Տպել
04.02.2021
Հանդիպում Հայաստանի հինգերորդ առեւտրային գործընկեր երկրի դեսպանի հետ
1 / 8

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը փետրվարի 4-ին հանդիպեց մեր երկրում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ:

Խոսելով հայ-ադրբեջանաթուրքական պատերազմի եւ դրա հետեւանքների մասին՝ հանձնաժողովի նախագահն ամենահրատապ խնդիրը համարեց հայ ռազմագերիների վերադարձի հարցը:

Դեսպանի խոսքով՝ Իրանը միշտ պնդել է, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն երկխոսության եւ բանակցությունների միջոցով:

Կողմերը փաստեցին, որ չնայած երկու երկրների միջեւ քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, սակայն տնտեսական ոլորտում կա չօգտագործված ներուժ, անհրաժեշտ է մշակել  ճանապարհային քարտեզ, սահմանել հստակ ժամանակացույց եւ քայլ առ քայլ շարժվել առաջ:

Մելքումյանն ընդգծեց, որ Իրանը Հայաստանի հինգերորդ առեւտրային գործընկերն է, 2020 թվականին առեւտրաշրջանառությունը կազմել է մոտ 400 մլն դոլար, ինչը, ըստ զրուցակիցների, անհրաժեշտ է կրկնակի ավելացնել առաջիկա մի քանի տարիների ընթացքում՝ նաեւ նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը: