Տպել
05.10.2020
Քննարկվել է «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը
1 / 8

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն Արկադի Խաչատրյանի նախագահությամբ հոկտեմբերի 5-ին արտահերթ նիստ է գումարել:

Արկադի Խաչատրյանը տեղեկացրել է, որ համաձայն «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի՝ Կառավարությունը ռազմական դրություն հայտարարելուց հետո՝ ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում, խորհրդարան է ներկայացրել «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ 2020 թվականի ապրիլին հաշվի առնելով նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19)-ի արագ տարածումը եւ սպասվող տնտեսական եւ հարկաբյուջետային հետեւանքները՝ «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում իրականացվել են համապատասխան փոփոխություններ: Սակայն այսօր գտնվելով ռազմական դրության իրավական ռեժիմում՝ ծագել են լրացուցիչ կարիքներ, որոնք նույնպես անհրաժեշտ է պատշաճ կերպով արտացոլել պետական բյուջեի առաջարկվող վերանայված տարբերակում:

Ռազմական գործողությունների ակտիվացումը եւ ռազմական դրությունը նույնպես, ինչպես կորոնավիրուսի համավարակը, կունենան բացասական ազդեցություններ տնտեսական ակտիվության վրա, նշել է հիմնական զեկուցողը: Արդյունքում, 2020թ. կանխատեսվում է 6.8% տնտեսական անկում, իսկ անվանական ՀՆԱ-ն կնվազի՝ կազմելով 6170,2 մլրդ դրամ:

Ռազմական գործողություններով պայմանավորված սպասվում է ընթացիկ ծախսերի աճ՝ մոտ 40 մլրդ դրամի չափով:

Կանխատեսվում է, որ պետական բյուջեի պակասուրդը կկազմի շուրջ 459 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 7.4%):

Հարկաբյուջետային ցուցանիշների փոփոխությունները կհանգեցնեն ՀՀ կառավարության պարտքի բեռի աճին: Մասնավորապես, սպասվում է, որ ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կհասնի շուրջ 67%-ի:

Նշվել է, որ նախագծի  ընդունումից հետո առաջարկվող կարգավորումները տարածվելու են ՀՀ-ում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրությունից հետո ծագող  իրավահարաբերությունների վրա:

Հիմնական զեկուցողին ուղղված հարցերը վերաբերել են միջազգային հարթակներում պետության վարկային վարկանիշի հնարավոր նվազման միտումներին, հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշներին:

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ 9 ամիսների կտրվածքով հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 16 մլրդ 800 մլն դրամ:

Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ նախագծի ներկայացումը պայմանավորված է ռազմական դրությամբ՝ նշելով, որ անհրաժեշտ է Կառավարությանը տրամադրել ճկուն գործիքակազմ եւ նպատակաուղղված անհրաժեշտ միջոցներ: Նա կոչ է արել կողմ քվեարկել նախագծին:

Նախագիծն ստացել է դրական եզրակացություն: 


05.10.2020
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին նախատեսված արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը՝  այստեղ:   ...

05.10.2020
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով ՝30.09.2020 Ժամը 09:30414 սենյակ,Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով ՝02.10.2020 Ժամը 11:00 ...