National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
19.1.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
19.01.2021
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստի աշխատանքը
1 / 28

ՀՀ Ազգային ժողովը հունվարի 19-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Քվեարկության են դրվել նախորդ օրը քննարկված օրինագծերը, որոնք  ընդունվել են:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է  ««Կրթության մասին»  ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո որոշ փոփոխություններ է կրել: Նախագծի ընդունմամբ  սահմանվում են ՀՀ կրթական համակարգի պետական վարչական ռեգիստրների վարման իրավական հիմքերը: Առաջարկված փոփոխություններից մեկը  վերաբերում է հանրակրթական  դպրոցների ֆինանսավորման կարգին.  սահմանվում է, որ այդ հաստատությունները  կարող են ֆինանսավորվել ոչ միայն  աշակերտների, այլեւ դասարանների թվով: Այս կարգը կգործի փոքրաթիվ համայնքների դպրոցներում:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունմամբ հնարավոր կլինի Պարեկային ծառայության ամբողջական ներդրման հետ մեկտեղ ապահովել տուգանային միավորների համակարգի ամբողջական գործարկումը, ինչպես նաեւ կարգավորել օրենքի կիրառման արդյունքում ի հայտ եկած  խնդիրները:

Գլխադասային հանձնաժողովները վերոնշյալ նախագծերին դրական եզրակացություն են տվել:

Հաջորդիվ քննարկվել է «Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կատարած աշխատանքների վերաբերյալ» զեկույցը, որը ներկայացրել է քննիչ հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանը:

Քննիչ հսանձնաժողովը կազմավորվել է 2019 թվականի սեպտեմբերին, դրա կազմում համամասնության սկզբունքով  ընդգրկվել են ԱԺ բոլոր՝ երեք խմբակցություններից  ներկայացուցիչներ:

Զեկուցողը  ներկայացրել է հանձնաժողովի կատարած աշխատանքները, անդրադարձել  ոլորտում հայտնաբերված խնդիրներին, խախտումներին եւ   չարաշահումներին: Ըստ այդմ՝ ուսումնասիրություններ են կատարվել հանրապետության մի շարք հանքավայրերում, հայտնաբերվել  են ընդերքի ապօրինի շահագործման փաստեր, հանդիպումներ են եղել ոլորտի մասնագետների հետ, տեղի են ունեցել բաց եւ փակ քննարկումներ: Ընդհանրացնելով բոլոր խնդիրների ծագման աղբյուրը՝ հանձնաժողովը եզրակացրել է,  որ դրանք հիմնականում կապված են հանքարդյունաբերող ընկերությունների ոչ թափանցիկ գործունեության հետ: Նշվել է, որ քննիչ հանձնաժողովն իր գործունեության  ընթացքում որոշակի խնդիրներ  է ունեցել տեղեկատվությունը  պատշաճ եւ ժամանակին ստանալու  հետ կապված, որի պատճառով  դանդաղել է  հանձնաժողովի գործունեությունը եւ որոշ հարցերում հնարավոր չի եղել տարբեր ծրագրերի ամբողջական գործունեության գնահատումը:

Զեկույցում ներկայացվել են այն ընդհանուր խնդիրները, որոնք առնչվում են  մետաղական հանքարդյունաբերության ոլորտի օրենսդրական բացերին, ինչպես  նաեւ միջազգային կառույցների հետ պատշաճ  համագործակցության բացակայությանը: Հանձնաժողովի գնահատմամբ՝ ոլորտում հայտնաբերված խնդիրները կապված են ոլորտի ոչ թափանցիկ գործունեության եւ ոչ արժանահավատ տեղեկատվության հետ:  Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ հանքարդյունաբերող որոշ ընկերություններ չեն վճարել շահութահարկ` որպես պատճառ ներկայացնելով շահույթի բացակայությունը: Այս հիմնավորումը հանձնաժողովն արժանահավատ չի համարել: Հայտնաբերած խնդիրների լուծման նպատակով հանձնաժողովը   առաջարկություններ  է ներկայացրել:

Մտքերի փոխանակության ընթացքում ելույթ ունեցող սակավաթիվ պատգամավորները  թերի, եւ նույնիսկ ձախողված  են գնահատել քննիչ հանձնաժողովի կատարած աշխատանքը՝ նշելով  դրա համար նախադրյալ հանդիսացած օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանի տեղեկացմամբ՝ օրենսդրական փաթեթի նպատակն է  պաշտպանել եւ խրախուսել տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը եւ սպառողների շահերի պաշտպանությանը:

