National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
1.2.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
 
01.02.2021
Խորհրդարանական լսումներ՝ «Գիտությունը՝ որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն» թեմայով
1 / 39

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 1-ին  անցկացրեց խորհրդարանական լսումներ՝   «Գիտությունը՝ որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն» թեմայով: Քննարկման առանցքում մեկ հարց էր.  ինչպե՞ս   Հայաստանում զարգացնել գիտությունը եւ ի՞նչ  է պետք   անել այդ նպատակին հասնելու համար: Հարցի վերաբերյալ իրենց պատկերացումները ներկայացնելու  համար խորհրդարան էին այցելել գիտնականներ, պաշտոնյաներ, տարբեր ոլորտների մասնագետներ, դասախոսներ ու ուսուցիչներ:

Մինչ քննարկմանն անցնելը ներկաներն ԱԺ ԳԿՄՍԵՍ նախագահ  Մխիթար Հայրապետյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ հարգեցին 2020 թվականի  սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվածների  հիշատակը:

Բացելով լսումները՝ ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը նշեց, որ նաեւ 44-օրյա պատերազմն է պատճառ դարձել այս լսումները նախաձեռնելու համար, ինչը  հետագայում պետք է նպաստի ոլորտային քաղաքականության եւ ռազմավարության մշակմանը: Ըստ բանախոսի՝ այսօր կարեւոր է գույքագրել համահայկական ներուժը եւ հասկանալ, թե ինչպես է այն օգտագործվելու  թե՛ ոլորտների զարգացման, թե՛ անվտանգության ապահովման համակարգում:

«Չկա մի ոլորտ, որտեղ հնարավոր է առանց գիտական հենքի ապահովել զարգացում»,- նշեց նա՝ հավելելով, որ  վերջին պատերազմը ցույց տվեց, որ  առկա են  բազմաթիվ անելիքներ:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն իր ելույթում անվտանգության ապահովման տեսանկյունից  կարեւորեց գիտության եւ  կրթության ոլորտների համատեղ  զարգացումը: Ըստ նրա՝ արհեստական է  այն մոտեցումը, որով փորձ է արվում տարանջատել բարձրագույն կրթությունը գիտությունից: Նախարարի դիտարկմամբ՝ այսօր լրջագույն խնդիր կա կադրերի վերարտադրության առումով. ըստ նրա՝ չի կարող զարգանալ գիտությունը, եթե չկան որակյալ կադրեր, իսկ դրա համար անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել հանրակրթությանն ու բարձրագույն կրթությանը, գործուն քայլեր ձեռնարկել գիտության ոլորտում: Նախարարի խոսքով՝ գիտության ոլորտում չկա մրցակցություն, փոխարենը կա  երիտասարդ գիտնականների պակաս, ինչի պատճառը  երիտասարդ կադրերի արտահոսքն է դեպի արտասահման:

Այժմ մշակման փուլում է ոլորտը կանոնակարգող օրենքի նախագիծը: «Այսպես թողնել չի կարելի»,- ելույթի ավարտին կարծիք հայտնեց  նախարարը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն անդրադարձավ աշխարհի գիտատեխնիկական զարգացումներին՝ նշելով, որ այժմ նավթագազային եւ ֆինանսական կառույցների առաջընթացին  փոխարինելու են եկել  գիտատեխնիկական եւ բարձր տեխնոլոգիաները: Նրա խոսքով՝ աշխարհն այսօր  փոխվում է շատ արագ եւ դրա հիմքում ընկած է գիտական եւ գիտատեխնիկական առաջընթացը: Այս ամենն աշխարհում հանգեցնում է անվտանգային համակարգերի կտրուկ փոփոխությունների, որոնք չտեսնելը կարող է հանգեցնել ողբերգական հետեւանքների: Նախարարը կարեւորեց  առաջնահերթությունների հստակ սահմանումը,   գիտության զարգացման նոր սանդղակի մշակումն ու Գիտությունների ազգային ակադեմիայի ներուժի հզորացումը, ռեսուրսների ճիշտ տեղաբաշխումը:

Նախարարը չշրջանցեց նաեւ ռազմարդյունաբերության ոլորտը  եւ  տեղեկացրեց, որ վերջին երկու  տարիներին ավելի քան 2,5 անգամ ավելացվել են գիտահետազոտական եւ փորձանախագծային աշխատանքների ու շուրջ 4 անգամ՝  բարձր տեխնոլոգիական արդյունաբերության համար նախատեսված ֆինանսական հատկացումները:

Ժամանակակից պատերազմներում  հնարավոր չէ հաղթել՝ չունենալով արդիական սպառազինություն. համոզված է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Տարիներ շարունակ ունենալով գիտություն,  չենք օգտվել բանակի սպառազինությունն արդիականացնելու հնարավորությունից: Անդրադառնալով ժամանակակից զինտեխնիկային, մասնավորապես, օդուժ  ունենալու հրամայականին՝ Քոչարյանն ասաց. «Չպետք է այստեղ խոսենք եւ ցրվենք, մեր անելիքները, մտորումները պետք է լինեն հստակ եւ անկեղծ: Անհրաժեշտ է վերանայել ռազմարդյունաբերական համալիրի կարողությունները, շրջվել դեպի գիտությունը»:

ԱԺ ԳԿՄՍԵՍ մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանն անդրադարձավ գիտնականի դերին, անհրաժեշտ համարեց գիտության ֆինանսավորման էական ավելացումը,  բնագիտական առարկաների՝ քիմիայի, ֆիզիկայի, մաթեմատիկայի եւ որոշ այլ առարկաների  նկատմամբ հասարակության վերաբերմունքի փոփոխությունը: Այդ ուղղությամբ որոշակի քայլեր արվում են. մասնավորապես, նպատակ կա նաեւ հեռուստատեսային հաղորդումների միջոցով գիտության նկատմամբ հետաքրքրություն առաջացնել աշակերտների շրջանում:   Հովհաննես Հովհաննիսյանը հայտնեց, որ համապատասխան նախարարության հետ ակտիվ քննարկման փուլում է ոլորտը կանոնակարգելուն ուղղված օրենսդրական նախաձեռնությունը:

ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը անդրադարձավ գիտության ոլորտի ֆինանսական հատկացումներին եւ վիճակագրական տվյալներին՝ նշելով, որ 2021 թվականին պետբյուջեով գիտության ոլորտին հատկացվել է շուրջ 13 միլիարդ դրամ կամ 25 միլիոն ԱՄՆ դոլար: Այս տարի, սակայն,  502 մլն դրամի չափով կրճատվել է  հատկացված գումարը՝ Covid-19-ով պայմանավորված:

Հայոցյանը նշեց, որ գիտության զարգացման համաշխարհային տենդենցների համաձայն այժմ ռազմարդյունաբերության ոլորտի հզորացման համար առավել  վճռորոշ են դառնում թեթեւ եւ գիտատար սպառազինությունները, որոնց մշակումն ու ստեղծումը պահանջում է ունենալ զարգացած ճարտարագիտություն ու գիտություն: «Այս մրցավազքին չմասնակցելը  կարող է ճակատագրական լինել հատկապես մեզ համար: Գիտության կոմիտեի նախագահի տեղեկացմամբ՝ այժմ  Հայաստանում գործում են մի շարք ընկերություններ, որոնք հաջողված ծրագրեր են իրականացնում ռազմարդյունաբերության ոլորտում: Նա շեշտել է, որ ապագայի պատերազմները կարող են տրամագծորեն տարբերվել անցած պատերազմից:

Թեմայի վերաբերյալ մասնակիցներն իրենց ելույթներում խոսելով 2020 թվականի պատերազմի եւ դրա հետեւանքների մասին՝ ընդգծեցին, որ նախկինում թույլ տրված սխալները չկրկնելու եւ ապագա մարտահրավերներին դիմակայելու պայմանը գիտության զարգացումն է:

Կարեւորվեց բարձրագույն կրթության, պաշտպանության, տնտեսության ոլորտների փոխգործակցության անհրաժեշտությունը եւ տեխնոլոգիական նորարարությունների համար բարենպաստ միջավայր ձեւավորելը, գիտական ու ֆինանսական ռեսուրսները համախմբելը:

Երկրի գիտատեխնիկական առաջընթացի համար հարկավոր է կենտրոնացնել ջանքերն առավել արդիական խնդիրների լուծման վրա՝ միավորելով  ինտելեկտուալ ուժերը:

Մատնանշելով Հայաստանում ՏՏ ոլորտում առանձին ճյուղերի պակասն ու գիտաշխատողների թվի յոթնապատիկ նվազման փաստերը՝ առաջարկներ հնչեցին երբեմնի հզոր գիտությունը վերականգնելու, եւ այն օրենսդրորեն որպես առաջնահերթություն ամրագրելու վերաբերյալ:

Անդրադառնալով բուհական կրթական համակարգի արդիականացման թեմային՝ ընդգծվեց գիտության ֆինանսավորման վերանայման հարցը, անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների ապահովումը:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը պատրաստակամություն հայտնեց հանձնաժողովին կից գործող գիտության եւ կրթության ենթահանձնաժողովի շրջանակում կազմակերպել հանդիպումներ եւ  քննարկել լսումների ընթացքում ներկայացված խնդիրները:

Ի դեպ, ԱԺ լսումների պատմության մեջ առաջին անգամ Սփյուռքի ներկայացուցիչներին եւս տեսաձայնագրությունների միջոցով ելույթներ ունենալու հնարավորություն էր ընձեռվել՝ դրանով իսկ կարեւորելով սփյուռքահայ գիտնականների հետ սերտ համագործակցությունը:


01.02.2021
Մամուլի ասուլիսի հրավեր
Փետրվարի 2-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը: ...

01.02.2021
Խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ժամը 11:00-ին տեղի ունենալիք խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը՝ այստեղ:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS