National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
28.12.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
28.12.2020
Խորհրդարանն արտահերթ նստաշրջան է գումարել
1 / 34

Դեկտեմբերի 28-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվ 11, 12 եւ 13 արձանագրությունների, ՀՀ ԱԺ կազմը համալրել են «Իմ քայլը»  կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական թեկնածուներ Կարեն Գրիգորյանը, Վանիկ Օհանյանը եւ Հակոբ Ասլանյանը:

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ պատգամավորները ԱԺ նիստում երդվել են:

ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ «ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» ԱԺ որոշման նախագիծը, որով առաջարկվում է մի շարք օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ դրանք ընդունելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, չի ընդունվել:

Խորհրդարանը հաստատված օրակարգով սկսել է աշխատանքը:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ հիմնական զեկուցողի՝ առաջարկվող նախագծով նախատեսվում է ավելացնել  Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի մուտքերը, որն էլ իր հերթին հնարավորություն կտա ապահովել զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաեւ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմադամություն ձեռք բերած զինծառայողներին՝ օրենքով սահմանված միանվագ եւ ամսական վճարումների կատարումը: Մանրամասն ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները՝ հիմնական զեկուցողը կարեւորել է մարտական գործողությունների մասնակիցներին եւ նրանց հարազատներին պատշաճ հատուցում տրամադրելու հետ կապված հարաբերությունների կարգավորումը:

Առաջարկվում է 1000 դրամ բոլորի համար հավասարաչափ վճարի փոխարեն, համաձայն եկամտի չափի՝ սահմանել դրոշմանիշային վճարի պրոգրեսիվ սանդղակ:

Նախագծով առաջարկվում է փոփոխել նաեւ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման կարգը: Հոգաբարձուների խորհրդի նոր անդամներին, ըստ նախագծի, կնշանակի Կենտրոնական բանկը՝ հինգ տարի ժամկետով: Նշվել է, որ հոգաբարձուների խորհրդի ձեւավորման կարգի փոփոխությունը նպատակ ունի աշխատանքը դարձնել առավել պրոֆեսիոնալ:

Արդարադատության նախարարին ուղղված հարցերը վերաբերել են դրոշմանիշային վճարի պրոգրեսիվ սանդղակի սահմանման կարգին, մեխանիզմներին, հիմնադրամի գործունեությանը:

Ելույթներում պատգամավորները կարեւորել են նախագծի ընդունման անհրաժեշտությունը, խոսել պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման, դրոշմանիշային վճարի սահմանվող շեմի մասին՝ հանդես գալով նոր առաջարկություններով: Պատգամավորներն անդրադարձել են նաեւ երկրի ներքաղաքական վիճակին, Սյունիքի մարզում տեղի ունեցող գործընթացներին, սահմանային լարվածությանը, վարչապետի հրաժարականի պահանջին:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը քննարկվող  նախագիծը համարել է հրատապ լուծում պահանջող հարց: Նա հայտնել է, որ  ակնկալում է նաեւ Կառավարության պատրաստակամությունն ընդունելու պատգամավորների՝ նախագիծը կատարելագործելուն միտված նոր առաջարկությունները, որը հնարավորություն կտա աջակցելու օգնության անհրաժեշտություն ունեցող քաղաքացիներին: Անդրադառնալով ընդդիմադիր գործընկերոջ՝ վարչապետի հրաժարականի պահանջին, խմբակցության ղեկավարը նշել է, որ նախորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է արտահերթ ընտրությունների հետ կապված կոնկրետ քննարկումներ ծավալելու առաջարկ: Հրաժարականի մասին խոսելը, ըստ Լիլիթ Մակունցի, ներկա պահին անիմաստ է: Օր առաջ նման պահանջ ներկայացնելու ցանկություն ունեցողները, ըստ բանախոսի, պետք է սեղանի շուրջ քննարկեն արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հարցը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը նշել է, որ ՀՀ-ում տեւական ժամանակ է իրականությունը չարտացոլող քաղաքական գործընթացներ են տեղի ունենում, եւ կեղծ քաղաքական օրակարգ է ձեւավորվում? Ըստ բանախոսի՝ խորհրդարանի ամբիոնից չի հնչում ներկա իրավիճակի մասին տեղեկատվություն, մի շարք հարցեր անպատասխան են մնացել եւ չկա պետական քաղաքականության որեւէ հստակ մոտեցում:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով՝  Կառավարությունը չի կարող կազմակերպել արտահերթ ընտրություններ, քարոզարշավ եւ չի կարող ապահովել որեւէ մեկի անվտանգությունը: Դատապարտելով բռնության ցանկացած դրսեւորում՝ Էդմոն Մարուքյանը զսպվածության կոչ է արել բոլորին:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նշել է, որ իշխանությունը հերթական անգամ փորձելու է ոտնահարել ՀՀ Սահմանադրությունը՝ կազմակերպելով Նաիրա Զոհրաբյանին՝ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու գործընթացը: Նա տեղեկացրել է, որ հակասահմանադրական այդ գործընթացին հետեւում են միջազգային բոլոր կառույցները:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անունից իր ելույթում Ռուբեն Ռուբինյանը, հիշեցնելով, որ քննարկվում է զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցմանը վերաբերող օրենքի նախագիծ, արձագանքել է նաեւ ընդդիմադիրների ներկայացրած տեղեկություններին՝ դրանք համարելով ոչ հավաստի:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ խորհրդարանը քննարկել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Այն պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների հետեւանքով անհայտ կորած զինծառայողներին եւ այլ քաղաքացիներին (ներառյալ՝ ՀՀ պաշտպանությանը մասնակցող կամավորականների) դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու ժամկետները հստակեցնելու անհրաժեշտությամբ:

Օրենքի ընդունումը կապահովի ռազմական գործողությունների ժամանակ (կամ հետեւանքով) անհայտ կորած զինծառայողների եւ այլ քաղաքացիների ընտանիքների անդամների համար օրենսդրությամբ սահմանված սոցիալական երաշխիքների կիրառման գործընթացն իրականացնել առավել սեղմ ժամկետներում: Մանրամասն ներկայացնելով նախատեսված փոփոխությունները՝ հիմնական զեկուցողն ընդգծել է նախագծի ընդունման անհրաժեշտությունն ու հրատապությունը:

Ելույթում ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը կարեւորել է օրինագծի ընդունման հրատապությունը՝ կոչ անելով կողմ քվեարկել նախագծին:

Հաջորդիվ քննարկվել է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը: ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այդ պաշտոնում ընտրվելու համար առաջադրել է Կարեն Առուստամյանի թեկնածությունը: Թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային  ուղին ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը: Նշվել է, որ Կարեն Առուստամյանի թեկնածությունն առաջադրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը»  խմբակցությունը:

Կարեն Առուստամյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել իր թեկնածությունն առաջադրելու համար, համառոտ ներկայացրել աշխատանքի  իր պատկերացումներն ու նպատակները: Նա ընդգծել է, որ ընտրվելու դեպքում կանի հնարավորը՝ Հաշվեքննիչ պալատի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաեւ  պալատի նկատմամբ հանրության վստահությունն ավելացնելու  համար:

Թեկնածուի ընտրությունը կկայանա դեկտեմբերի 29-ին:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Նազելի Բաղդասարյանի եւ Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասինե ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Փաթեթով առաջարկվում է հստակեցնել մրցութային խորհրդի ձեւավորման պահը՝ այն պայմանավորելով Ազգային ժողովի նախագահի կողմից համապատասխան ակտի ընդունմամբ, եւ խորհրդի առաջին կազմի համար երկարաձգել մրցույթ անցկացնելու ժամկետը եւս 30 օրով՝ սահմանելով 60 օր: Առաջարկվող կարգավորումը կվերացնի Մրցութային խորհրդի ձեւավորված համարվելու հետ կապված տարընթերցումները, եւ ողջամիտ ժամանակ կտրվի Խորհրդին Հանձնաժողովի՝ 2019թ. դեկտեմբերի 6-ին առաջացած թափուր անդամի մրցույթի կազմակերպման համար:

Առաջին ընթերցմամբ է քննարկվել նաեւ «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասինե օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնք հեղինակել են  ՀՀ ԱԺ պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Վլադիմիր Վարդանյանը, Հովիկ Աղազարյանը եւ Նարեկ Զեյնալյանը:  Բաբկեն Թունյանի տեղեկացմամբ՝ առաջարկվում է մեկ տարով հետաձգել «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների այն դրույթները, որոնք ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: Նշվել է, որ հետաձգվող դրույթները վերաբերում են ծխախոտի եւ նրա փոխարինիչների վաճառակետերում ցուցադրության սահմանափակումներին, փաթեթավորմանն ու մակնշմանը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Հայկ Գեւորգյանը, իսկ Կառավարության բացասական կարծիքը՝ ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

Պատգամավորներն իրենց ելույթներում դրական գնահատականներ են հնչեցրել ներկայացված օրենսդրական փաթեթի վերաբերյալ:

Եզրափակիչ ելույթներում  ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը հորդորել է դեմ քվեարկել նախագծերի փաթեթին: Հիմնական զեկուցող Բաբկեն Թունյանը, ընդգծելով օրենսդրական փաթեթի անհրաժեշտությունը, կարեւորել է ստեղծված իրավիճակում տնտեսավարողներին աջակցելը:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքումե փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով հեղինակն առաջարկում է վերոնշյալ օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի` «2020 թվականի դեկտեմբերի 31-ը բառերը փոխարինել 2021 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով:

Հիմնական զեկուցողը նշել է, որ փոփոխությունը հնարավորություն  է տալու բոլոր տնտեսավարողներին կատարվող ներդրումների համար ժամկետը եւս 1 տարով երկարաձգել:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրել է Կառավարության դիրքորոշումը: Նա նշել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո կներկայացվեն առաջարկներ` հաշվի առնելով օրինագծի իրավակիրառ փորձը` նպատակ ունենալով հստակեցնել ներդրումների կատարման օրը:

Եզրափակիչ ելույթում օրինագծի հեղինակը պատասխանել է հնչեցված հարցերին: Բաբկեն Թունյանը պատրաստակամություն է հայտնել քննարկելու բոլոր առաջարկները:

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով  առաջարկվում է  ՀՀ տարածք մարդասիրական օգնության եւ բարեգործական ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքներն ազատել պետական տուրքից:

Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ գործող օրենսդրությամբ «Հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ձեւակերպվող ապրանքներն անհատույց հանձնվում են պետությանը, ինչպես նաեւ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի համաձայն ազատվում են մաքսատուրքերից եւ հարկերից: Նա ընդգծել է, որ փոփոխությամբ  առաջարկվում է այդ ապրանքներն ազատել նաեւ պետական տուրքից:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությանը Կառավարությունը սկզբունքորեն դեմ չէ:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Հեղինակներն առաջարկում են 2021թվականից հանել Երեւանի շուրջ 10 վարչական շրջաններում գործող «Կարմիր գծերը»: Ըստ հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանի՝ «Կարմիր գծերը» կպահպանվեն միայն Կենտրոն վարչական շրջանում եւ Արաբկիր վարչական շրջանի որոշ հատվածներում: Բանախոսի խոսքով՝ նախաձեռնության ընդունումից հետո կնվազեն վարորդների շրջանում առկա դժգոհությունները:

Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Վաչե Քալաշյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Գործադիրն առաջարկում է օրենքի 5-րդ հոդվածը լրացնել նոր բովանդակությամբ 2.2-րդ մասով, այն է՝ «Պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2021 թվականի համար չի կարող գերազանցել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսը»:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 22-ի ՀՕ-6-Ն ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին>> օրինագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նարինե Ավագյանի տեղեկացմամբ՝ օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանվել է 2021 թվականի հունվարի 1-ը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ նախագծային փաստաթղթերը պետք է էլեկտրոնային եղանակով ներկայացվեն Կադաստրի կոմիտե: Ըստ զեկուցողի՝ մինչեւ սահմանված ժամկետը հնարավոր չէ ապահովել էլեկտրոնային հարթակի գործարկումը, հետեւաբար անհրաժեշտություն է առաջացել օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգել մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը:

Առաջին ընթերցմամբ քննարկված «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթով էլ Կառավարությունն առաջարկում է Հողային օրենսգրքի այն դրույթներում, որտեղ հղում կա հողի հարկին, «հողի հարկ» բառերը փոխարինել «անշարժ գույքի հարկ» բառերով»:

Ըստ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանի՝ առաջին ընթերցմամբ քննարման ներկայացված «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում  նախատեսվում է փոփոխություններ կատարել 14.3-րդ եւ 30-րդ հոդվածներում, այն է՝ առանց սահմանված կարգով հաստատված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, կառուցապատման նպատակներով հողամասերի եւ ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումը չթույլատրելու ժամկետը 2021 թվականի հունվարի 1-ից երկարաձգել մինչեւ 2024 թվականի հուլիսի 1-ը: Ըստ հիմնական զեկուցողի՝ փոփոխությունը հնարավորություն կտա մինչեւ  2024 թվականը մշակել եւ ապահովել համայնքների եւ բնակավայրերի գլխավոր հատակագծերը եւ տարածական պլանավորման փաստաթղթերը:

Առաջին ընթերցմամբ քննարկված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագծով, ըստ հիմնական զեկուցող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի, նախատեսվում է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումն իրականացնել լիցենզիաների հիման վրա՝ տարածելով այն ներմուծվող յուրաքանչյուր 100 տոննայի համար: Նախաձեռնությամբ առաջարկվող կարգավորումները կգործեն 6 ամիս ժամկետով եւ ցեմենտի շուկայում տեղի ունեցող փոփոխություններից ելնելով՝ յուքանչայուր 6 ամիսը մեկ կշտկվեն պետական տուրքի չափերը, կերկարաձգվի կամ կդադարեցվի լիցենզիայի տրմադրման գործընթացը:

Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են օրվա ընթացքում քննարկված հարցերը: Չի ընդունվել Կառավարության հեղինակած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Խորհրդարանն արտահերթ նստաշրջանի աշխատանքը կշարունակի դեկտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ին:


28.12.2020
Տեղի կունենա ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ 29.12.2020 ժամը 09:00 314 սենյակ:   ...

28.12.2020
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ասուլիսում
Դեկտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցութան հրավիրած մամուլի ասուլիսում անդրադարձ է կատարվել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած «ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի` որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորություններ...

28.12.2020
ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստում
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Խորհուրդը համաձայնություն է տվել 2020 թվականի դեկտեմբերի 28-ին` ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն: ...

28.12.2020
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի ԱԺԽՈ-071-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի 44-րդ հոդվ...

28.12.2020
Տեղեկատվություն մամուլի ասուլիսի անցկացման վերաբերյալ
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 12:30-ին, ԱԺ 334 դահլիճում կկայանա ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մամուլի ասուլիսը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS