Տպել
19.11.2020
Կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել
1 / 16

ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 19-ին Կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել՝ օրակարգում ունենալով երկու օրենսդրական նախաձեռնություն:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը քննարկման է ներկայացրել  ՀՀ Կառավարության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ 2020 թվականի հուլիսի 1-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Փոխնախարարի տեղեկացմամբ՝ 2017թ. որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել ծրագիրը եւ ծախսերի օպտիմալացման նպատակով քննարկել ծրագրի տեխնիկական նոր լուծումների հնարավորությունները:

Ծրագրի նպատակն է միացնել հայկական եւ վրացական էներգահամակարգերը վրացական սահմանին մոտ` Այրումում (Հայաստան) տեղակայվող 500/400/220 կՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով (վերջնական հզորությունը 1050 ՄՎտ): Վրացական կողմից միացումը կլինի «Մառնեուլի» ենթակայանից 500 կՎ ՕԳ-ի միջոցով, հայկական կողմից միացումը կլինի Դդմաշենում տեղակայվող 400/220 կՎ ենթակայանից 400 կՎ ՕԳ-ի միջոցով: Արդյունքում, Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 200 ՄՎտ-ից առաջին փուլում կհասցվի 350 ՄՎտ-ի, երկրորդ փուլում` 700 ՄՎտ-ի եւ վերջնական փուլում` 1050 ՄՎտ-ի:

Զեկուցողի տեղեկացմամբ՝ համաձայնագիրը չվավերացնելու դեպքում Հայաստանը պարտադրված կլինի վճարել տուգանք՝ ավելի քան 16 մլն եվրոյի չափով:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է  ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վերացնել օրենսդրական բացը եւ հնարավորություն տալ գերեվարված զինծառայողներին՝ պահպանելու իրենց պաշտոնային դրույքաչափը: Այս նպատակով  առաջարկվում է օրենքի  61-րդ հոդվածի 13-րդ մասում «տեղափոխելու» բառից հետո լրացնել  «կամ գերության մեջ գտնվելու» բառերը, ինչպես նաեւ ավելացնել նոր նախադասություն` հետեւյալ բովանդակությամբ. «Սույն մասի համաձայն՝ գերության մեջ գտնվող զինծառայողի համար պաշտոնային դրույքաչափը պահպանվում է եւ դրա վճարումն իրականացվում է պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով միայն այն դեպքում, երբ զինծառայողի կողմից գերության մեջ գտնվելու փաստի կապակցությամբ անցկացված ծառայողական քննության արդյունքում ակնհայտ հիմնավորվում է, որ գերության մեջ հայտնվելը զինծառայողի` զորամասը կամ ծառայության վայրը կամ մարտադաշտն ինքնակամ թողնելու եւ (կամ) կամովին գերի հանձնվելու հետեւանք չէ»:

Նշենք, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ  քննարկումն Ազգային ժողովի որոշմամբ կիրականացվի այն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:

ՀՀ Կառավարության  դրական դիրքորոշումը, ինչպես նաեւ որոշ առաջարկներ նախագծի վերաբերյալ ներկայացրել է Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

Քննարկված օրենսդրական նախաձեռնությունները քվեարկությունների արդյունքում ընդունվել են:   

Նույն օրը խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ  ընդունել է Մխիթար Հայրապետյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը. այն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո բովանդակային փոփոխության չէր ենթարկվել:

 ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել:

Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:


19.11.2020
Հանձնաժողովը հավանություն է տվել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում առաջարկվող լրացումներին
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 19-ի նիստում Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ...

19.11.2020
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 15:15-ին նախատեսված արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը` այստեղ: ...

19.11.2020
Տեղի կունենա ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 15:15-ին, 414 դահլիճում տեղի կունենա ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը:...

19.11.2020
Նոյեմբերի 19-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ նոյեմբերի 19-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:   ...