Տպել
13.01.2021
ԱԺ մշտական հանձնաժողովն առաջիկայում կքննարկի «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը
1 / 6

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 13-ին Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ կայացած հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացվել  Կառավարության հեղինակած «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, որի քննարկումը, սակայն, հետաձգվել է երեք շաբաթով: Ինչպես տեղեկացրել  է հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, նման կարեւորագույն նախագծի քննարկումը  հետաձգելու պատճառը դրա  լրամշակման անհրաժեշտությունն է, ինչի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար հանձնաժողովը քննարկել է Կառավարության հեղինակած ««Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակը, ինչպես նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը,  կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից պետական վարչական ռեգիստրների վարման համար իրավական հիմքերի ստեղծումն է:

Հարակից ելույթում հանձնաժողովի անդամ Սոֆիա Հովսեփյանը նշել է, որ նախագծի հեղինակն ընդունել է  պատգամավորների առաջարկները,  վերացել են եղած անհամաձայնությունները, եւ նախագիծն արդեն պատրաստ է ամբողջությամբ ընդունելու համար:

Հանձնաժողովը նախագծին   դրական եզրակացություն է տվել, այն  կընդգրկվի ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Քննարկված մյուս հարցը  կազմակերպչական էր. հանձնաժողովի որոշմամբ հունվարի 29-ին՝ ժամը 11:00-ին, կանցկացվեն խորհրդարանական լսումներ՝ «Գիտությունը որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն» թեմայով:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...