National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.3.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
03.03.2021
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԳՏՆՎՈՂ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ԵՎ ԳԵՐԵՎԱՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԿԱՆԱՆՑ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒՄԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՐԿԻ ՁԳՁԳԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ընդունվել է 03.03.2021
 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն արձանագրում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի ուղղակի աջակցությամբ եւ ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ, Արցախի դեմ սանձազերծված եւ 44 օր տեւած ագրեսիայի ավարտից հետո անցել է շուրջ չորս ամիս, սակայն Ադրբեջանում գերության մեջ են զինվորականներ եւ քաղաքացիական անձինք, այդ թվում՝ կանայք, որոնց անհապաղ հայրենադարձումը ռազմական գործողությունների ավարտից հետո միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված հրամայական պահանջ է:

Այդուհանդերձ, Ադրբեջանը, կոպտորեն ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքով միջազգային հանրության հանդեպ ստանձնած պարտավորությունները, խախտելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կիրառած միջանկյալ միջոցների պահանջները, թաքցնում է իր վերահսկողության ներքո գտնվող հայ ռազմագերիների եւ ներկալված քաղաքացիական անձանց իրական թիվը եւ անթույլատրելիորեն ձգձգում է նշված անձանց, այդ թվում՝ կանանց անհապաղ հայրենադարձման մարդասիրական գործընթացը՝ փաստացիորեն վերածելով նրանց պատանդների՝ զրկված դատական պաշտպանության որեւէ արդյունավետ միջոցից:

«Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնեւի կոնվենցիայի 118-րդ հոդվածի համաձայն՝ «Ռազմագերիներն ազատվում եւ հայրենադարձվում են անմիջապես ակտիվ ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո»: «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնեւի կոնվենցիայի 133-րդ հոդվածի 1-ին մասը նաեւ սահմանում է. «Ներկալումը պետք է դադարի որքան հնարավոր է շուտ՝ ռազմական գործողությունների ավարտից հետո»:

«Բռնությամբ անհետացած անձանց պաշտպանության մասին» 2007 թվականի փետրվարի 6-ի միջազգային կոնվենցիան սահմանում է, որ ոչ ոք չպետք է ենթարկվի բռնությամբ անհետացման, նույնիսկ պատերազմական իրավիճակում: Գերիների առկայության փաստի ժխտումը կամ անհետացած անձի ճակատագրի կամ գտնվելու վայրի մասին տեղեկությունները թաքցնելը համարվում է միջազգային հանցագործություն:

Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետում ամրագրված է. «Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»: Հայկական կողմերն ամբողջությամբ իրականացրել են միջազգային մարդասիրական իրավունքից բխող իրենց պարտավորությունները, մինչդեռ Ադրբեջանը հետեւողականորեն հրաժարվում է հայրենադարձել իր մոտ ապօրինաբար գտնվող բոլոր ռազմագերիներին, պատանդներին եւ պահվող այլ անձանց: Ավելին, Ադրբեջանը, շինծու քրեական հետապնդման ապօրինի գործընթաց նախաձեռնելով, փորձում է իր վերահսկողության ներքո գտնվող հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց զրկել Ժնեւի կոնվենցիաներով սահմանված կարգավիճակից՝ նրանց չտրամադրելով նշված կոնվենցիաներով նախատեսված իրավունքները, արտոնությունները եւ այլ երաշխիքներ:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանում հայատյացության ու կազմակերպված թշնամանքի քաղաքականության պայմաններում Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց հայրենադարձումը խոչընդոտելը եւ արձանագրում, որ գերիներին չվերադարձնելու Ադրբեջանի այս բացարձակ անթույլատրելի վարքագիծը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի անկյունաքարային դրույթները, կոպտորեն ոտնահարում է Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունները՝ խաթարելով ժամանակակից միջազգային հարաբերությունների բուն էությունը եւ վտանգելով մարդու իրավունքների պաշտպանության միջազգային եւ տարածաշրջանային համակարգերի նկատմամբ վերաբերմունքը:

Ելնելով վերը նշվածից՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կոչ է անում միջազգային բոլոր կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, միջազգային հանրությանը եւ միջազգային ու տարածաշրջանային իրավապաշտպան կազմակերպություններին՝ խիստ գնահատել եւ դատապարտել Ադրբեջանի վերոնշյալ վարքագիծը:
 


03.03.2021
Կառավարության անդամները պատասխանեցին պատգամավորների հարցերին
«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ մարտի 3-ի վերջին նիստում ՀՀ կառավարության անդամները պատասխանեցին պատգամավորների հարցերին:...

03.03.2021
ԲԴԽ նախագահը պատասխանեց ԱԺ պատգամավորների հարցերին
ԱԺ մարտի 3-ի նիստում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը պատասխանեց պատգամավորների հարցերին, որոնց  մեծ մասը վերաբերում էր իր՝ 2020-ի նոյեմբերի 15-ին արված հայտարարությանը, որում մասնավորապես գրված է. «Այսօր է վերջնական տրվելու շուրջ երկու տարի հանրությանն ալեկոծած եւ դատավորներիս համար ամոթալի չար...

03.03.2021
Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրելու համար օրենսդիրները քննարկեցին ԲԴԽ-ի առաջադրած թեկնածությունները
«Արսեն Մկրտչյանը բազմափորձ դատավոր է եւ վայելում է գործընկերների հարգանքը դատական իշխանությունում»,-ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներից Արսեն Մկրտչյանի կենսագրական տվյալները եւ մասնագիտական որակները խորհրդարանին ներկայացնելիս: Ի պատասխ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am