությանն  է արժանացել նաեւ ՀՀ Կառավարության հեղինակած «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:


14.07.2020
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հուլիսի 14-ին հրավիրած արտահերթ նիստում շարունակել է հանձնաժողովի նախորդ օրվա նիստին  երկրորդ ընթերցմամբ ներկայացված` Կառավարության հեղինակած «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ...

14.07.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին նախատեսված արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ:...

14.07.2020
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը` կից հղմամբ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS