Տպել
25.12.2020
Աշխատանքային քննարկում խորհրդարանում
1 / 18

Դեկտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ կազմակերպվել էր աշխատանքային քննարկում՝ «Սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի, առկա խնդիրների, լուծման ուղիների, սահմանների ճշգրտման, պահպանության եւ անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ» թեմայով: Քննարկմանը մասնակցել են ԱԺ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նշել է, որ իրենք պաշտոնական հրավեր են ուղարկել ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը եւ Կառավարությանը, սակայն վերջիններս չեն ներկայացել քննարկմանը: Արման Աբովյանը ներկայացրել է քննարկման կազմակերպման ընթացքը:

Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը, ներկայացնելով ստեղծված իրադրությունը, իրազեկել է, որ սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական տանդեմի սանձազերծած պատերազմին սյունեցիները մասնակցել են ինչպես մարտի դաշտում, այնպես էլ թիկունքում՝ կրելով անդառնալի կորուստներ: Նա նշել է, որ հոկտեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գորիսում համայնքների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ առաջարկել է անցնել ինքնապաշտպանության, որից հետո սյունեցիներն արագ ինքնակազմակերպվել են եւ անցել իրենց բնակավայրերի ինքնապաշտպանությանը: Սյունիքի պաշտպանության համակարգող է նշանակվել գեներալ Արտակ Դավթյանը, ում՝ շահավետ դիրքեր զբաղեցնելու ցուցումով սյունեցիներն անվտանգության գոտու ապահովման նկատառումով ընտրել են այն բնագիծը, որը որոշակիորեն հեռու էր իրենց բնակավայրերից: Նշվել է, որ թեժ մարտեր են ընթացել Դավիթ Բեկի, Ուժանիսի, Կենտրոնական ու Ներքին Հանդի հատվածներում, զոհեր են եղել, սյունեցիներին հաջողվել է պահպանել այդ բնագծերը: Գեւորգ Փարսյանի խոսքով՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ թեպետ ասվում է, որ ՀՀ եւ ԱՀ զինված ուժերը պետք է մնան այնտեղ, որտեղ այդ պահին կանգնած են, սակայն դեկտեմբերի 17-ի առավոտյան անսպասելիորեն Պաշտպանության նախարարության կողմից բնագծերը թողնելու հրաման է իջեցվել: Բանախոսի գնահատմամբ՝ այժմ թշնամին Սյունիք բնակավայրի բնակելի հատվածից 100 մետր հեռավորության վրա է գտնվում, Կապանի բնակելի հատվածից՝ մեկ կիլոմետր հեռավորության վրա:

Կապան համայնքի ղեկավարը բարձրաձայնել է նաեւ ճանապարհների անվտանգության հետ կապված խնդիրները՝ նշելով, որ 3 խնդրահարույց ուղղություն կա՝ Կապան-Գորիս, Կապան-Ճակատեն եւ Կապան-Ագարակ գյուղ հատվածները: Նրա տեղեկացմամբ՝ այսօրվա դրությամբ Կապան-Գորիս, Կապան-Ճակատեն ճանապարհները գործում են, բայց Կապան-Ագարակ գյուղ տանող ճանապարհն անցել է թշնամու հսկողության տակ եւ որեւէ կարգավորում դեռ չկա: Կա այլընտրանքային ճանապարհ, որը հիմնանորոգման կարիք ունի: Գեւորգ Փարսյանի խոսքով՝ բնակչությունը թեպետ անհանգիստ է, սակայն խուճապ չկա: Նրա համոզմամբ՝ պետք է ամեն ինչ անել ազգաբնակչության անվտանգության ապահովման համար:

Հարցուպատասխանի ձեւաչափում պատգամավորները բարձրաձայնել են մի շարք վիճահարույց խնդիրներ, որոնք առնչվել են հակառակորդի թիրախում հայտնված մի շարք համայնքների հայաթափման հնարավորությանը, Կապան-Գորիս ճանապարհահատվածում քաղաքացիների համար առկա վտանգներին, սահմանամերձ բնակավայրերի անվտանգության ապահովմանն ուղղված քայլերին, դիրքային տեղորոշման խնդրահարույց հարցերին եւ այլն:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Սյունիքի, Կապանի, Գորիսի, Քաջարանի, Մեղրիի համայնքապետերին՝ մեր սահմանները պահպանելու ուղղությամբ ամեն ինչ անելու համար: Պատգամավորը մտահոգություն է հայտնել Սյունիքի մարզի կարեւոր եւ առանցքային դիրքերը հանձնելու վերաբերյալ: Նաիրա Զոհրաբյանն առաջարկել է առաջիկայում Կապանում կազմակերպել քննարկում՝ սահմանամերձ համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Բանախոսի տեղեկացմամբ՝ խմբակցությունը հանդես է գալու օրենսդրական նախաձեռնությամբ, ըստ որի՝ պատերազմից հետո ստեղծված իրավիճակում սահմանապահ համայնքների բնակիչները եւս կօգտվեն օրենքով նման կարգավիճակ ունեցող համայնքների բնակիչների համար սահմանված հարկային արտոնություններից:

Քննարկման ընթացքում հեռախոսակապ է հաստատվել Շուռնուխ հայմայնքի ղեկավար Հակոբ Արշակյանի հետ: Ներկայացնելով Շուռնուխում տիրող իրավիճակը՝ նա նշել է, որ այս պահին հայտնի չէ, թե գյուղի որ հատվածն է անցնելու հակառակորդի վերահսկողության ներքո: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը Հակոբ Արշակյանին վստահեցրել է, որ խորհրդարանականներն իրենց լիազորությունների շրջանակում ամեն ինչ արել են ու անելու են՝ ի աջակցություն սահմանամերձ համայնքերի պաշտպանության:

Օրենսդիրները մտահոգություն են հայտնել հայկական որոշ բնագծեր հանձնելու վերաբերյալ, խոսել սահմանների ճշգրտման եւ սահմանազատման գործընթացի մասին. նշվել է, որ միջազգային իրավունքի նորմերի համաձայն՝ անթույլատրելի է սահմանների ամրագրում GPS համակարգով: Որոշ պատգամավորներ կարեւորել են այլընտրանքային կառույցների ստեղծումը, հատկապես Սյունիքում թունելային շինարարությունը:

Քննարկման ավարտին Արման Աբովյանը նշել է, որ հնչած բոլոր առաջարկներն ուսումնասիրվելու են, իսկ բարձրաձայնված խնդիրներին կտրվեն օրենսդրական լուծումներ:  Բանախոսը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք պաշտպանում են մեր հայրենիքը թե՛ Հայաստանում եւ թե՛ Արցախում:
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...