Տպել
02.02.2021
Նոր մանրամասներ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքներից
1 / 7

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը փետրվարի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսում մանրամասներ ներկայացրեց ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքներից,  որոնք  ընթացել են  հունվարի  25-28-ը Ստրասբուրգում:

Ասուլիսին մասնակցեցին պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը,  անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Սոս Ավետիսյանը,  Հովհաննես Իգիթյանը եւ Էդմոն Մարուքյանը:

Ռուբինյանը հայտնեց, որ պատվիրակությունը նստաշրջանի աշխատանքներին մասնակցել է հիբրիդային կարգով. առցանց եղանակով աշխատել են Միքայել Մելքումյանը եւ Նաիրա Զոհրաբյանը:

Նրա տեղեկացմամբ՝ հայկական պատվիրակության առաջնահերթ խնդիրը եղել է  Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված  պատերազմից հետո առաջացած խնդիրների, մասնավորապես՝  ռազմագերիների վերաբերյալ հարցի բարձրաձայնումը: Այդ կապակցությամբ պատվիրակությունն առաջարկել էր  հայ ռազմագերիների հարցը  ներառել ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում, ինչը, սակայն, ԵԽԽՎ բյուրոն մերժել է:  Պատվիրակությունը  քիչ հավանական է համարել, որ   առաջարկը կներառվի ընթացիկ  քննարկման հարցերի շարքում: Այլ թեմաներ, մասնավորապես, Ալեքսեյ Նավալնիի վերաբերյալ հարցը  եվրոպացի պատվիրակների շրջանում առաջնային է եղել:

Չներառվելով օրակարգում՝ ռազմագերիների հարցն այնուամենայնիվ քննարկվել է թե՛ ԵԽԽՎ բյուրոյում, թե՛ քաղաքական խմբերում ու նույնիսկ հարցեր են ուղղել ԵԽ գլխավոր քարտուղարին: Հետագայում էլ հայտարարություններ են արվել «Twitter» սոցիալական կայքում՝ պնդումներով, որ հայ ռազմագերիները պետք է անմիջապես վերադարձվեն:

Պատվիրակության ղեկավարը հանդիպումներ է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղարի, Մարդու իրավունքների հանձնակատարի, ԵԽԽՎ նախագահի հետ, որտեղ նույնպես  քննարկման հիմնական թեման  հայ ռազմագերիների վերադարձի հարցն է եղել: Նաեւ նշվեց, որ  Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը:

Պատվիրակության անդամ Տաթեւիկ Հայրապետյանի գնահատմամբ՝ տեղի ունեցած քննարկումների արդյունքում նրանց հաջողվել է հօդս ցնդեցնել Ադրբեջանի՝  իբրեւ թե կառուցողական եւ երկխոսելու պատրաստակամ  լինելու վերաբերյալ միֆը: Պատվիրակության անդամները  դրական գնահատեցին  տեղի ունեցած հանդիպումները, որոնց արդյունքում եվրոպական կառույցների հայտարարությունները գնահատվել են որպես ճնշումներ Ադրբեջանի նկատմամբ: