Տպել
09.03.2021
Քննիչ հանձնաժողովի հարցերին պատասխանել են մի շարք գերատեսչություններ
1 / 7
«Հայաստան համահայկական հիմնադրամին «COVID-19 Հայաստան. միասին հաղթահարենք համաճարակը» ծրագրի շրջանակում 2020-ի մարտի 13-ից մինչեւ օգոստոսի 27-ը փոխանցվել է 325 մլն 608 հազար 555 դրամ, որից 154.8 մլն-ը՝ մասնավոր կազմակերպություններից: 18 մլն 115 հազար դրամ փոխանցվել է  արտերկրում բնակվող մեր հայրենակիցներից, 152 մլն 675 հազարը՝ հիմնադրամի՝ Սփյուռքում գործող կառույցներից»,-հայտարարեց COVID-19-ի հետեւանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը մարտի 9-ին հրավիրված նիստի ընթացքում:

Հիմնադրամին ուղարկված միջոցների մի մասն ուղղվել են բժշկական պարագաների ու սարքավորումների ձեռքբերմանը, շտապ օգնության անձնակազմերի ֆինանսական աջակցությանը, Երեւանի եւ մարզերի կարիքավոր ծերերին ամենամսյա սննդի մատակարարմանը:

«Հիմնադրամի պատասխաններն ամբողջական կլինեն միայն հոգաբարձուների խորհրդի կողմից ներկայացվող տարեկան հաշվետվությունից հետո»,-հավելեց հանձնաժողովի նախագահը:

Քննիչ հանձնաժողովի 251 հարցից բաղկացած հարցաշարին պատասխանել են նաեւ ԿԳՄՍ, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություններից, Վայոց ձորի մարզպետարանից եւ Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատից:

Ըստ ԿԳՄՍ նախարարության պատասխանի՝ նախորդ տարի գնվել է 1 մլն 926 հազար դրամի ապրանք, մատուցվել՝ 376 հազար դրամի ծառայություն: Ձեռք են բերվել բժշկական դիմակներ, ձեռնոցներ, ախտահանիչ նյութեր եւ ջերմաչափներ:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ծավալուն պատասխանը քննիչ հանձնաժողովը դեռ ուսումնասիրում է:

Կառավարությունը եւ Կենտրոնական բանկը ժամկետ են խնդրել հարցմանը պատասխաններ տրամադրելու համար: