Տպել
04.03.2021
Խորհրդարանը շարունակեց Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկումը. մաս առաջին
1 / 1

Ազգային ժողովը մարտի 4-ին շարունակեց Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկումը: Պատգամավորների հարցերին պատասխանում էր դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանը:

Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն անդրադարձավ Բարձրագույն դատական խորհրդի դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով կազմակերպվող մրցույթներին: 2019-20 թվականներին 19 տեղի համար դիմել է 23 անձ: Մրցույթի փուլը հաղթահարել է ընդամենը 5-ը: Հաջորդ մրցույթները եւս նմանօրինակ են եղել: Ըստ պատգամավորի՝ այստեղ խնդիր կա, քանի որ հնարավոր չի լինում ոլորտը համալրել նոր եւ որակյալ դատավորներով: Արսեն Մկրտչյանը խնդիրը հաղթահարելի  համարեց: «Դատավորի պաշտոնը  իրավաբանների համար այն բարձրագույն շեմն է, որին իրավաբանը կարող է հասնել»: Արսենը Մկրտչյանը  հիշեց տարիներ  առաջ համակարգից հեռացած գործընկերոջ խոսքերն առ այն, որ վերջինս ամաչում է որեւէ տեղ  ասել իր դատավոր լինելը: Թեկնածուն շեշտեց, որ խորհրդարանում այս երկու օրվա քննարկումները դատավորների եւ անձանց իրավունքները դասակարգելու վերաբերյալ կարող են մեծ ազդեցություն ունենալ հանրության շրջանում:

Պատգամավորները ելույթների ընթացքում անդրադարձան արդարադատության բացերին, դատավորների վերաբերյալ հնչեցրած որակումներին եւ նրանց բարեվարքությանը:  Պատգամավորներից շատերը պահանջեցին ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրաժարականը՝ կարծիք հայտնելով, որ նա չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

«Այստեղ յուրաքանչյուրի  երազանքն է ունենալ այնպիսի դատարան, որին յուրաքանչյուրը կհարգի: Դատական իշխանությունը պետք է ցույց տա, որ արժանի է հարգանքի: Ցավոք, իրականությունն այդպես չէ». Նիկոլայ Բաղդասարյան

«Պարոն Վարդազարյանը  եւ իր գործընկերները քանի՞ երկիր գիտեն, որտեղ մահափորձ է կատարվում ԱԺ նախագահի նկատմամբ, սակայն կասկածյալներին ազատ  են արձակում». Լիլիթ Ստեփանյան

«Մեր գործընկերոջը բռնության են ենթարկել, բայց դա համարժեք վերաբերմունքի չի արժանացել». Սերգեյ Բագրատյան

«Մեզ փողոցում օրական հազարավոր մարդիկ են մոտենում եւ բողոքում դատական համակարգից: Հանրությունը բողոքում է, որ վեթթինգ չենք անում». Վիկտոր Ենգիբարյան

«Այս երկու օրվա քննարկումները կազդեն քվեարկությունների արդյունքների վրա: Ո՞վ է տեսել՝ ԱԺ նախագահին ծեծած անձինք  ազատ արձակվեն: Ո՞ր երկրում նման բան կտեսնեք». Արման Եղոյան

«Հայաստանում եղավ հեղափոխություն, որովհետեւ բնակչությունն ուներ արդարության պահանջ:  Արդարությունն իրականացնում եք դուք: Եւ մեր՝ հեղափոխականների տապալումն այս 2.5 տարվա մեջ այդ արդարությունը որեւէ կերպ տեղից շարժել չկարողանալն է». Արթուր Մանուկյան

«Ես համոզմունք ունեմ, որ Հայաստանում կան բազմաթիվ պարկեշտ, արդար ու անկաշառ դատավորներ,  եւ այս երեք օրերին հնչած քննադատական խոսքն ուղղված չի եղել այդ դատավորներին եւ միտված չի եղել նսեմացնելու նրանց  աշխատանքն ու արժանապատվությունը: Առաջին հերթին Ռուբեն Վարդազարյանն է դասակարգել դատավորներին՝ պետական անվտանգությանը սպառնացող  օրհասական պահին անելով քաղաքական հայտարարություն: Այդ պահից նա դադարել է լինել դատավոր». Հայկ Կոնջորյան