Նշվել է, որ օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է կարգավորել, մասնավորապես ՏՄՊՊՀ-ի կողմից իրականացվող վարույթները՝ սահմանելով դրանց բնորոշ առանձնահատկությունները՝ հանձնաժողովի թղթակցությունը վարույթի մասնակիցներին էլեկտրոնային եղանակով հանձնելու ընթացակարգ, կառույցի նիստերին տեսաձայնային կապի միջոցով մասնակցելու հնարավորություն, տուգանքների կիրառման առավել արդյունավետ մեխանիզմ:

Ըստ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանի՝ օրենքը տարածվում է տնտեսվարող սուբյեկտների, պետական մարմինների, ինչպես նաեւ պետական մարմինների պաշտոնատար անձանց այն գործողությունների, վարքագծի կամ ակտերի վրա, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցության գործողությանը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Գեւորգ Պապոյանը: Բանախոսը տեղեկացրել է, որ հարցի առնչությամբ առաջիկայում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կկազմակերպվեն աշխատանքային քննարկումներ, որոնք հնարավորություն կտան օրենսդրական կարգավորումներն իրականացնել առավել արդյունավետ:

ՀՀ ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի ներկայացմամբ՝ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն ընդգրկել 2017-2020թթ. պետական գույքի մասնավորեցման օբյեկտների շարքում: Մասնավորեցման արդյունքում կձեւավորվի ծառայությունների մատուցման մրցակցության շուկա, ինչը կնպաստի մատչելի եւ որակյալ ծառայություն մատուցող ընկերությունների ստեղծմանը եւ բարձրորակ լեռնափրկարար ծառայության մատուցմանը:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար խորհրդարանը քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Արթուր Դալլաքյանի, Արտյոմ Ծառուկյանի, Արթուր Գրիգորյանի հեղինակած ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բացառապես պահուստային տրանսպորտային միջոցների համար սահմանել պետական տուրքի գծով արտոնություն, եթե կազմակերպությունը եւ անհատ ձեռնարկատերը զբաղվում են միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղու շահագործմամբ կամ ավտոբուսներով, միկրոավտոբուսներով ուղեւորափոխադրումների կազմակերպմամբ:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրոդ ընթերցմամբ: Գործադիրն առաջարկում է լիցենզավորել ՀՀ-ում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, բալոնների պարբերական վկայագրման գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին՝ սպառողների իրավունքների պաշտպանության, ծառայությունների որակի բարձրացման, նրանց նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու նպատակով: Առաջարկվում է ՀՀ կառավարությանն օրենքով տալ լիազորություն սահմանելու սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ բալոնների պարբերական վկայագրման կարգը, սահմանել վերահսկողական մեխանիզմներ՝ վարչական պատասխանատվության ենթարկելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտողներին:

««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  եւ կից օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը: Օրենսդրական փաթեթով առաջարկվում է հանել տեխնիկական զննության կտրոնի տրամադրման պահանջը  եւ վերահսկողությունն իրականացնել էլեկտրոնային շտեմարանի ու արատորոշման քարտի միջոցով:  Արատորոշման քարտը լրացվելու է էլեկտրոնային եղանակով եւ պահպանվելու է էլեկտրոնային շտեմարանում, ինչը հնարավորություն է տալու վերահսկողություն իրականացնել նաեւ էլեկտրոնային եղանակով՝ առանց տրանսպորտային միջոցը կանգնեցնելու:  Միաժամանակ գործող էլեկտրոնային ծրագիրը թույլ է տալու վերահսկել տեխնիկական զննության փաստացի իրականացումը: Այն արձանագրելու է տրանսպորտային միջոցի արգելակային ստենդի  վրա բարձրանալը` ֆիքսելով տվյալ տրանսպորտային միջոցի քաշը: Փոխվելու է նաեւ տեխնիկական զննության պարբերականությունը:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած ««Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ: Հեղինակներն առաջարկում են 2021 թվականից հանել Երեւանի շուրջ 10 վարչական շրջաններում գործող «Կարմիր գծերը» եւ պահպանել միայն Կենտրոն վարչական շրջանում եւ Արաբկիր վարչական շրջանի որոշ հատվածներում:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար խորհրդարանը քննարկել է նաեւ ««Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որով Կառավարությունն առաջարկում է լրացում կատարել Հողային օրենսգրքի այն դրույթներում, որտեղ հղում կա հողի հարկին, «հողի հարկ» բառերը փոխարինել «անշարժ գույքի հարկ» բառերով:

Երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկված օրենսդրական նախաձեռնությունները խորհրդարանի գլխադասային հանձնաժողովներում ստացել են դրական եզրակացություններ եւ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո պատգամավորների կողմից գրավոր առաջարկներ չեն եղել, ուստի բովանդակային փոփոխությունների չեն ենթարկվել:

ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Վաչե Քալաշյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Հանրային խորհրդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հանրային խորհրդի գործունեությունն ապահովում է նրա քարտուղարությունը, որը վարչապետի աշխատակազմի գրասենյակ է: Առաջարկվող փոփոխությունով նախատեսվում է քարտուղարությունը սահմանել վարչապետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում, որը պետք է ապահովի «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի դրույթներով սահմանված աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանմանը վերաբերող դրույթների իրականացումը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին բարձրաձայնել է Վահագն Հովակիմյանը:

«Արտոնագրերի մասին», «Արդյունաբերական դիզայնի մասին» օրինագծերը եւ դրանց կից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը քննարկման է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը: «Արտոնագրերի մասին» օրենքի նախագծով նախատեսվում է հստակեցնել գյուտերի իրավական պահպանության ձեւերը` ներդնելով «գյուտի կարճաժամկետ արտոնագիր» պահպանական փաստաթղթի նոր ձեւ: Գործադրի առաջարկով երրորդ անձանց կողմից գործող գյուտի կարճաժամկետ արտոնագրի դեմ առարկությունների ներկայացման ընթացակարգ կներդրվի: Նախագծով կճշգրտվի պետական լիազոր մարմնի ծանուցումներին եւ հարցումներին պատասխանելու ժամկետների հաշվարկի սկզբունքը՝ սահմանելով որպես այդ ժամկետների հաշվարկման սկիզբ դրանց ուղարկման թվականը, կներդրվի գյուտերի փորձաքննության` այսպես կոչված «հետաձգված փորձաքննության» ընթացակարգ:

«Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ներդնել երրորդ անձանց կողմից գործող արդյունաբերական նմուշի գրանցման դեմ առարկությունների ներկայացման ընթացակարգ: Պահանջ է դարձել արդյունաբերական նմուշների օրենսդրության վերանայումն ու նոր մոտեցումների սահմանումը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Պապոյանը օրենսդրական մի շարք դրույթների հստակեցումը կարեւորել է նաեւ մեր երկրի ներդրումային գրավչությունը բարձրացնելու առումով: Նա կոչ է արել գործընկերներին կողմ քվեարկել օրենսդրական փաթեթին:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը քննարկման է ներկայացրել նաեւ «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների եւ ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Նախատեսվում է ստեղծել իրավական դաշտ, որը նպատակ ունի կարգավորել ԵՏՄ ապրանքային նշանների եւ Միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության եւ օգտագործման կապակցությամբ ծագող հարաբերությունները: Պայմանագիրը չի նախատեսում նշված օբյեկտների գրանցումների իրավասությամբ օժտված առանձին կառույցի՝ միջազգային կազմակերպության հիմնադրում: Այդ լիազորություններն ըստ էության վերապահված են ԵՏՄ անդամ պետությունների արտոնագրային գերատեսչություններին: Ապրանքային նշանների հայտերը կարող են ներկայացվել ԵՏՄ ցանկացած անդամ պետության արտոնագրային գերատեսչություն, որի համապատասխան ծանուցումից եւ հայտի հրապարակումից հետո բոլոր գերատեսչություններն անցկացնում են ապրանքային նշանի փորձաքննություն: Գերատեսչությունների համապատասխան որոշումների հիման վրա ներկայացման գերատեսչությունն ընդունում է տվյալ ապրանքային նշանի գրանցման վերաբերյալ որոշում: ԵՏՄ ապրանքային նշանի հայտ ներկայացնելու եւ ԵՏՄ ապրանքային նշանի գրանցման համար սահմանված տուրքերը վճարվում են ներկայացման գերատեսչությանը, իսկ ապրանքային նշանի փորձաքննության համար տուրքերը վճարվում են յուրաքանչյուր ազգային արտոնագրային գերատեսչությանը:

ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին բարձրաձայնել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսեյ Սանդիկովը:

Առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացվել ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած ««Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով հեղինակն առաջարկում է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը մեր երկրում նշել ազգային փոքրամասնությունների օր:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը միանգամայն հիմնավոր է համարել պատգամավորի առաջարկը՝ նշելով, որ ազգային փոքրամասնությունների օր սահմանելով՝ հերթական անգամ կնպաստենք այս հարցում առավել կենտրոնացած քաղաքականություն մշակելուն:

