Տպել
10.03.2021
Առաջարկվում են պատմամշակութային արժեքների պահպանման գործընթացին եւ ներդրողին չվնասող օրենսդրական լուծումներ
1 / 7

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի «Ներդրումների խթանման հարցերով» աշխատանքային խմբի նախաձեռնությամբ մարտի 10-ին խորհրդարանում կայացավ քննարկում: Առանցքում «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածում ու «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն են:

Հանդիպմանը հրավիրված են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, Ներդրումների աջակցման կենտրոնի ներկայացուցիչները:

Աշխատանքային խմբի ղեկավար Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացրեց հիմնական փոփոխությունները. առաջարկվում է օրենքի ընդունումից ի վեր պետական եւ համայնքային հողի վրա կառուցված ինքնակամ կառույցների օրինականությունն արգելել եւ օրենքի ուժով ճանաչել մինչ օրս կառուցված ինքնակամ կառույցների օրինականությունը ու պետական գրանցումը, եթե կառուցապատումն իրականացվել է Կառավարության որոշմամբ նախատեսված չափանիշներին համապատասխան: Բացառություն կկազմեն համապատասխան շինարարական թույլտվության փաստաթղթեր չունենալու դեպքերը:

Հաջորդ խնդիրն առնչվում էր տնտեսվարողների իրավունքների պաշտպանությանը: Հաճախ պետությունը թույլատրում է տնտեսվարող սուբյեկտին շինարարություն իրականացնել, սակայն ընթացքում պարզվում է, որ տարածքը հատուկ պահպանման է, եւ շինարարությունը դադարեցվում է: «Այդ իրավիճակն ուզում ենք բացառել, այսինքն՝ պետությունն ի սկզբանե ասի՝ սա հատուկ պահպանման տարածք է, թե ոչ: Եթե հատուկ պահպանման տարածք չէ, ապա շինարարությունը  թույլատրվում է եւ ընթացքում ոչինչ հնարավոր չէ փոխել: Իսկ եթե շինարարության ժամանակ հայտնաբերվում են հուշարձաններ կամ  հնագիտական արժեք ներկայացնող իրեր, ապա պեղումները կատարվեն տնտեսվարող սուբյեկտի կողմից՝ առանց շինարարությունը կասեցնելու»,-նշեց Բաղդասարյանը:

Ներդրումների աջակցման կենտրոնի ներկայացուցիչներն ահազանգում են՝ բազմաթիվ ներդրումային ծրագրեր իրականություն չեն դառնում, քանի որ տնտեսվարողները բախվում են օրենսդրական խնդիրների: Պետք է գտնել համադրելի տարբերակ, որի արդյունքում չի տուժի ներդրողը եւ չեն վնասվի պատմամշակութային կոթողները: Նախարարության ներկայացուցիչները պնդեցին, որ ներդրումային ծրագիրն օրենսդրական որոշակի ընթացակարգերի պետք է բավարարի:

«Նախարարության կողմից արվում են սահմանափակումներ հուշարձանների պահպանության նպատակով: Ճիշտ չէ առաջնորդվել միայն ներդրողի շահով»,-փաստեց ԿԳՄՍ նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը:

ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի  տնօրենի պարտականությունները կատարող Հովհաննես Սանամյանի խոսքով՝ հուշարձանի տարածքում միայն հուշարձանների պահպանման եւ վերականգնման աշխատանքներ պետք է իրականացվեն:

Հուշարձանների պահպանման գոտիների հստակեցմանը եւ շինությունների տվյալների բազան էլեկտրոնային հարթակ տեղափոխելուն անդրադարձավ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար Անդրանիկ Մուրադյանը:

ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանը կարեւորեց օրենսդրական լուծումները, որոնք չեն վնասի ոչ ներդրողին, ոչ պատմամշակութային արժեքների պահպանման գործընթացին: Նա առաջարկեց խնդրին լուծում տալ օրենսդրական ճանապարհով եւ կոնկրետ դեպքերի ուսումնասիրմամբ: «Տնտեսվարողը հստակ պետք է իմանա, թե ինչ սահմանափակումներ կան այդ տարածքում»,-ասաց պատգամավորը:

Կադաստրի վկայականում հողի կատեգորիան նշելու առաջարկ հնչեց:

Ձեռք բերված փոխհամաձայնության արդյունքում եթե պետությունն արգելի տնտեսվարողին շինարարություն կատարել, ապա պետք է հատուցի ոչ միայն  վնասը, այլ նաեւ չստացված օգուտը:

Քննարկվեց այն հարցը, թե որն է ավելի վնաս պետությանը՝ թույլատրել կատարել շինարարությունը, թե՞ կասեցնել այն եւ փոխհատուցում տրամադրել: «Կա Իտալիայի եւ Ֆրանսիայի փորձը. թույլատրվում է այդ վայրերում շինարարություն իրականացնել, սակայն տնտեսվարող սուբյեկտի վրա դրվում է այդ հուշարձանները պահպանելու պարտականություն, այսինքն՝ ծախսերն իր վրա է վերցնում, սակայն միաժամանակ հարկային որոշակի արտոնությունից է օգտվում»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
 


10.03.2021
Քննարկվեց «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագծի ընդունման նպատակահարմարությունը
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն անհայտ կորած անձանց իրավական կարգավիճակը հստակեցնելու անհրաժեշտություն է տեսնում: «Այսօր կքննարկենք շատ կարեւոր թեմա՝ «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նպատակահարմարության եւ ընդունման հարցը: Կարիքների գնահատման փուլում  կկարողա...

10.03.2021
Գեղամ Հովեյանը՝ Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 10-ի արտահերթ նիստում քննարկվեց Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած Գեղամ Հովեյանի թեկնածությունն Ազգային ժողովին առաջարկելու հարցը: Պատգամավոր Կարեն Գրիգորյանը ներկայացրեց թեկնածուի կե...

10.03.2021
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը աշխատանքի կանցնի մասնավոր ոլորտում
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը մասնավոր հատվածում աշխատանքի անցնելու նպատակով աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Տիգրան Գալստյանին իր հետագա գործունեության մեջ մաղթում ենք  նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ: ...

10.03.2021
«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ուղիղ հեռարձակում
«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ուղիղ հեռարձակումը՝ այստեղ:   ...

10.03.2021
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին նախատեսված արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ...