Ազգային ժողովը մարտի 2-ին հերթական նիստում ընդունած որոշման համաձայն՝ փակ նիստում կքննարկի պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Աննա Գրիգորյանի եւ Վարդան Աթաբեկյանի ներկայացրած «Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձումը խոչընդոտելու եւ անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը:
Թարմացում.
Նիստի փակ մասից հետո Թագուհի Թովմասյանը ներկայացրեց հայտարարության տեքստի բովանդակությունը:
ՀՀ Ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանում հայատյացության ու կազմակերպված թշնամանքի քաղաքականության պայմաններում Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց հայրենադարձմանը խոչընդոտելը եւ արձանագրում, որ գերիներին չվերադարձնելու Ադրբեջանի այս բացարձակ անթույլատրելի վարքագիծը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի անկյունաքարային դրույթները, կոպտորեն ոտնահարում է Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները՝ խաթարելով ժամանակակից միջազգային հարաբերությունների բուն էությունը եւ վտանգելով մարդու իրավունքների պաշտպանության միջազգային եւ տարածաշրջանային համակարգերի նկատմամբ վերաբերմունքը:
ՀՀ Ազգային ժողովը կոչ է անում բոլոր միջազգային կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, միջազգային հանրությանը եւ միջազգային ու տարածաշրջանային իրավապաշտպան կազմակերպություններին խիստ գնահատել եւ դատապարտել Ադրբեջանի վերոնշյալ վարքագիծը: