Տպել
11.09.2020
Հանձնաժողովի նիստում քննարկվել է դատավորի կենսաթոշակի չափի սահմանման հարցը
1 / 8

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 11-ի նիստում Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավորներ Արթուր Դավթյանի, Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի հեղինակած «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մաuին» օրենսդրական փաթեթը: Հեղինակներն առաջարկում են «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում հստակորեն նշել, որ դատավորի կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել նրա վերջին աշխատավարձի, այդ թվում՝ հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձի 75 տոկոսից: Նախագծերի փաթեթն ուղղված է դատավորների համար նրանց բարձր կարգավիճակին եւ պատասխանատվությանը համապատասխանող կենսաթոշակի սահմանման ապահովմանը:

Հարակից զեկույցում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը նշել է, որ Կառավարությունը քննարկել է նախագիծը, կարգավորումների մասով մի շարք խնդիրներ արձանագրել եւ ներկայացրել առաջարկներ: Գործադիրն առաջարկում է օրենքով հստակ սահմանել իրավական այն հիմքերը, որով կարգավորվում է դատավորների կենսաթոշակային ապահովությունը: Առաջարկվում է դատավորի համար հստակ ամրագրել սահմանված կենսաթոշակի չափ՝ զուտ աշխատավարձի 75 տոկոսի չափով, սահմանել կենսաթոշակի չափը վերահաշվարկելու դեպքերը, հստակեցնել, որ դատավորի պաշտոն զբաղեցրած անձը չի կարող անցնել կենսաթոշակի, եթե զբաղեցնում է հանրային ծառայության պաշտոն: Առաջարկվել է անցումային դրույթներում անդրադարձ կատարել նախկինում նշանակված կենսաթոշակներին:

Քննարկումների արդյունքում հեղինակի առաջարկով օրենսդրական փաթեթը լրամշակելու նպատակով հարցի քվեարկությունը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով:

ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը քննարկվել է երկրորդ ընթերցման ընթացակարգով եւ ստացել դրական եզրակացություն: