Տպել
12.08.2020
Ազգային ժողովը հատուկ նիստ է գումարել
1 / 30

ՀՀ Ազգային ժողովը օգոստոսի 12-ին իրավունքի ուժով գումարել է հատուկ նիստ՝ օրակարգում ունենալով «Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին  հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու  եւ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  N  1319 որոշումը:

ՀՀ փոխվարչապետ  Տիգրան Ավինյանի տեղեկացմամբ՝ առաջարկվում է երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին  հայտարարված եւ մինչեւ օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի օգոստոսի 12-ից ժամը 17:00-ից՝ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 11-ը ժամը 17:00-ը ներառյալ ժամկետով:

Տիգրան Ավինյանը հույս է հայտնել, որ վերջին անգամ է երկարաձգվում COVID-19 համավարակով պայմանավորված հայտարարված արտակարգ դրությունը: Փոխվարչապետը տեղեկացրել է, որ փաստաթղթով նաեւ նախատեսվում է որոշ չափով թուլացնել սահմանափակումները: Ըստ այդմ՝ այսուհետեւ կթույլատրվի հավաքների եւ գործադուլների անցկացումը, որոնց ընթացքում  մասնակիցները պարտավոր կլինեն կրել դիմակներ եւ միմյանց միջեւ պահպանել առնվազն 1,5 մետր հեռավորություն:

Կթույլատրվի ընտանեկան եւ ժամանցային  բնույթի միջոցառումների կազմակերպումը, անցկացումը եւ դրանց մասնակցությունը` պարետի սահմանած կանոններով: Նման միջոցառումներին, սակայն,  կարող է մասնակցել ոչ ավելի, քան 40  մարդ:

Նշվել է, որ ժամանցային բնույթի միջոցառումներ են համարվում համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները, սպորտային, մշակութային կամ կրթադաստիարակչական այլ միջոցառումներն ու ժամանցային բնույթի այլ միջոցառումները, եթե դրանց կազմակերպումն ու անցկացումը չեն համարվում տնտեսական գործունեություն:

Ընտանեկան են համարվում  տոնական եւ հիշատակի արարողությունները` ներառյալ  ծննդյան, հարսանյաց, նշանադրության, հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողությունները:

Փաստաթղթով վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց՝ ՀՀ մուտքի արգելքը, սակայն մուտք գործելով երկիր, տվյալ քաղաքացիները պետք է ինքնամեկուսանան: Այդ ընթացքում նրանք կարող են հանձնել թեսթ, եւ եթե թեսթի պատասխանը բացասական լինի, ապա կարող են դուրս գալ ինքնամեկուսացումից:

Մեկ այլ դրույթով վերացվել է մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը:

Տիգրան Ավինյանը հայտնել է, որ Կառավարության որոշմամբ սեպտեմբերի 15-ից կբացվեն հանրակրթական դպրոցները, նախնական եւ միջին մասնագիտական հաստատությունները, արվեստի, երաժշտական եւ գեղարվեստի դպրոցները,   իսկ բուհերի  եւ մի շարք այլ ուսումնական հաստատությունների վերաբերյալ որոշում կկայացվի առաջիկա շաբաթվա ընթացքում: Առաջիկայում  կվերաբացվեն նաեւ գրադարաններն ու թանգարանները,  բացօթյա կիրականացվեն թատերահամերգային եւ մշակութային միջոցառումները:

Տիգրան Ավինյանը պատասխանել է պատգամավորների հարցերին եւ առաջարկներին: Նշենք, որ հարց ուղղելու համար հերթագրվել էր 35 պատգամավոր:

Հարց է հնչել անձնական ավտոմեքենաներում եւ բացօթյա տարածքներում դիմակ դնելու պարտադիրության վերաբերյալ:

Տիգրան Ավինյանը պարզաբանել է, որ առաջիկայում՝ մինչեւ օգոստոսի 14-ը,  վերանայվելու են այս սահմանափակումները թուլացնելու կարգավորումները: Ըստ նրա՝ դիմակ դնելը պարտադիր կլինի հանրային տրանսպորտում եւ տաքսիներում:  Պարտադիր չի լինի բնության գրկում, սակայն   պարտադիր կլինի բաց տարածքներում:

Փոխվարչապետն անդրադարձել է նաեւ  քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս գալուն՝ նշելով, որ քաղաքացիների համար ՀՀ Կառավարությունը որեւէ սահմանափակում այս մասով  չի նախատեսել: Փոխվարչապետի խոսքով՝  որոշ սահմանափակումներ նախատեսված են այլ երկրների կառավարությունների կամ համապատասխան մարմինների որոշումներով:

Հաջորդող հարցադրումներին ի պատասխան Տիգրան Ավինյանն անդրադարձել է մարզադպրոցների, պատկերասրահների վերաբացմանը, հեռավար կրթության հետագա կազմակերպման ձեւերին, սահմանված կանոնների խախտման վիճակագրությանը, հանրահավաքների անցկացման չափորոշիչներին, դիմակ դնելու ընթացակարգերի հստակեցմանը, դիմակ դնելու առողջապահական հետեւանքներին, բուհերի վարձավճարներին, աջակցության ծրագրերին, արտակարգ դրության երկարաձգման հնարավոր ռիսկերին, զբոսաշրջության ոլորտի աջակցությանը, երկիր մուտք գործելու կարգավորումներին եւ այլն:

Հակահամաճարակային պայքարը, ըստ Տիգրան Ավինյանի, ՀՀ կառավարության եւ հասարակության համագործակցության արդյունք է, ինչը վերջին ամիսներին հաջողվում է:

Մխիթար Հայրապետյանը, խոսելով ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անունից, անդրադարձել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունին եւ այս համատեքստում Սփյուռքի հետ տարվող քաղաքականությանը: Նա ընդգծել է, որ Հայաստանը պատասխանատվության զգացում ունի ոչ միայն Լիբանանի հայ համայնքի, այլ նաեւ այդ երկրի ժողովրդի նկատմամբ:

Խոսելով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անունից՝ հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը կարծիք է հայտնել, որ արտակարգ դրությունը երկարաձգելը նպատակահարմար չէ, դրա համար չկա որեւէ հիմք, եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու քիչ հետո ներկայացվելիք արտակարգ դրությունը չերկարաձգելուն վերաբերող նախագծին: Ըստ նրա՝ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում մի քանի փոփոխությամբ հնարավոր կլիներ իրականացնել ներկայացված սահմանափակումները: Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է նաեւ արտագնա աշխատանքի մեկնողների ընտանիքների խնդրին, բաց տարածքներում դիմակ դնելու նպատակահարմարությանը, ոստիկանության հակահամաճարակային գործողություններին:

ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անունից խոսել է Միքայել Մելքումյանը: Նա բարձրաձայնել է տնտեսության եւ հասարակության վրա արտակարգ դրության երկարաձգման ունեցած բացասական ազդեցության հարցը: Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ առաջիկայում իրականացվելիք քայլերին, ընդգծել, որ համավարակի հաղթահարման գործընթացին զուգահեռ պետք է հիմքեր ստեղծվեն ապագայի նկատմամբ դրական սպասումներ առաջացնելու առումով: Միքայել Մելքումյանի համոզմամբ՝ պետք է ճիշտ կարողանանք հաղթահարել խնդիրները, որը հնարավոր է իրականացնել միայն փոխհամաձայնության մթնոլորտում:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա տեղեկացրել է, որ իրենք ներկայացրել են «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծ եւ կոչ արել կողմ քվեարկել: Կողմ լինելով հակահամաճարակային կանոնների պահպանմանը՝ խմբակցության ղեկավարը կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է երկիրը դուրս բերել արտակարգ դրության ռեժիմից՝ հավելելով՝ անիմաստ է շարունակել դրա պահպանումը: Էդմոն Մարուքյանի գնահատմամբ՝ համապատասխան օրենքներում փոփոխությունները հնարավորություն կտան իրականացնելու սահմանափակումներ:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը հայտնել է Արման Աբովյանը: Խմբակցության քարտուղարը բարձրաձայնել է արտակարգ դրության պայմաններում հեռավար ուսուցման ընթացքում ուսման վարձերի վճարման խնդիրը՝ հավելելով, որ բազմաթիվ ծնողներ այս օրերին դարձել են գործազուրկ: Չժխտելով, որ հանրային առողջությունն ամենակարեւորն է՝ Արման Աբովյանը կարծիք է հայտնել, որ արտակարգ դրության երկարացումը բերելու է սոցիալական լարվածության աճի, տնտեսական խնդիրների ավելացման: Նա հայտնել է, որ իրենց խմբակցությունը միանում է «Լուսավոր Հայաստանի»՝ արտակարգ դրությունը վերացնելուն վերաբերող նախագծին:

Տիգրան Ավինյանը եզրափակիչ ելույթում անդրադարձել է պատգամավորների մտահոգություններին եւ պարզաբանումներ ներկայացրել: Նրա համոզմամբ՝ ստեղծված իրավիճակում արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումն այս փուլում փաստացի իրավական լավագույն լուծումն է: Տիգրան Ավինյանի խոսքով՝ ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջացած ճգնաժամն ազդում է հիմնականում տնտեսության, նաեւ տարբեր ոլորտների վրա եւ ստեղծում սոցիալական խնդիրներ:

Քվեարկության արդյունքում խորհրդարանը չի ընդունել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը: Նշենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը դեմ է քվեարկել:

Ազգային ժողովն ավարտել է հատուկ նիստի աշխատանքը:


12.08.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը
«ՀՀ ԱԺ հարգելի պատգամավորներ, Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` արտակարգ դրություն հայտարարվելու (արտակարգ դրության ժամկետը երկա...