Տպել
27.10.2020
Խորհրդարանն սկսել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 27

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Մինչեւ օրենսդրական աշխատանքին անցնելը՝ պատգամավորներն ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ հարգել են սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետեւանքով զոհված քաջորդիների, ինչպես նաեւ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը:

Խորհրդարանը հաստատել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի, ինչպես նաեւ հերթական նիստերի օրակարգերը:

Լենա Նազարյանի տեղեկացմամբ՝ ԿԸՀ-ը ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի  մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 8 արձանագրությունը, ըստ որի՝  մանդատը տրվում է  «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական թեկնածու  Կարապետ Մխչյանին: «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն Կարապետ Մխչյանն  ԱԺ դահլիճում երդվել է:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը քննարկման է ներկայացրել երեք համաձայնագիր:

«Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2020 թվականի ապրիլի 21-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծով  նախատեսվում է ստանալ լրացուցիչ ֆինանսավորում:  Սահմանվում է, որ  ՎԶՄԲ-ը ՀՀ-ին տրամադրելու է 17.9 մլն եվրո գումարի չափով վարկ: Վարկի մարման ժամկետը 25.5 տարի է, որից արտոնյալ ժամկետը` 14.5 տարի է, տոկոսադրույքը լողացող է` 6-ամսյա EURIBOR + լողացող սպրեդ: Վարկի չմասհանված գումարի նկատմամբ հաշվարկվելու է պարտավորության վճար` տարեկան 0.25% դրույքաչափով:  Նախատեսվում է նաեւ միանվագ կոմիսիոն վճար` վարկի գումարի 0.25%-ի չափով:

Հաջորդ՝ «Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, փուլ 3 - մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծով  նախատեսվում է 2 տարով՝ մինչեւ 2022 թ. դեկտեմբերի 30-ը, երկարացնել համաձայնագրի գործողության ժամկետը: Ըստ այդմ, Հայաստանը պարտավորված կլինի  վճարել ՎՎԲ-ի  կողմից գնահատված երկարաձգման վճարի մի մասը՝  960,000 եվրո, որը նախատեսված չէ 2020թ պետական բյուջեով:

Երրորդ հարցը «Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ 2020 թվականի հունիսի 22-ին ստորագրված «Գերմանական ֆինանսական համագործակցություն Հայաստանի Հանրապետության հետ. «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում/Ախուրյան գետ - փուլ 1ե - մասհանման ժամկետի երկարաձգումե նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն էր: Այս համաձայնագրի վավերացման արդյունքում  նախատեսվում է ՀՀ եւ ՎՎԲ միջեւ 19.12.2014թ. ստորագրված «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում/Ախուրյան գետ - փուլ 1» վարկային համաձայնագրով սահմանված մասհանման վերջնաժամկետը երկարաձգել մինչեւ 30.06.2024թ.: Նշյալ երկարաձգման դեպքում Հայաստանը  պարտավորված կլինի վճարել ՎՎԲ կողմից գնահատված երկարաձգման վճարի մի մասը, որը կազմում է 1.300.000 եվրո, որը նույնպես  նախատեսված չէ ՀՀ 2020թ. պետական բյուջեով:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի ներկայացմամբ քննարկված «Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ 2020 թվականի հուլիսի 1 -ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է համաձայնագրով սահմանված մասհանման վերջնաժամկետը երկարաձգել մինչեւ 31.12.2025թ.: Երկարաձգման դեպքում Հայաստանը պարտավորվում է վճարել ՎՎԲ-ի կողմից գնահատված երկարաձգման վճարի մի մասը, որը կազմում է 1.180.000 եվրո: Այս գումարը եւս նախատեսված չէ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով:

ՀՀ առողջապահության նախարարի առաջին  տեղակալ Անահիտ Ավանեսյանի ներկայացմամբ խորհրդարանը քննարկել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ճապոնիայի կառավարության միջեւ «Տնտեսական եւ սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը ստորագրվել է այս տարվա հունիսի 30-ին:  Համաձայնագիրը  նպատակ ունի զարգացնել Ճապոնիայի հետ տնտեսական համագործակցությունը եւ խթանել Հայաստանի տնտեսական եւ սոցիալական զարգացումը:  Փաստաթղթի համաձայն՝ Ճապոնիան Հայաստանին  տրամադրելու է չորս հարյուր միլիոն ճապոնական յեն դրամաշնորհ /մոտ 3,8 մլն դոլար/, որի շրջանակում հայկական կողմը նպատակահարմար է համարել  ձեռք բերել լիաքարշ (4WD) շտապ օգնության եւ «շարժական բժշկական կլինիկա» ավտոմեքենաներ, որոնք կօգտագործվեն Հայաստանի մարզերում, մասնավորապես` լեռնային շրջաններում՝ բնակչությանը բուժական օգնություն տրամադրելու նպատակով:

Վերոնշյալ օրենքների նախագծերին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել է ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանի, Վարազդատ Կարապետյանի եւ Բաբկեն Թունյանի հեղինակած «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով:

Նախագծի վերաբերյալ դրական էին եւ ՀՀ ԱԺ գլխադասային հանձնաժողովի եւ ՀՀ ԿԲ եզրակացությունները:

ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար քննարկման է ներկայացրել «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ  եւս ԱԺ գլխադասային հանձնաժողովի եւ ԿԲ եզրակացությունները դրական էին:

Երկրորդ ընթերցմամբ քննարկված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ«Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Կառավարության օրենսդրական փաթեթով նախատեսվում է տնտեսվարող սուբյեկտների համար բարենպաստ եւ հավասար պայմաններ ստեղծել:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ  «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը:  Հիմնական զեկուցող,  ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հայտնել է, որ առաջարկվում է «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն հանել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի մաս կազմող «2017-2020 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների, մասնավորեցման օբյեկտների (այդ թվում` մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված)» ցանկից:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել:

Քվեարկությունների արդյունքում  քննարկված օրինագծերն ընդունվել են: Այսքանով խորհրդարանն սպառել է օրակարգը:

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ պատգամավորներն օրվա վերջին նիստում հանդես են եկել հայտարարություններով:


29.04.2024
Ժողովրդավարությունն է ապահովելու մեր երկրի անվտանգությունը, զարգացումը եւ կայունությունը տարածաշրջանում. Մերի Գալստյան
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում (ՖԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը մասնակցել է ՖԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին, որը կայացել է ապրիլի 29-30-ը՝ Լյուքսեմբուրգում:Հայկական պատվիրակությունն առաջարկել է փոփոխություններ եւ լրացո...

29.04.2024
Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց
Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 29-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 30-ի...

29.04.2024
Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր հանրային քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը մ...

29.04.2024
Հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը
2023 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք, 2022 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 8.1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում քննարկման ն...

29.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...