ԱԺ պատգամավորներ Կնյազ Հասանովը, Լիլիթ Ստեփանյանը եւ Մխիթար Հայրապետյանը, կարեւորելով նախաձեռնության ընդունումը, ընդգծել են ազգային փոքրամասնությունների դերը մեր երկրում՝ նշելով, որ ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի նրանք անվտանգ լինեն, պահպանեն իրենց ազգային ու մշակութային ավանդույթները: Մխիթար Հայրապետյանն ազգային փոքրամասնությունների մշակութային արժեքների պահպանման համատեքստում ընդգծել է օրերս Էջմիածնի Մաչանենց թատրոնում կայացած առաջին եզդիական թատրոնի առաջին ներկայացման հանգամանքը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը քննարկման է ներկայացրել ««2006թ. նոյեմբերի 6-ի` Ղազախստանի Հանրապետության կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայի եւ դրան կից արձանագրության շրջանակներում Ղազախստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինների կողմից տրված՝ ռեզիդենտությունը հաստատող պաշտոնական փաստաթղթերի ճանաչման կարգի վերաբերյալ հայտագրերի փոխանակման ձեւով կնքված» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Նշվել է, որ Ղազախստանի Հանրապետության հետ կնքված վերոնշյալ համաձայնագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջեւ հարկային դաշտի մեխանիզմների դյուրացմանը, կստեղծի իրավական բարենպաստ պայմաններ կողմերի համապատասխան սուբյեկտների տնտեսական գործունեության ազատության համար, հնարավորություն կտա զարգացնելու երկու պետությունների միջեւ ապրանքների եւ ծառայությունների շրջանառությունը, կապիտալի, տեխնոլոգիաների, մարդկանց շարժը, կնպաստի տնտեսական կապերի զարգացմանը, ապրանքաշրջանառության ծավալների աճին, ինչպես նաեւ կխթանի ԵԱՏՄ շրջանակներում տվյալ բնագավառին առնչվող համատեղ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Սիրունյանը նշել է, որ նախաձեռնությունը կնպաստի երկու երկրների միջեւ հարկային դաշտի մեխանիզմների դյուրացմանը, ստեղծել իրավական բարենպաստ պայմաններ կողմերի տնտեսական սուբյեկտների գործունեության ազատության համար, խթանել ապրանքների եւ ծառայությունների շրջանառությունը, մարդկանց շարժը, ապրանքաշրջանառության աճը: Հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

««Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Լիլիթ Մակունցի եւ Գեւորգ Պապոյանի հեղինակած օրինագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պայմանագրերի կատարման եւ կառավարման գործընթացներում հակակշիռների ու զսպումների համարժեք մեխանիզմի միջոցով հանրային հսկողության թափանցիկ եւ հրապարակային համակարգ ներդնելու անհրաժեշտությամբ:

Համակարգի ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված է պատվիրատուի պաշտոնյաների կողմից պայմանագրի կատարման նկատմամբ նախնական հսկողության գործընթացը պատշաճ չիրականացնելու ռիսկերը նվազեցնելու անհրաժեշտությամբ, հատկապես այնպիսի գնումների դեպքում, որոնց պայմանագրին համապատասխանությունը հնարավոր է գնահատել միայն պայմանագրի կատարման պահին կամ դրան հաջորդող կարճ ժամանակահատվածում: Բոլոր այս դեպքերում գնման առարկան ընդունելուց հետո կամ հենց այդ պահին դրանք օգտագործվում են, եւ հետագայում պայմանագրին դրանց համապատասխանությունը որոշելը գործնականում կամ անհնար է կամ շատ բարդ:

ԱԺ տնտեսական հարցերի մշատական հանձնաժողովի դրական եզրակացությունը հայտնել է հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը:

Հարակից զեկույցում ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը նշել է, որ Կառավարությունում հարցը քննարկվել է: Նա նշել է, որ հաշվի առնելով, որ սա լրացուցիչ գործիք է ավելացնելու հանրային հսկողության եւ հաշվետվողականության համակարգերը պետական գնումների ոլորտում եւ համապատասխանում է Կառավարության քաղաքականությանը` գործադիրը տվել է դրական եզրակացություն:

Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն` ՀՀ ԱԺ պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:

Խորհրդարանը նիստի աշխատանքը կշարունակի հունվարի 20-ին՝ ժամը 10:00-ին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS