ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 19-ի նիստում Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:
Նշենք, որ օրինագծով գերության մեջ գտնվելու հիմքով զինվորական պաշտոնից ազատված եւ պետական լիազոր մարմնի կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնված զինծառայողների համար պահպանվում է պաշտոնային դրույքաչափը` մինչեւ ազատվելը, միաժամանակ սահմանվում են այն հանգամանքները, որոնք բացառում են գերի ընկնելու դեպքում պաշտոնային դրույքաչափը պահպանվելու իրավունքը, ինչպես նաեւ նախատեսվում է պետական լիազոր մարմնի հրամանով սահմանել պահպանված պաշտոնային դրույքաչափի վճարման կարգը: