Տպել
22.01.2021
Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել
1 / 33

ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ խորհրդարանը հունվարի 22-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ գումարել է արտահերթ նիստ՝ օրակարգում ունենալով երկու հարց:

Քննարկվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Գագիկ Ջհանգիրյանին: Հարցը քննարկվում է «ԱԺ կանոնակարգ» օրենքի 135-րդ հոդվածի սահմանած կարգով:

Խմբակցության անունից թեկնածուին ներկայացրել է Վլադիմիր Վարդանյանը: Նա նշել է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, առաջնորդվելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով եւ 144-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել Գագիկ Վրեժի Ջհանգիրյանին: Վլադիմիր Վարդանյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալները, մասնագիտական եւ մանկավարժական գործունեության վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:

Թեկնածուի առաջադրման իրավական հիմքերի մասով հարցին ի պատասխան՝ խմբակցության ներկայացուցիչն ընդգծել է, որ հստակ է՝ սահմանափակումները միասնական են, վերաբերում են եւ՛ դատավորներին, եւ՛ ԲԴԽ անդամներին: Նրա խոսքով՝ դատավորի եւ ԲԴԽ անդամի համար ներկայացվող պահանջները տարբեր են: Պատգամավորը հավելել է, որ որեւէ տրամաբանություն որեւէ փաստաթղթում տարիքային սահմանափակում նախատեսելու չի եղել, եւ դրանք, ցավոք, մանիպուլյատիվ դատողություններ են, որոնք նսեմացնում են իրավագիտությունը՝ որպես գիտություն:

ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը իր թեկնածության առաջադրման համար եւ գոհունակություն հայտնել խորհրդարանական բոլոր խմբակցություններին՝ իր թեկնածության քննարկումները բարեկամական, ջերմ եւ մասնագիտական մթնոլորտում անցկացնելու համար: Թեկնածուն անդրադարձել է Բարձրագույն դատական խորհրդին, դատարանների անկախությանն առնչվող մի շարք խնդիրների: Գագիկ Ջհանգիրյանը, ընդգծելով, որ ԲԴԽ հիմնական առաքելությունը դատավորների եւ դատարանների անկախության երաշխավորումն է, կարեւորել է անկախությունը երաշխավորող մարմնի անկախ գործունեությունը: Նրա գնահատմամբ՝ ԲԴԽ անկախության սահմանադրական եւ օրենսդրական երաշխիքները բավարար են այդ մարմնի անկախ գործունեության ապահովման համար: Այդուհանդերձ թեկնածուն բարձրաձայնել է մի շարք խնդիրներ, որոնք խոչընդոտում են դատական համակարգի անկախ գործունեությանը: Այս համատեքստում նա կարեւորել է խորհրդարանի օրենսդրական առաքելությունը՝ դատավորներին եւ դատարաններին ոչ միայն գործադրի, օրենսդրի, այլ նաեւ վերադաս դատական ատյանների, նաեւ ԲԴԽ-ի ազդեցությունից հնարավորինս զերծ պահելու առումով: Գագիկ Ջհանգիրյանն անդրադարձել է գործող դատական համակարգի զտման խնդրին՝ նշելով, որ դատական համակարգը մնացել է հնի ժառանգորդ: Նրա խոսքով՝ Սահմանադրությունը մաքրման եւ զտման հստակ հնարավորություն է տալիս: Թեկնածուի համոզմամբ՝ անկախ դատարանի ստեղծմամբ կլուծվեն իրավապահ մարմիններում առկա բազմաթիվ խնդիրներ:

Հարցուպատասխանի ձեւաչափում անդրադարձ է կատարվել թեկնածուի գործունեության որոշ մանրամասների, դատական համակարգում առկա մի շարք հոռի երեւույթների, դատարանների ծանրաբեռնվածությանը, դատավորների սոցիալական եւ աշխատանքային պայմանների ապահովմանը, դատաիրավական բարեփոխումների իրականացմանը, հակակոռուպցիոն դատարանների գործունեության արդյունավետությանը, Մարտի մեկի գործով դատավարության ձգձգմանը  եւ այլն:

Օրենսդիրները ողջունել են թեկնածուի պատրաստակամությունը եւ խիզախությունը՝ պետության համար այս բարդ շրջանում մեծ պատասխանատվություն ստանձնելու համար: Գագիկ Ջհանգիրյանը բնորոշվել է որպես մեր երկրում դատաիրավական համակարգի հիմնադիրներից մեկը: Կարծիք է հնչել, որ նրա՝ ԲԴԽ խորհրդի աշխատանքներին մասնակցությունը կնպաստի դատավորների առավել անկախ գործելուն:

Ելույթներում պատգամավորները բարձրաձայնել են քաղաքացիների մտահոգությունները մասնավորապես երկրում արդարադատության բացակայության վերաբերյալ: Նրանք հույս են հայտնել, որ ԲԴԽ անդամների թեկնածուներն իրենց արդյունավետ աշխատանքով կկարողանան լուծումներ տալ համակարգում առկա խնդիրներին եւ քայլեր կձեռնարկեն արդարության ամբողջական հաստատման ուղղությամբ:

Նշվել է, որ չնայած թեկնածուներն առաջադրվել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից, սակայն ընտրվելու դեպքում ԲԴԽ անդամները պետք է առաջնորդվեն մեր երկրի պետական շահով եւ ծառայեն բացառապես Հայաստանի Հանրապետությանը:

Եզրափակիչ ելույթում Գագիկ Ջհանգիրյանը շնորհակալություն է հայտնել շահագրգիռ քննարկման համար, անդրադարձել պատգամավորների ելույթներում հնչած մտահոգություններին: Թեկնածուն ափսոսանք է հայտնել, որ քննարկմանը չեն մասնակցում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները: Բանախոսը նշել է, որ ԲԴԽ գործուղվելիս կցանկանար լսել նաեւ նրանց խորհուրդները:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի մյուս անդամի թեկնածու է առաջադրել Դավիթ Խաչատուրյանին:

Թեկնածուին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անունից ներկայացրել է պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը: Նա բարձրաձայնել է Դավիթ Խաչատուրյանի կենսագրությունը, անցած հարուստ աշխատանքային ուղին:

Դավիթ Խաչատուրյանն անդրադարձել է դատավորների նշանակման գործընթացին, նրանց լիազորությունների դադարեցման ու կարգապահական պատասխանատվության ենթարկելուն, ներկայացրել իր դիրքորոշումը: Թեկնածուն անհրաժեշտ է համարել Դատական օրենսգրքով սահմանել գրավոր եւ բանավոր քննությունների անցկացման եղանակը, ինչպես նաեւ՝ ԲԴԽ-ին զրկել քննություններ անցկացնելու լիազորությունից: Զեկուցողն իր մոտեցումներն է ներկայացրել նաեւ դատական որոշումների գնահատման վերաբերյալ, խոսել արդյունավետության առումով դատարանների բեռնաթափումից:

Դավիթ Խաչատուրյանին պատգամավորները դիմել են հարցերով, որոնք վերաբերել են  նոր՝ մասնագիտացված դատարանների ձեւավորման անհրաժեշտությանը,  ԲԴԽ-ի կողմից օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու նպատակահարմարությանը, թեկնածուի աշխատանքային ուղու որոշ հատվածների, դատավորների նշանակման կարգին եւ դրանց օրինականությանը, դատավորների  վարքագծին, վեթինգ իրականացնելու կարեւորությանն ու դրա խոչընդոտներին, ԲԴԽ-ի որոշ լիազորությունների կրճատմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, արդարադատության իրականացմանը եւ այլն:

Մտքերի փոխանակության ընթացքում օրենսդիրներն անդրադարձել են թեկնածուի աշխատանքային ուղու առանձին դրվագներին,  դատական ոլորտի խնդիրներին եւ դրանց լուծման մեխանիզմներին,  համակարգի խոցելիությանը, կարեւորել իշխանության  այս կարեւորագույն ճյուղի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը, արժեւորել դատական համակարգի լիարժեք անկախությունը: Պատգամավորները չափազանց կարեւոր են համարել  անկախ ու կայացած դատական համակարգի եւ արդարադատ  դատավորների  առկայությունը, ինչը, ըստ նրանց, ուղիղ ճանապարհ է դեպի պետության զարգացում ու ժողովրդավարություն:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը»  խմբակցության անունից ելույթ է ունեցել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա նշել է, որ թեկնածուներին  առաջադրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը»  խմբակցությունը՝ առաջին հերթին առաջնորդվելով նրանց մասնագիտական որակներով եւ  արժեքային հենքով: Խմբակցության ղեկավարը դրական է գնահատել տեղի ունեցած շահագրգիռ քննարկումը եւ հաջողություններ մաղթել թեկնածուներին:

Եզրափակիչ ելույթում Դավիթ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել իր թեկնածությունն առաջադրելու, շահագրգիռ քննարկման եւ վստահության համար, անդրադարձել պատգամավորների որոշ դիտարկումների:

Գաղտնի քվեարկության արդյունքում Գագիկ Ջհանգիրյանը` 86 կողմ, 3 դեմ, իսկ Դավիթ Խաչատուրյանը` 85 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվել են Բարձրագույն դատական խորհրդի անդամներ: ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է, որ ընտրությանը մասնակցել է 89 պատգամավոր:

ԲԴԽ նոր անդամները երդմամբ ստանձնել են իրենց լիազորությունները:

Սպառելով օրակարգը` խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:


22.01.2021
Կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հունվարի 22-ի ԱԺԽՈ-004-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով...

22.01.2021
Կայացել է ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ
Հունվարի 22-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որը վարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Խորհուրդը համաձայնություն է տվել հունվարի 22-ին` ժամը 12:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն:   ...