Տպել
04.03.2021
Բուհի ռեկտորին ներկայացվող պահանջները կսահմանվեն տվյալ բուհի կանոնադրությամբ
1 / 1

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ կից օրենսդրական փաթեթում առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարված փոփոխություններին մարտի 4-ի նիստում անդրադարձավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

Ռեկտորի ընտրության հետ կապված առաջարկվել է ընտրանքային տարբերակ. մինչեւ երեք թեկնածու պետք է ներկայացվեին, որոնցից մեկին պետք է նշանակեր լիազոր մարմնի ղեկավարը: Փոփոխվել է դրույթը, եւ ռեկտորն ընտրվելու է խորհրդում, ապա հրամանագրվելու է լիազոր մարմնի ղեկավարի կողմից: Ռեկտորն ընտրվելու է ցուցակային կազմի կեսից ավելի ձայներ հավաքելու դեպքում: Հաջորդ փոփոխությամբ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնավարման սահմանափակումը հանվում է: Ռեկտորների ընտրության տարիքային շեմ էր առաջարկվել 65 տարին, այժմ այդ շեմը 70 տարին է: Հաջորդ փոփոխությամբ էլ ռեկտորի, ամբիոնի վարիչի, վարչական այլ ստորաբաժանումների ղեկավարների պաշտոններն առաջարկվում է համարել ակադեմիական պաշտոն: Բուհի ռեկտորին ներկայացվող պահանջները կսահմանվեն տվյալ բուհի կանոնադրությամբ, օրենքում կամրագրվի միայն գիտական աստիճանի առկայության պահանջը: «Հավատարմագրման գործընթացներում բավականին հետաքրքիր մոտեցում է առաջարկվել, ինստիտուցիոնալ եւ ծրագրային հավատարմագրման կարեւորագույն գործընթացներում ընտրվել է ավելի պարզ մոտեցում»,-ասաց նախարարը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ կոչ են անելու խորհրդարանին դեմ քվեարկել եւ նախաձեռնությունը տանել առաջին ընթերցման փուլ: Պատգամավորների առաջարկները փոփոխված տարբերակում ներառված են: «Բուհերի ակադեմիական ազատությունների իմաստով մենք բուհերին տվել են շատ լիազորություններ: Բուհերի ռեկտորների, գիտական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպում է նախատեսվում»,-ասաց Հովհաննիսյանը:

Կառավարության հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն եւ հեղինակի առաջարկով՝ պատգամավորները դեմ քվեարկեցին նախագծին: Այնուհետեւ ընդունվեց ««Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը գրավոր առաջարկների ներկայացման փուլ տեղափոխելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: