Տպել
29.12.2020
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
1 / 17

Դեկտեմբերի 29-ին Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:

Քննարկվել է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի` որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» ԱԺ որոշման նախագիծը: Հիմնական զեկուցող ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը մինչ հիմնավորման առանցքային հատվածին անդրադառնալն հարկ է համարել արձանագրել, որ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության, ինչպես նաեւ նրա լիազորությունների դադարեցման հարաբերությունները կարգավորող օրենսդրության ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ թե՛ ընտրության եւ թե՛ լիազորությունների դադարեցման գործընթացները գտնվում են բացառապես Ազգային ժողովի խմբակցությունների քաղաքական որոշումների կայացման եւ Ազգային ժողովի կողմից սեփական գործունեության կազմակերպման տիրույթներում:

Ներկայացնելով հիմնավորումը՝ պատգամավորը նշել է, որ «Իմ քայլը» խմբակցությունը, հավատարիմ մնալով Ազգային ժողովի գործունեության թափանցիկության ապահովման սկզբունքին, անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հանգամանքներին, որոնցից պարզ է դառնում, որ գործնականում առկա է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կողմից Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում հետագա պաշտոնավարման անհնարինություն: Մասնավորապես, սույն թվականի դեկտեմբերի 17-ին Նաիրա Զոհրաբյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարել է գրառում, որը պարունակում է նաեւ հետեւյալ հատվածը՝ «Ես ատում եմ քեզ ժեխ, որ իշխանության բերեցիր քո նմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը»: Նշվել է, որ դեկտեմբերի 22-ին նույն համացանցում Նաիրա Զոհրաբյանը կատարել է գրառում՝ նշելով՝ «Մեր երկրի թիվ մեկ խնդիրը տգիտությունն է: Նիկոլի ու նիկոլիզմի ավարտից հետո մենք, եթե կուզեք՝ այո, բռնի ուժով պիտի կրթենք նաեւ հասարակության էդ հատվածին, որ այլեւս որեւէ ընտրության ժամանակ չգնա ու իր հայելային արտացոլանքին չբերի իշխանության: Ես ժեխին հայրենիք չեմ տալու: Հիմա՛ ես լինելու եմ Հանրապետության Հրապարակում՝ Նիկոլից ու ժեխից իմ հայրենիքը փրկելու համար: Ժեխը իմ երկրում այլեւս ոչինչ չի որոշելու: Ու եթե պետք լինի, այո, մինչեւ կրթական որոշակի ցենզի հասնելը, ժեխին պիտի զրկել որեւէ կարգի որոշում կայացնելու եւ առաջին հերթին՝ ընտրելու իրավունքից: Ու բռնի ուժով տանել կրթելու: Սա այլեւս ազգային անվտանգության լրջագույն հարց է: Սա այլեւս տեսակի կռիվ է՝ ժողովրդի ու ժեխի կռիվ: Ո՞ր տեսակը կհաղթի՝ էնպիսի պետություն էլ կունենանք: Մենք ժեխապետություն չենք ունենալու: Վստահ եղեք»:

Արթուր Հովհաննիսյանի գնահատմամբ՝ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բազմիցս հրապարակային հանդես է եկել նույն արժեհամակարգային տրամաբանությամբ:

Հիմնական զեկուցողը հիշեցրել է, որ Սահմանադրության Սահմանադրական կարգի հիմունքները վերտառությամբ առաջին գլխի անփոփոխելի 2-րդ հոդվածով ամրագրվում է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

«Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ վերը հիշատակված գրառումներից եւ հրապարակային խոսքից պարզ է դառնում, որ պատգամավորի կողմից արվում են Սահմանադրությամբ ամրագրված մարդու՝ որպես բարձրագույն արժեք, անօտարելի արժանապատվությունը ոտնահարող, նվաստացնող եւ վիրավորանք պարունակող հայտարարություններ, ինչպես նաեւ Սահմանադրությանը ուղղակիորեն հակասող դասակարգումներ մարդկանց միջեւ, ավելին՝ այդ դասակարգմամբ պայմանավորելով վերջիններիս Սահմանադրությամբ ամրագրված հիմնարար՝ ընտրելու իրավունքի իրացումը»,-ասված է նախագծի հիմնավորման մեջ:

Հիմնական զեկուցողի խոսքով՝ վերոնշյալն ակնհայտ է դարձնում, որ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չի կարող լինել մի հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքների պաշտպանությունն է:

Մտքերի փոխանակության փուլում պատգամավորներ Սուրեն Գրիգորյանը, Հովիկ Աղազարյանը բարձրաձայնել են այն խնդիրները եւ հիմնավորումները, որոնք անհնար են դարձնում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի հետագա գործունեությունը, Գոռ Գեւորգյանը խոսել է երկրում տիրող ներքաղաքական իրողություններից: Ըստ Արման Բաբաջանյանի՝ նպատակահարմար չէ այս փուլում նման հարցի քննարկումը՝ նշելով, որ դեմ է նախաձեռնությանը: Պատգամավորը բարձրաձայնել է ԱԺ հանձնաժողովների գործունեության արդյունավետության ուսումնասիրության հարցը: Նա նաեւ բանակի հետագա սպառազինման, սահմանների պաշտպանությանն ուղղված քայլերի մասին է խոսել, այս հարցում ընդգծել խորհրդարանի դերը:

Ներկայացնելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության տեսակետը՝ Հայկ Կոնջորյանը կարծիք է հայտնել, որ մարդու իրավունքների պաշտպանությունը հենց այն անձանց պաշտպանությունը պետք է լինի, ովքեր քեզ հետ համամիտ չեն, չեն կիսում քո տեսակետը: Նրա խոսքով՝ Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններում առկա է ակնհայտ քաղաքական գիծ եւ գործ ունենք քաղաքական դաշտում զարգացող նարատիվի հետ, որը կարող է կործանարար լինել: Ըստ Հայկ Կոնջորյանի՝ դա իշխանություն ձեւավորող ժողովրդին այդ իրավունքից զրկելու ծրագրված նարատիվ է: «Ժողովուրդը չպետք է զրկվի իշխանություն ձեւավորելու իր անբեկանելի սահմանադրական հիմնարար իրավունքից»,-ընդգծել է պատգամավորը: Այդ գործելաոճը, ըստ խմբակցության ներկայացուցչի, անընդունելի է հատկապես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի դեպքում, ով պետք է առաջինը պաշտպաներ ժողովրդի անօտարելի այդ իրավունքը:

«ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, այդ իշխանությունն ուզուրպացնելը հանցագործություն է, եւ այդ հանցագործության համար գաղափարական հիմքեր նախապատրաստելը եւս պակաս հանցագործություն չէ»,-ընդգծել է պատգամավորը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հեղինակած «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ հարակից օրենսդրական փաթեթով:

Հիմնական զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանի տեղեկացմամբ` առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո օրենսդրական փաթեթի վերաբերյալ եղել են բազմաթիվ քննարկումներ, որոնց արդյունքում այն լրամշակվել է: Փոփոխված նախագծում կուսակցությունների հիմնադրման ընթացակարգը պարզեցվել է, կարեւոր փոփոխություններ են կատարվել կուսակցությունների հանրային ֆինանսավորման բանաձեւում, վարչական եւ քրեական սանկցիաների հետ կապված:

Ներկայացնելով ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ Նազելի Բաղդասարյանը կարծիք է հայտնել, որ նախաձեռնությունն ամբողջական է, այն արդար ընտրությունների անցկացման եւ ժողովրդավարության կարեւոր նախադրյալ է:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, մանրամասնելով փաթեթի լրամշակված որոշ դրույթները, շնորհակալություն է հայտնել «Իմ քայլը» խմբակցությանը եւ հիմնական զեկուցողին փաթեթի լրամշակման հարցում կառուցողական համագործակցության համար:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության տեսակետը հայտնել է Համազասպ Դանիելյանը: Նա  շնորհակալություն է հայտնել բոլոր քաղաքական ուժերին եւ կառույցներին օրենսդրական փաթեթի լրամշակման հարցում ցուցաբերած պատրաստակամության համար:

Նստաշրջանի ավարտին ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է, որ 103 կողմ եւ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Հաշվեքննիչ պալատի անդամ է ընտրվել Կարեն Առուստամյանը:

Տեղի է ունեցել նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի` որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման հարցով գաղտնի քվեարկությունը. 78 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշումն ընդունվել է:

Քվեարկության արդյունքում երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ հարակից օրենսդրական փաթեթով:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:


29.12.2020
Խորհրդարանն արտահերթ նստաշրջան է գումարել եւ ընդունել մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 29-ին պատգամավորների նախաձեռնությամբ  արտահերթ նստաշրջան  է գումարել եւ երկրորդ ընթերցմամբ  ու ամբողջությամբ քննարկել նախորդ օրն առաջին ընթերցմամբ քննարկված եւ ընդունված մի շարք օրինագծեր: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը  խորհրդարանի քննա...

29.12.2020
Ազգային ժողովի խորհուրդը նիստ է գումարել
Դեկտեմբերի 29-ին արտահերթ նիստ է հրավիրել ԱԺ խորհուրդը: Նիստը վարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Խորհուրդը համաձայնություն է տվել դեկտեմբերի 28-ին` ժամը 11:00-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի ավարտից մեկ ժամ հետո, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ ն...

29.12.2020
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի ԱԺԽՈ-072-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի 44-րդ հոդվ...

29.12.2020
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
Դեկտեմբերի 29-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հեղինակած «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին...

29.12.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 09:00-ին տեղի ունենալիք արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ:   ...