Տպել
28.09.2020
ՀՀ ԱԺ հայտարարությունը 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ
1 / 1

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը խստորեն դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիան եւ լայնամասշտաբ զինված հարձակումը, որով կոպտորեն ոտնահարվել է միջազգային վեճերը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու սկզբունքը:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության այս հանցավոր  գործողությունները, այդ թվում՝ խոշոր տրամաչափի զինատեսակներով խաղաղ բնակավայրերի թիրախավորումը, քաղաքացիական բնակչության եւ օբյեկտների նկատմամբ ոչ ընտրողական հարձակումները, դրանց նախորդած ագրեսիան Տավուշում 2020 թվականի հուլիսին, մշտական ռազմատենչ ու հայատյաց հռետորաբանությունը, որոնք նպատակ են հետապնդում հայաթափել Արցախի Հանրապետությունը, մեկ անգամ եւս փաստում են, որ Ադրբեջանի իշխանությունը իրական սպառնալիք է արցախահայության գոյությանը, Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների, ամբողջ հայ ժողովրդի, ինչպես նաեւ ողջ տարածաշրջանի անվտանգության համար: Ուստի հայկական զինված ուժերի ինքնապաշտպանական բոլոր գործողություններն ուղղված են այս վտանգի չեզոքացմանը:

Քաղաքացիական բնակչության՝ ծերերի, երեխաների, կանանց դեմ ռազմական գործողություններ վարելը արգելված է ոչ միայն միջազգային իրավունքով, այլեւ բոլոր քաղաքակրթություններում, համաշխարհային բոլոր կրոններում եւ դավանանքներում:

Միջազգային հանրությունը պարտավոր է գործուն քայլեր ձեռնարկել զսպելու ոչ միայն Ադրբեջանի կողմից ծավալվող ագրեսիան, այլեւ նրա դաշնակից Թուրքիայի շարունակական նկրտումները՝ միջամտելու Արցախյան հակամարտությանը, որոնք կհանգնեցնեն տարածաշրջանի ծայրաստիճան ապակայունացմանը՝ անմիջական սպառնալիք ստեղծելով միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը:

Թուրքիայի բացահայտ աջակցությամբ իրականացվող՝ Ադրբեջանի այս արկածախնդրությունը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, որն անպայմանորեն պետք է արժանանա միջազգային հանրության իրավաքաղաքական գնահատականին:

Մենք պահանջում ենք իրերը իրենց անուններով կոչել. հստակորեն արձանագրել ավտորիտար Ադրբեջանի կողմից ժողովրդավար Արցախի Հանրապետության դեմ իրականացվող ագրեսիան, սահման գծել մարդասիրության եւ մարդատյացության միջեւ:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վերահաստատում է, որ հայկական կողմը մշտապես հավատարիմ է մնացել հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, միեւնույն ժամանակ, լինելով Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը, չի վարանի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու արցախահայերի անվտանգությունը եւ ինքնորոշման կամարտահայտությունը:


28.09.2020
ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստում հայտարարություն է ընդունել
ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել: Մինչ օրակարգային հարցի քննարկմանն անցնելը՝ պատգամավորներն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի առաջարկով  մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի պաշտպանության համար  զոհված հայ քաջորդիների հիշատակը: Նի...

28.09.2020
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ
Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Խորհուրդը որոշել է համաձայնություն տալ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13.00-ին, Ազգային ժողովի պատգամավորների սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն:   ...

28.09.2020
Սեպտեմբերի 28-ին` ժամը 13:00-ին, գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2020 թվականի սեպտեմբերի 27-ի ԱԺԽՈ-057-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներ...