Տպել
15.07.2020
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
1 / 6
Հուլիսի 15-ին Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը:

Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայաստանի պետական սահմանի Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների հիշատակը:

Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիս-արեւելյան հատվածում պահպանվում է հարաբերական անդորր։

Այնուհետեւ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գոռ Մելիքյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությունները կրում են տեխնիկական բնույթ եւ պայմանավորված են Կառավարության կառուցվածքային փոփոխություններով: Նրա խոսքով՝ ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող գործառույթները փոխանցվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը, ինչի պատճառով անհրաժեշտություն է առաջացել վերոնշյալ օրենքներում կատարել համապատասխան փոփոխություններ:

Փոխնախարարը նաեւ տեղեկացրել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո առաջարկներ չեն ներկայացվել:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Կարապետյանը հորդորել է կողմ քվեարկել օրենսդրական փաթեթին:

Օրենքների նախագծերի փաթեթն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: