Տպել
23.02.2021
Պատերազմից հետո ՀՎ Կովկասում տեղի է ունենում խոշոր դերակատարների ուժերի եւ ազդեցությունների վերադասավորում. Արա Այվազյան
1 / 12

Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 23-ին կայացած նիստում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն անդրադարձավ տարածաշրջանային մի շարք հարցերի: Նրա գնահատմամբ՝ 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում տեղի է ունենում թե՛ տարածաշրջանային, թե՛ խոշոր դերակատարների ուժերի եւ ազդեցությունների վերադասավորում, ինչը դեռեւս չի բյուրեղացել, եւ դեռեւս վաղ է գնահատականներ տալ առկա իրողություններին:

«Հրադադարի պահպանման, անվտանգության ապահովման տեսանկյունից առանձնահատուկ դերակատարություն է ստանձնել Ռուսաստանի Դաշնությունը: Ակնհայտորեն ավելացել են նաեւ Թուրքիայի հավակնությունները տարածաշրջանում: ԼՂ հարցի չլուծված լինելը շարունակում է մնալ տարածաշրջանի առանցքային մարտահրավերներից: Թուրքիայի աջակցությամբ եւ անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ուժի կիրառման հետեւանքները եւ Արցախի տարածքների մի մասի զավթումը չեն կարող համարվել հակամարտության կարգավորում: Միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները եւ կորոշի Արցախի վերջնական կարգավիճակը, կարող է համարվել հակամարտության վերջակետը: Մենք հանձնառու ենք կարգավորման գործընթացի վերսկսմանը, սակայն նախ եւ առաջ պետք է ձեւավորվի խաղաղությանը նպաստող միջավայր, որի նախադրյալները դեռեւս ադրբեջանական կողմից նկատելի չեն»,-ասել է նախարարը: Նրա խոսքով՝ վերոնշյալի մասին վկայում է Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հումանիտար հատվածի չկատարումը, որը մասնավորապես արտահայտվում է գերիների հայրենադարձման ուղղությամբ խոչընդոտների հարուցմամբ: «Միեւնույն ժամանակ՝ մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ Մինսկի խմբի համանախագահությունը ղարաբաղյան կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձեւաչափն է, եւ մենք շարունակում ենք սատարել այդ ձեւաչափը»,-ընդգծել է նախարարը:

Արա Այվազյանն անդրադարձել է նաեւ տնտեսական հարցերին՝ նշելով համավարակով պայմանավորված բացասական ազդեցությունները ԵԱՏՄ-ում առեւտրաշրջանառության վրա: 2020 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների արդյունքներով ԵԱՏՄ-ում առեւտրաշրջանառությունը կրճատվել է 11 տոկոսով՝ կազմելով 44 մլրդ ԱՄՆ դոլար: Կան կանխատեսումներ, որ ընթացիկ տարվա ավարտին միության տնտեսությունը կկրճատվի եւս 3,9 տոկոսով: Միեւնույն ժամանակ՝ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առեւտրաաշրջանառությունը միեւնույն ժամանակահատվածում կրճատվել է ընդամենը 2 տոկոսով՝ կազմելով 2,03 մլրդ ԱՄՆ դոլար:

Ամփոփիչ խոսքում հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը նշեց, որ մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով Հայաստանում վերջին շրջանում կգրանցվի լրջագույն՝ գրեթե 12-13 տոկոս տնտեսական անկում, ինչը վերականգնելը շատ բարդ է լինելու: Պատգամավորը հայտնեց, որ փակ ձեւաչափում քննարկվելու են տարածաշրջանի տրանսպորտային ապաշրջափակման ծրագրին, Իրանի՝ ԵԱՏՄ-ն անդամակցելու հայտին վերաբերող եւ մի շարք այլ հարցեր: 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...