Դեկտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցութան հրավիրած մամուլի ասուլիսում անդրադարձ է կատարվել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած «ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի` որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» ԱԺ որոշման նախագծին, որով առաջարկվում է դադարեցնել ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները:
Նաիրա Զոհրաբյանը, քննադատական խոսք ուղղելով ՀՀ վարչապետի եւ իշխանությունների հասցեին, տեղեկացրել է, որ դիմելու են ՀՀ ՍԴ` վիճարկելու համար ԱԺ որոշման նախագծի սահմանադրականության հարցը: Ըստ նրա՝ նախագիծը քաղաքական հաշվեհարդար է իր եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանդեպ:
Խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ու խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, նույնպես քննադատելով գործող իշխանություններին, անընդունելի են համարել իրենց գործընկերոջն ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու վերաբերյալ որոշման նախագիծը: Նրանք շեշտադրել են Նաիրա Զոհրաբյանի միջազգային կառույցներում գործունեության կարեւորությունը:
Բանախոսները նաեւ պատասխանել են լրագրողներին հարցերին: