Տպել
16.07.2020
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
1 / 5

Հուլիսի 16-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում առաջարկվող փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրինագիծը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է, որ օրինագիծը, որով առաջարկվում էր հիվանդության հիմքով բացակայող պատգամավորին հնարավորություն տալ գրավոր քվեարկել, ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի առաջարկով փոփոխվել է: Ըստ այդմ` նախատեսվում է միայն արտակարգ դրությամբ պայմանավորված իրավասու մարմնի ցուցմամբ մեկուսացման կամ ինքնամեկուսացման մեջ գտնվող պատգամավորներին թույլատրել գրավոր քվեարկել:

Հարակից զեկույցում ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը նշել է, որ փոփոխված օրինագիծն այլեւս տարընկալումների առիթ չի դառնա եւ հորդորել է կողմ քվեարկել:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանն առաջարկել է, որ անձը գրավոր ստանա մեկուսացման կամ ինքնամեկուսացման ցուցումը, ինչն էլ հետագայում կներկայացնի գործատուին` որպես անաշխատունակության թերթիկ: Փոխնախարարն առաջարկել է քվեարկությունը փակ ծրարով ներկայացնելու հետ ներկայացնել նաեւ ինքնամեկուսացման պահանջի գրավոր ապացույցը:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով` օրենքի նախագծով սահմանվում է միայն արտակարգ դրությամբ պայմանավորված մեկուսացման մեջ գտնվող պատգամավորների գրավոր քվեարկությունը, իսկ թե որ մարմնի կողմից պետք է ստանալ ինքնամեկուսանալու ցուցումը, դա արդեն այլ օրենքով է սահմանվում. այն պահին, երբ պարետատնից կլինի ինքնամեկուսանալու ցուցում, անձը պարտավոր է այն կատարել` լինի դա գրավոր, թե' բանավոր: Ըստ հանձնաժողովի նախագահի` օրինագծում առկա ձեւակերպումները բավարար են:

Առաջարկներով լրամշակված օրենքի նախագիծն ստացել է դրական եզրակացություն:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյանի հեղինակած  «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Հեղինակի խոսքով` առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի նախագծում կատարվել են միայն տեխնիկական բնույթի փոփոխություններ, իսկ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը լրամշակվել է հեղինակի առաջարկների հիման վրա: