Տպել
11.03.2021
Քաղաքական երկխոսությունը խորհրդարանների միջեւ չի ընդհատվել
1 / 3

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մարտի 11-ին հանդիպեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆի հետ:

Խմբակցության ղեկավարը նշեց, որ բարեկամական հարաբերությունները երկու պետությունների եւ խորհրդարանների միջեւ ներդաշնակ զարգանում են: «Հատկապես 2019-ի ընթացքում բավականին ակտիվացել էին բարձրաստիճան փոխայցերը: Ցավոք, COVID-19-ի պատճառով անմիջական շփումները եւ պաշտոնական պատվիրակությունների փոխայցերը ժամանակավորապես ընդհատվեցին: Չնայած այդ հանգամանքին՝ գոհունակությամբ նշեմ, որ քաղաքական երկխոսությունը խորհրդարանների միջեւ չի ընդհատվել: Շարունակվում են գործնական շփումները ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի միջեւ»,-նշեց Լիլիթ Մակունցը՝ համագործակցության համատեքստում կարեւորելով նաեւ Բունդեսթագի կողմից հովանավորվող «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի իրականացման շարունակականությունը:

Լիլիթ Մակունցը բարձր գնահատեց տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման եւ փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանն ուղղված գերմանական կողմի ջանքերը: Նրա խոսքով՝ գնահատելի էին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի կապակցությամբ նախորդ տարվա հոկտեմբերի 29-ին Բունդեսթագում կայացած քննարկումները:

Խորհրդարանական խմբակցության ղեկավարը արժեւորեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի հարցով 2021 թվականի մարտի 4-ին Գերմանիայի Բունդեսթագում տեղի ունեցած հատուկ քննարկումը:

Երկուստեք կարեւորվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերջնական կարգավորման ուղղությամբ բանակցությունների շարունակությունը:

Լիլիթ Մակունցն առանցքային համարեց արցախահայության ինքնորոշման իրավունքի՝ առանց սահմանափակումների իրացման եւ ըստ այդմ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական հստակեցման հարցերը: Անդարադարձ կատարվեց նաեւ Ադրբեջանի կողմից գրավված հայկական տարածքների դեօկուպացիայի խնդրին:
 


11.03.2021
Քննարկում «Ատելության խոսքի կարգավորումը համացանցում» թեմայով
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովին կից ատելության խոսքի կանխարգելմանն ուղղված օրենսդրական հիմքերի մշակմամբ զբաղվող աշխատանքային խումբը մարտի 11-ին քննարկեց «Ատելության խոսքի կարգավորումը համացանցում» թեմայով հետազոտությունը: Առաջարկներ են ներկայացված համաց...

11.03.2021
Արարատ Միրզոյանի հայտարարությունը Մարալ Նաջարյանի՝ ադրբեջանական գերությունից ազատվելու կապակցությամբ
Մեր հայրենակցուհի Մարալ Նաջարյանն ազատվեց ադրբեջանական գերությունից եւ արդեն գտնվում է Լիբանանում: Այս կապակցությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, ով արձագանքեց Տաթեւ Հայրապետյանի կողմից նախաձեռնած ԱԺ բոլոր կին պատգամավորների...