Տպել
29.09.2020
Քննարկվել է բանկային ավանդների ներգրավմանը վերաբերող օրենսդրական նախաձեռնություն
1 / 7

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն Արկադի Խաչատրյանի նախագահությամբ սեպտեմբերի 29-ին նիստ է գումարել:

Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը՝ հանձնաժողովի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի պաշտպանության համար  զոհված մարտիկների հիշատակը:

Արկադի Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի նախկին նախագահ Մանե Թանդիլյանին՝ կատարած աշխատանքների համար՝ մաղթելով առողջություն եւ հաջողություններ:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանի, Վարազդատ Կարապետյանի, Բաբկեն Թունյանի հեղինակած «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող Արտակ Մանուկյանը տեղեկացրել է, որ հարցի առնչությամբ տեղի է ունեցել նաեւ աշխատանքային ընդլայնված քննարկում: Նշվել է, որ ոլորտային օրենսդրությունում առկա են անհամապատասխանություններ: Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է թղթային հաղորդակցումից էլեկտրոնային հաղորդակցմանն անցում կատարելու անհրաժեշտությամբ, միակողմանի հաղորդակցման ձեւի փոփոխման սահմանափակումների իրականացմամբ եւ արտակարգ իրավիճակով պայմանավորված հաղորդակցման կարգավորումների փոփոխմամբ:

Հիմնական զեկուցողին ուղղված հարցերը վերաբերել են բանկային ավանդների ներգրավմանը, սպառողական, հիփոթեքային կրեդիտավորման կանոնակարգումներին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ օրենքների նախագծերի փաթեթի քվեարկությունը հետաձգվել է:

Հանձնաժողովը քննարկել է ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի թեկնածու ընտրելու հարցը:

Հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը տեղեկացրել է, որ համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի՝ Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար«Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացվել է Կարեն Առուստամյանի թեկնածությունը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանը, հակիրճ ներկայացնելով թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը, նշել է, որ թեկնածուն համապատասխանում է առաջադրված չափանիշներին:

Կարեն Առուստամյանը շնորհակալություն է հայտնել «Իմ քայլը» խմբակցությանը՝ Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար: Բանախոսը ներկայացրել է ՀՀ արտաքին պետական հաշվեքննության համակարգի վերաբերյալ իր տեսլականը, անդրադարձել Հաշվեքննիչ պալատի անկախությանը, անկախության պաշտպանությանը, երկրի օրենսդիր մարմնի հետ սերտ համագործակցությանը, ինչպես նաեւ Հաշվեքննիչ պալատի կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերին:

Ելույթներում հանձնաժողովի անդամները, ընդգծելով թեկնածուի անցած ճանապարհը, նշել են, որ Կարեն Առուստամյանն իր գործունեությամբ կնպաստի Հաշվեքննիչ պալատի ինստիտուտի կայացմանը:

Քվեարկության արդյունքներով հանձնաժողովը ՀՀ Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար ՀՀ Ազգային ժողովին է առաջարկել Կարեն Առուստամյանի թեկնածությունը:

ՀՀ ԱԺ Բյուջետային գրասենյակի համակարգող-փորձագետ Գագիկ Բարսեղյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի հաշվետվությունը 2020 թվականի երկրորդ եռամսյակում կատարված աշխատանքների վերաբերյալ:

Ըստ բանախոսի՝ փորձագետները սահմանված ժամկետներում պատրաստել եւ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին են տրամադրել` ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության, ինչպես նաեւ ՀՀ 2020 թվականի առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ Կառավարության ներկայացրած տեղեկանքի ամփոփ նկարագրերը:

Զեկույցն ընդունվել է ի գիտություն:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մինչեւ երկամսյա ժամկետով հետաձգվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Եղիշե Սողոմոնյանի, Արտակ Մանուկյանի, Տիգրան Ուլիխանյանի, Վարդան Աթաբեկյանի, Համազասպ Դանիելյանի, Երջանիկ Հակոբյանի հեղինակած «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:


29.09.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը սեպտեմբերի 29-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարա...

29.09.2020
Արարատ Միրզոյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանի՝ հրաժարականի դիմումը հետ վերցնելու մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գայանե Աբրահամյանը սեպտեմբերի 29-ին գրավոր դիմումով հետ է վերցրել հրաժարականի մասին իր դիմումը»,-ասված է խորհրդարանի ղեկավարի հայտարարության մեջ: ...

29.09.2020
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի խորհրդարանի նախագահի հետ
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսի հետ: Կիպրոսի խորհրդարանի խոսնակը լավատեղյակ է եղել իրավիճակի մանրամասներին եւ իր ամենաջերմ զգացմունքներն ու հաջողության մաղթանքներն է փոխանցել հայ ժողովրդին: Դիմիտրիս Սիլուրիսը հավաստիացր...

29.09.2020
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին տեղի ունենալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...