Տպել
10.03.2021
Քննարկվեց «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագծի ընդունման նպատակահարմարությունը
1 / 14

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն անհայտ կորած անձանց իրավական կարգավիճակը հստակեցնելու անհրաժեշտություն է տեսնում:

«Այսօր կքննարկենք շատ կարեւոր թեմա՝ «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նպատակահարմարության եւ ընդունման հարցը: Կարիքների գնահատման փուլում  կկարողանանք ամրագրել խնդիրները, որոնք առաջացել են տարբեր գերատեսչություններում, մինչ օրինագիծը կդրվի շրջանառության մեջ: Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում նման իրավական ակտի անհրաժեշտություն իրապես ունենք: Կարեւորում եմ ներկաների կարծիքը»,-նշեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանը:

Պատգամավորը հայտնեց, որ նախագիծը մշակվել է դեռեւս 2006 թվականին, սակայն  հարցի քննարկումը հետագա տարիներին որոշ գերատեսչություններ համարել են ժամանակավրեպ:

«44-օրյա պատերազմից հետո առաջացել են հարցեր, որոնց ամեն օր բախվում ենք»,-ասաց Նազելի Բաղդասարյանը՝ հավելելով, որ դրանք վերաբերում են անհայտ կորած անձանց կարգավիճակին, նրանց հարազատների սոցիալական երաշխիքներին: Պատգամավորը տեղեկացրեց, որ նախատեսում են լրամշակել սաղմնային փուլում գտնվող օրենսդրական նախաձեռնությունը՝ հիմք ընդունելով եղած նախագծերը: «Ունենք խնդիր, եւ մեր նպատակը մեկն է՝ լուծում տալ այդ խնդրին»,- եզրափակեց  Բաղդասարյանը:

Տեղեկացվեց, որ անհետ կորած անձանց վերաբերող երկու փաստաթուղթ կա նաեւ ԵԽԽՎ-ում, որոնցից առաջինը վերաբերում է Բալկանյան թերակղզում, երկրորդը՝ Հարավային Կովկասի հակամարտությունների ընթացքում անհետ կորած անձանց խնդիրներին: Ի դեպ, ԵԽԽՎ-ի կողմից ընդունված բանաձեւում հստակ նշված է եղել, որ կառույցը ողջունում է «Անհայտ կորած անձանց մասին» ՀՔԱՎ գրասենյակի մշակած օրենքի նախագծի ընդունումը, որը, սակայն, ժամանակին տեղի չի ունեցել:

ՀՀ պաշտպանության եւ արդարադատության նախարարությունների ներկայացուցիչները ներկայացրին նախագծի վերաբերյալ իրենց առարկությունների նախապատմությունը: Պաշտպանության նախարարության դիրքորոշումն այն է, որ անհայտ բացակայող անձանց ու նրանց հարազատների սոցիալական վիճակին վերաբերող հարցերը կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով եւ  «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով: Նախարարության ներկայացուցիչ Սասուն Սիմոնյանը հայտնեց, որ մոտ մեկ ամիս առաջ արդարադատության նախարարության ներկայացրած օրենքի նախագիծը լրամշակման կարիք ունի՝ հաշվի առնելով դրանում տեղ գտած խնդրահարույց ձեւակերպումներն ու մտահոգիչ դրույթները:

Հարցի քննարկումը շարունակվեց դռնփակ ձեւաչափում: